ՄԻՊ-Ը ԽՆԴԻՐՆԵՐ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով ուսումնասիրություն է նախաձեռնել եւ պարզաբանումների պահանջով գրություններ հասցեագրել իրավասու պետական մարմիններին: Խնդրի բազմակողմանի եւ համապարփակ ուսումնասիրության նպատակով Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել Վանաձոր քաղաք: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ հասարակական կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչների, ավագանու մի շարք անդամների, ինչպես նաեւ մշակույթի պալատի տնօրենի հետ:

 

Այս պահի ուսումնասիրության արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է հետեւյալ հիմնական խնդիրները՝

  1. չի ապահովվել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը թեքահարթակի քանդման վերաբերյալ որոշման կայացման գործընթացին,
  2. մշակույթի պալատի կողային մուտքերը, որոնք առաջարկվել էին որպես խնդրի լուծում, մատչելի եւ հասանելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս առնչությամբ Պաշտպանն արձանագրում է, որ կողային մուտքերը մատչելի եւ հասանելի դարձնելով՝ այդուհանդերձ, պետությունը չի երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման իրավունքի լիարժեք եւ արժանապատիվ իրացման հնարավորությունը, քանի որ գլխավոր մուտքը չի ապահովում նման հնարավորություն:

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի կարգավորման տեսանկյունից կարեւոր է համարում հետեւյալ սկզբունքների ապահովումը՝

  1. մշակույթի պալատի գլխավոր մուտքը պետք է լինի մատչելի եւ հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ առանց խտրականության,
  2. մշակույթի պալատի մուտքի մատչելիությունն ապահովող ցանկացած լուծում պետք է դիտարկվի ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց՝ դրա օգտագործման հաճախականությունից ելնելով, այլ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման պետության պարտավորությունների համատեքստում,
  3. մշակույթի պալատի գլխավոր մուտքն ապահովող ցանկացած լուծում պետք է լինի այնպիսին, որ երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն տեղաշարժվելու իրավունքի իրացումը՝ առանց լրացուցիչ աջակցության անհրաժեշտության: Այս նպատակով համայնքը պետք է ապահովի հավասար հնարավորություններ յուրաքանչյուր անձի համար՝ անկախ հաշմանդամությունից,
  4. մշակույթի պալատի տնօրինությունը պետք է երաշխավորի խնդրի լուծման ցանկացած տարբերակի անխափան եւ անվտանգ շահագործումը՝ անկախ մշակույթի պալատում միջոցառման առկայությունից,
  5. հաշմանդամություն ունեցող անձինք պետք է լիարժեք ներգրավված լինեն իրենց առնչվող հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, որն ապահովում, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն, Պաշտպանին վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաեւ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման եւ պաշտպանության գործառույթները:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱՌԱՋԱՐԿ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը երկու նոր առաջարկ է ներկայացրել ԱԺ ամսական ցմահ պատվովճար տրամադրելու վերաբերյալ:

Ջուլֆալակյանը նշել է. «Ամսական ցմահ պատվովճար տրամադրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող եւ ՀՀ-ում մշտական բնակվող այն մարզիչներին (հավաքականի գլխավոր մարզիչ եւ անձնական մարզիչ), ովքեր իրենց գործունեության ընթացքում պատրաստել են Օլիմպիական խաղերի չեմպիոններ եւ մրցանակակիրներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ եւ մրցանակակիրներ, ինչպես նաեւ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի եւ շախմատի աշխարհի չեմպիոններ։ Առաջարկել եմ գնահատել յուրաքանչյուր մարզչի գրանցած երկու լավագույն արդյունքը եւ պատվովճարի չափ սահմանել այդ երկուսի հանրագումարը։
Որպես պատվովճարի չափ առաջարկել եմ՝
օլիմպիական չեմպիոնի հավաքականի գլխավոր մարզչին, անձնական մարզչին- 100 000 դր.,
2. ՕԽ-ի 2-րդ մրցանակակրի հավաքականի գլխավոր մարզչին, անձնական մարզչին- 70 000դր.,
3. ՕԽ-ի 3-րդ մրցանակակրի հավաքականի գլխավոր մարզչին, անձնական մարզչին- 50 000դր.,
4. Աշխարհի չեմպիոնի հավաքականի գլխավոր մարզչին, անձնական մարզչին- 50 000դր.:
Կարծում եմ՝ այս առաջարկի ընդունումը կարեւոր ուղերձ կլինի մարզաշխարհին առ այն, որ մարզիչ-մանկավարժի մասնագիտությունն ու գործունեությունը շատ կարեւորվում է ՀՀ-ում։ Սա կլինի նաեւ ծանրակշիռ աջակցություն՝ ուղղված մարզիչ-մանկավարժների սոցիալական վիճակի բարելավմանը։
Ամենամսյա թոշակ նշանակել Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի (անհատական եւ թիմային), ինչպես նաեւ շախմատ մարզաձեւի մեծահասակների ՀՀ առաջնության չեմպիոններին մեկ տարի ժամկետով՝ մինչեւ հաջորդ տարվա ՀՀ առաջնությունը։ Որպես ամենամսյա թոշակի չափ առաջարկել եմ սահմանել 50 000 դր.։
Կարծում եմ՝ նման մոտեցումը կարեւոր խթան կհանդիսանա հատկապես դեռեւս ոչ տիտղոսակիր մարզիկների համար, ովքեր հիմնականում եկամտի այլ աղբյուր չունեն, եւ հնարավորություն կընձեռի վերջիններիս ինչ-որ չափով հոգալ սպորտային նվազագույն կարիքները։
Այն նաեւ է՛լ ավելի կբարձրացնի ՀՀ առաջնության դերակատարությունն ու կարեւորությունը մարզիկների համար»:

