ՌՈՒՍՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԷՑ-երի մամուլի քարտուղարը երեկ խիստ լակոնիկ` մեկ նախադասությամբ, իրականությանը ոչ համապատասխան էր համարել «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված լուրը, որ ընկերության բաժնեմասերի 20 տոկոսը վաճառվելու է ֆրանսիացիներին: Մինչդեռ «Ռեգնում»-ը, որը համարվում է Կրեմլի աշխատակազմի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոց, անուղղակիորեն հաստատել էր տեղեկությունը, թե ինչու պետք է «Ինտեր Ռաո հոլդինգ»-ը շահագրգռված լիներ վաճառել իր բաժնետոմսերի մի մասը:Խիստ պերճախոս վերնագրով` «Պուտինը Հայաստան է գնում` փրկելու նրա էներգահամակարգը եւ ռուսաստանյան ներդրումնե՞րը», նաեւ «Ժողովուրդ»-ին հղում անելով` կայքը ներկայացրել է ՀՀ էներգահամակարգում ռուսական ներդրումների անմխիթար վիճակը` «ռուսաստանյան ներդրումներն ավելի շատ քաղաքական են եւ առայժմ զրկված են ակնառու տնտեսական հեռանկարներից» ձեւակերպմամբ: Ըստ հոդվածագրի` ՀՀ էներգահամակարգն այսօր կանգնած է սեփական ավելցուկային արտադրության իրացման խնդրի առջեւ, ինչին մասնավորապես նպաստում են քաղաքական խնդիրները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, եւ ինչի հետեւանքով այս երկրների էլեկտրամատակարարման շուկան Հայաստանի համար փակ է: Եւ մյուս կողմից էլ` ԱՄՆ աջակցությամբ հարեւան Վրաստանն է հզորացնում իր էներգետիկ պոտենցիալը` ձգտում ունենալով հասնել այն այլ երկրներ արտահանելուն: Այս պայմաններում հայկական էլեկտրաէներգիայի միակ գնորդը մնում է հարեւան Իրանը, որի պարագայում, ինչպես մատակարարումներն են կրում սեզոնային բնույթ, այնպես էլ գործարքն է բարտերային` «հոսանք գազի դիմաց» սկզբունքով: Հետեւաբար, ՀՀ էներգահամակարգում արված ռուսաստանյան ներդրումներն ավելի շատ քաղաքական են եւ առայժմ «զրկված են ակնառու տնտեսական հեռանկարներից»: Նաեւ հղում անելով լրատվամիջոցի անանուն աղբյուրներին` տեղեկացվում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի էներգետիկ գերատեսչությունները նախապատրաստում են ռազմավարական փաստաթուղթ` ՀՀ էներգահամակարգի զարգացման նոր ծրագիր, որի ստորագրմանը մասնակցելու  համար, հնարավոր է, այս տարվա նոյեմբերին Հայաստան ժամանի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:




Լրահոս