Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստում ընդունվեց «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Ըստ այդմ, հաստատվեց վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը եւ չափանիշները: Ընդ որում, օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Այսպիսով, բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն շինությունում, եւ կարող են զբաղեցնել նշված շինություններն ամբողջությամբ կամ զբաղեցնել այդ շինության մեջ առանձնացված մեկ միասնական ոչ բնակելի տարածքը:

Բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն այն շինությունում, որը`

1) Երեւան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի վարչական կենտրոնում  եւ Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում  եւ Սեւան համայնքի վարչական սահմաններում,  Արարատի, Արմավիրի, Արագածոտնի,  Լոռու եւ Շիրակի մարզերի  վարչական կենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնում եւ Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտրոնում եւ Մեղրի համայնքի վարչական սահմաններում եւ Տավուշի մարզի վարչական կենտրոնում ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որեւէ կրթական եւ պատմամշակութային հաստատություններից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից,

2) վիճակախաղի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված շենք-շինությունների՝ խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների`  յուրաքանչյուր սպասարկման սրահի ընդհանուր մակերեսը չի գերազանցում 200 քառակուսի մետրը: Վիճակախաղերի կազմակերպիչները պարտավոր են ապահովել նաեւ առնվազն նախասրահի, դրամարկղի, սանհանգույցի առկայությունը,

3) նախասրահը պետք է գտնվի խաղասրահի կամ բուքմեյքերական գրասենյակի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահում, որտեղ պետք է իրականացվեն հաճախորդների նույնականացումը՝ բացառելով քսանմեկ տարին (վիճակախաղի դեպքում՝ տասնութ տարին)  չլրացած ֆիզիկական անձանց եւ լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մուտքը խաղասրահ կամ  բուքմեյքերական գրասենյակ:

Նշենք, որ այս նախագիծը երկար ժամանակ հանրային քննարկում էր անցել: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մի շարք առաջատար երկրներում սահմանմանափակումները կիրառվում են՝ կախված բնակչության թվաքանակից, խտությունից (Ֆրանսիայում խաղային հաստատություններ չեն կարող բացվել 500 հազարից պակաս բնակչություն ունեցող քաղաքներում, Պորտուգալիայում՝ մեկ խաղատուն բացել մինչեւ 150 հազար բնակչություն ունեցող քաղաքներում, երկուսը՝ 150 հազարից մինչեւ 250 հազար, եւ երեքը՝ ավելին, քան 250 հազար բնակիչ):

Ուսումնասիրելով վերը նշված կարգավորումները՝ նախագծի մշակման համար հիմք են ընդունվել ՀՀ առանձնահատկությունները եւ ոլորտում իրականացվող քաղաքականության սկզբունքները՝ զերծ պահել հասարակության խոցելի խմբերին վիճակախաղերով հրապուրվելու վտանգից՝ ելնելով տարածքային համաչափ զարգացման ռազմավարությունից եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով կիրառված տարածքային սահմանափակումներից,  խաղային ոլորտում մեկ միասնական մոտեցում ձեւավորելու նպատակով,

Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Գեղարքունիքի մարզի Սեւանի համայնքներում` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքներում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որեւէ կրթական եւ պատմամշակութային հաստատություններից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից:

Ն.Պ.

 

 

ԳՈՒՅՔԸ ԿՀԱՆՁՆԵՆ ՀԱՄԱԼԻՐԻՆ

Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող 651 973 ՀՀ դրամ սկզբնական արժեքով «ԳԱԶ 13» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը՝ 058 HH 01) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կհանձնվի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը այն վերանորոգելու եւ որպես ցուցադրական նմուշ կազմակերպության տարածքում տեղադրելու համար (այսուհետ՝ գրանցման համար՝ 264.210.864444):

 

Այսպիսի որոշում կայացվեց կառավարության նիստի ժամանակ: Նաեւ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվեց սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ գործարքից բխող ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:

Բանն այն է, որ Պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Կարեն Դեմիրճյանին նախկինում սպասարկող «ԳԱԶ 13» մակնիշի տրանսպորտային միջոցն անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը հանձնելու խնդրանքով այն վերանորոգելու եւ որպես ցուցադրական նմուշ ՊՈԱԿ-ի տարածքում տեղադրելու նպատակով:

Եվ հիմք ընդունելով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպության դիմումը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն մշակել է «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող «ԳԱԶ 13» մակնիշի տրանսպորտային միջոցն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը:

Ն.Պ.

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ

Տավուշի մարզում՝ Հայաստան- Վրաստան միջպետական ավտոճանապարհին, հաճախ կարելի է տեսնել ընտանի կենդանիների: Բնակավայրերի տարածքով ձգվող ճանապարհին վարորդները հանդիպում են առավոտյան արոտավայր տարվող կամ իրիկունը այնտեղից բերվող կովերի նախիրների, ոչխարի հոտերի: Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին թափառող նախիրներ եւ ձիերի երամակներ կան: Տավուշցի վարորդներն ասում են, որ  գիշերները իրենք երբեմն չեն նկատում ճանապարհինն գտնվող ձիերին: Տավուշում՝ միջպետական ճանապարհին, անասունների հետ բախման հետեւանքով շատ ավտոմեքենաների տերեր են դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից: Զբոսաշրջությունը Տավուշի մարզի զարգացման գերակա ուղղություններից է հռչակված, քանզի մարզը գեղեցիկ բնություն ունի եւ պատմաճարտարապետական նշանավոր կոթողներ: Տավուշի մարզ այցելող կամ մարզի տարածքով Վրաստան մեկնող արտասահմանցիները, տեսնելով ճանապարհի մեջտեղում նստած կովերը, կարող են կարծել, որ Հնդկաստանում են, ուր կովերը սրբազան կենդանի են համարվում: Կովերը հայտնվում են  նաեւ մարզի քաղաքների՝ Նոյեմբերյանի, Իջեւանի, Դիլիջանի փողոցներում։

Իջեւան քաղաքի կենտրոնում՝ Քանդակների այգում՝ ծառուղիներում, երբեմն կարելի է տեսնել թափառող կովերի արտաթորանք։ Կովերը երբեմն հասնում են Տավուշի մարզպետարանի շենքի մոտ։ Դիլիջան քաղաքի կենտրոնում՝ Մատինովի աղբյուրի մոտ, օրերս նախիր է նկատվել։ Տավուշի մարզի ճանապարհներին հայտնվող անասունների խնդիրը տարիներ շարունակ առկա է, սակայն չի լուծվում:  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը  որոշել է  պայքարել այդ երեւույթի դեմ։

Մարզպետը օգոստոսի 21-ին որոշում է ընդունել մարզի տարածքով հանրապետական եւ միջպետական ավտոճանապարհներին մշտադիտարկման աշխատանքներ իրականացնող աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որի ղեկավար է նշանակել Տավուշի մարզպետարանի տարածքային ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Աղաբեկ Գալստանը, անդամներ՝ մարզպետարանի պաշտոնյաներ։ Աշխատանքային խումբը մշտադիտարկում կիրականացնի մարզի ավտոճանապարհներին, արգելված տեղերում անասուններ պահելու վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացնի համայնքների ղեկավարներին, որպեսզի նրանք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմեն եւ այսուհետ կանխեն նման դեպքերը։ Մարզպետը համայնքների ղեկավարներին առաջարկել է համայնքներում կազմել  համապատասխան աշխատանքային խմբեր։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս