Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ» ԱԼՈՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում 2020թ. օգոստոսի 10-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել էր «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի եւ, այսպես կոչված, «զոն նայող» հանդիսացող քրեական հեղինակության՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու եւ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդրին վերաբերող վեճը լուծելու համար քաղաքացու կողմից դիմելու դեպքեր:

 

2020թ. օգոստոսի 13-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, մեղադրանք է առաջադրվել նույն օրը ձերբակալված քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, քրեական աշխարհում Ալո մականունով հայտնի «օրենքով գող» Ա. Մ.-ին, իսկ նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակից, քրեական հեղինակություն համարվող, Տիզ մականվամբ հայտնի Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննություն կատարող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, սակայն, քննության արդյունքում մերժել էր միջնորդությունները՝ իրենց մեղսագրվող արարքների կատարմանը նշված անձանց հնարավոր մասնակից լինելու հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ՝ այդպիսով նաեւ չանդրադառնալով միջնորդված խափանման միջոցի հիմքերին:

2020թ. օգոստոսի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից բողոքներ են ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումները եւ կայացնել նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատական ակտեր:

Քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 8-ի որոշմամբ մասնակի բավարարել է մեղադրյալ Ա.Մ.-ի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը եւ գործն ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության:

ՀՀ վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնավոր է համարել ներկայացված բողոքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հիմնավորումները՝ մեղսագրվող արարքների կատարմանը նշված անձանց հնարավոր առնչություն ունենալու հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված լինելու եւ Առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն, չպատճառաբանված որոշում կայացրած լինելու վերաբերյալ:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանը գտել է, որ միջնորդության քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանը համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ փաստական տվյալները բավարար չափով բովանդակային գնահատման չի ենթարկել, առկա մյուս փաստական տվյալները գնահատման է ենթարկել առանձին-առանձին՝ չդիտարկելով դրանք համակցության մեջ, եւ հաշվի չի առել միջնորդությանը կից ներկայացված բոլոր փաստական տվյալները, ինչի արդյունքում հանգել է գործի նյութերից չբխող հետեւությունների:

Իսկ խափանման միջոցի հարցի լուծման ակտ չկայացնելու փոխարեն գործը նոր քննության վերադարձնելու որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանը պայմանավորել է նախաքննական մարմնի ներկայացրած՝ խափանման միջոց կալանավորման հիմքերին Առաջին ատյանի դատարանի կողմից անդրադառնալու անհրաժեշտությամբ: ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավորների այլ կազմով, մասնակի բավարարել է նաեւ մյուս մեղադրյալի՝ Ա. Ս.-ի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով այն եւ ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության:

Վերոնշյալ անձանցից բացի, քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել եւս երկու անձի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի սեպտեմբերի 18-ին կայացած նիստին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ  պատգամավորները մի շարք օրենսդրական փոփոխություններ հաստատեցին գործող օրենքներում՝ «Սնանկության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» Սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

 

Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր հաստատեցին. «Պետական » շահույթ չհետապնդող կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Հանրային ծառայությունների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Սեփականության իրավունքի պետական «գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Պետական» հատվածի կազմակերպությունների հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Պետական «սահմանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Նշենք, որ բացի այդ, խորհրդարանը մի շարք համաձայնագրեր է վավերացրել՝ «Տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային փոխադրման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» Հայաստանի Հանրապետության պետական «եկամուտների կոմիտեի եւ Վրաստանի ֆինանսների նախարարության միջեւ արձանագրության վավերացումը, «Ֆինանսական ոլորտում տեղեկատվության, այդ թվում` գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին 2014 թվականի դեկտեմբերի 23-ի Համաձայնագրին միանալու մասին արձանագրության վավերացումը` ֆինանսական շուկաներում կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման նպատակով պայմաններ ստեղծելու համար»: Պատգամավորները հավանություն չեն տվել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին: Օրենսդրական նախաձեռնությունը տապալվեց հենց օրինագծի հեղինակների նախաձեռնությամբ եւ ներկայացվեց վերանայման, քանի որ այն պարունակում էր տեխնիկական բացթողումներ եւ թերություններ:

Պատգամավորները հավանություն չեն տվել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին: Օրենսդրական նախաձեռնությունը ձախողվեց հենց օրինագծի հեղինակների նախաձեռնությամբ եւ փոխանցվեց վերանայման, քանի որ դրանում տեխնիկական բացթողումներ եւ թերություններ կային:

 

 

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ՞

Ազգային ժողովը քննարկում է «Կինեմատոգրաֆիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը: Այն մշակվել է «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից:

«Մինչեւ օրս ՀՀ-ում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորվող իրավական որեւիցե ակտ, որի արդյունքում մի շարք կարեւոր հարաբերություններ օրենսդրական կարգավորումներ չեն ստացել: Որեւիցե կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը ՀՀ տարածքում: Կինոթատրոններում եւ հեռուստատեսության ֆիլմերի հրապարակային ցուցադրումը իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ առաջարկվող փաթեթը կկանոնակարգի նաեւ կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, բացի այդ, ազգային մարմնի կողմից կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորելու համար կընձեռվի հնարավորություն՝ ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձեւավորման արդյունքում:

«Նախագծի մշակման ժամանակում լայնորեն ուսումնասիրվել է միջազգային փորձը: Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի ոլորտի պետական աջակցության թափանցիկության եւ արդյունավետության բարձրացմանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում եւ հարակից ոլորտներում իրավունքների պաշտպանությանը, կինեմատոգրաֆիայի ոլորտում տնտեսական գործունեության ակտիվության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ֆիլմարտադրության համար գրավիչ միջավայրի եւ բարենպաստ պայմանների ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներդրմանը, ազգային ֆիլմերի ստեղծմանը, ներկայացմանը եւ մրցունակության բարձրացմանը»,-ասաց նա:

«Դուք նախագծում նշել եք, որ օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում 2030 թվականին, այսինքն՝ հիմա կանխորոշում ենք, որ տասը տարի հետ ուժի մեջ պետք է մտնի»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:

«Գրել եք՝ բյուջետային հատկացումների 0,1 տոկոս ֆոնդ է գալիս, արտաբյուջեների պրակտիկան դադարեցրինք, որ ամրակցված չլինի, հիմա նորի՞ց հետ ենք դառնում դրան, հիմա անունը դնենք հիմնադրամ, իքս, զեթ, իգրեկ, դրանից բովանդակային բան չի փոխվել: Այս տեսքով օրենքը հակասում է ռազմավարական ծրագրերին, ինչ փաստաթուղթ ուզենք՝ հակասում է»,- ասաց Արտակ Մանուկյանը:

Պատգամավորը հարց բարձրացրեց, թե արդյոք ավելի լավ չէր լինի նախ «Կինոյի մասին» օրենքի «կարկասը» դնել եւ ոչ թե 2030 թվականի համար փոփոխություններ նախատեսել:

Աննա Կոստանյանը պարզաբանեց, որ տարբեր ժամկետներ սահմանելու պահանջը բխել է կինեմատոգրաֆիայի ոլորտի ներկայացուցիչների ներկայացրած հիմնավորումներից: «Օրենքը ուժի մեջ է մտնում ընդունումից որոշակի ժամանակ անց, եւ որոշակի դրույթներն են 2030 թվականին մտնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Արտակ Մանուկյանի կողմից հնչեցված ֆինանսական մտահոգություններին, ապա նախագծի զեկուցողն ասաց, որ թեեւ դրանք հասկանում են նախատեսված արտոնություններին, բայց համարում է, որ այս օրենքով պետությունը փորձելու է իր մոտեցումը ցույց տալ կինոյի ոլորտի զարգացմանը:

 

 




Լրահոս