 

ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ ԱՆՀԵՏԱՑԱԾ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԷԼ Է  ՄԵԿՈՒՍԱՑԵԼ

Տավուշի մարզի  Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա  բնակիչ Վահագն  Մամյանն  անհետ կորած է։  ՀՀ ոստիկանությունը հաղոդագրություն է տարածել, որ նրա մասին տեղեկութուն ունեցողները հայտնեն ոստիկանության Տավուշի մարզային  վարչության Նոյեմբերյանի բաժին։ Նոյեմբերյան քաղաքում լավ են  ճանաչում Վահագն Մամյանին, ով աշխատել է սննդի առաքման  Նոյեմբերյանի  կետերից մեկում, որի միջոցով տարածաշրջանի գյուղեր սնունդ է առաքել: Նա  հաշվառված չէ որպես հոգեկան հիվանդ։  Նա  տարիներ առաջ  ամուսնացել է նախկինում ամուսնացած, երկու երեխաներ  ունեցող կնոջ հետ, որից զույգ աղջիկներ է ունեցել, հետո ամուսնալուծվել: Ներկայումս այդ կինը իր երեխաների հետ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։  Նոյեմբերյան քաղաքից հայտնեցին, որ Վահագն  Մամյանը ապրում էր  իր ծնողների հետ, նախկինում  2 անգամ անհետացել է, ապրել առանձնացման մեջ, սակայն որոշ  ժամանակ անց ներկայացել է։ Ոստիկանության  Նոյեմբերյանի բաժնից հայտնեցին, որ Վահագն  Մամյանը  անհետացել է հուլիսի 15-ին, նրա հարազատներն ավելի  ուշ  են հայտնել նրա անհետացման մասին։ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկությունների համաձայն՝  Վահագն Մամյանին  տեսնողներ  են  եղել Նոյեմբերյանի սարերում,  հույս կա, որ  նա նախկինի նման ողջ-առողջ կվերադառնա հարազատների մոտ:

 

 

ԳՈՐԾԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ՝  ԻՋԵՎԱՆՈՒՄ

Իջեւանի համայնքապետարանը սկսել   է ճանապարհի նորոգման աշխատանքներ քաղաքի Բլբուլյան փողոցում: Քանի որ բնակիչներին առաջարկվել էր այս ընթացքում օգտվել շրջանցիկ ճանապարհներից, Իջեւանի համայնքապետարանի նախաձեռնությամբ իրականացվել են Տերյան եւ  Ասլանյան փողոցների խճապատման աշխատանքներ: Երթեւեկն ավելի դյուրին դարձնելուց հետո վարորդներին կրկին հորդորել   են օգտվել շրջանցիկ ճանապարհներից: Տավուշի մարզկենտրոնի  Երիտաարդական փողոցի 5-րդ շենքի բնակիչները   հայտնում են, որ իրենց  շենքի բակը գտնվում է անբարեկարգ վիճակում, անձրեւներից առաջացած  ջրափոսերի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում նորմալ երթեւեկել, երեխաներն էլ չեն կարողանում բակում  խաղալ։ Բացի այդ, շենքից, ուրիշ այլ բազմաբնակարան  շենքերից երթեւեկն է իրականացվում այդ բակով:  Նրանք Իջեւանի քաղաքապետի  պաշտոնակատար Հայկ Ղալումանին  խնդրում են իրենց շենքի բակն էլ  բարեկարգել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳԱՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս