Չպետք է տրվենք վախին, խուճապին ու տագնապին․ Ապրիլյան պատերազմի մասնակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինձ համար անսպասելի էր պատերազմի վերսկսումը, զգացողություններս, ապրումներս միանգամից տակնուվրա եղան։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի մասնակից, զինհաշմանդամ Հայկ Թորոսյանը՝ անդրադառնալով Արցախում մեկ ամսից ավելի շարունակվող պատերազմական գործողություններին։

Հայկի խոսքով յուրաքանչյուր քաղաքացի չպետք է հուսահատվի, եւ պետք է հավատա միայն հաղթանակին, քանի որ այն հեռու չէ։
«Մենք պետք է հավատանք մեր հաղթանակին եւ մեր Հայոց բանակին։ Չպետք է տրվենք վախին, խուճապին ու տագնապին, քանի որ առաջնագծում մեր տղաներն այնպես են կռվում, որ պարզապես այստեղ իրավունք չունենք անգամ դրա մասին մտածելու։ Անգամ իրենք են մեզ այստեղ ոգեւորում, դուխ տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու, հաղթելու ենք եւ այն լինելու է հարատեւ»,-նշեց է մեր զրուցակիցը։

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք ցանկություն չունի մեկնելու առաջնագիծ, մեր զրուցակիցն ընդգծում է, որ ցանկությունն իրականում շատ մեծ է, բայց արդյոք իր կարիքը կա՞ այնտեղ։

«Նպատակահարմար չեմ գտնում գնալ առաջնագիծ, եթե իմ գնալով որեւէ օգուտ չեմ տալու մեր տղաներին, այլ հակառակը խանգարելու եմ, չեմ կարծում, որ ճիշտ քայլ կլինի դա»,-ասաց նա։

Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկը միայն մեկ բան է մաղթում առաջնագծում կյանքի եւ մահվան կռիվ մղող տղաներին՝ կարեւորն այն է, որ հետ գան, շարունակեն ապրել։

Հավելենք, որ 2016թ. ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում, Մարտակերտի դիրքերում ռազմական գործողությունների հետեւանքով ժամկետային զինծառայող, վարորդ Հայկ Թորոսյանը ստացել է գլխուղեղի վնասվածք, որի հետեւանքով մարմնի ձախ կողմը թուլացել է:
Վերջինս Հայոց բանակում հասցրել էր ծառայել ընդամենը 80 օր:

Լիդա Եղիազարյան




Լրահոս