Ստեփանակերտցիները հրաժարվել են Հայաստան գալ. նոր զարգացումներ.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում Արցախի կառավարության հետ ձեւավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի արցախցիների՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը, սոցիալական աջակցության միջոցառումների իրականացմանն ու այլ խնդիրների գույքագրմամբ:

«Մասնավորապես, պետք է քննարկենք, թե աջակցության ինչ ծրագրեր ենք իրականացնելու նրանց համար: Բայց նաեւ պետք է արձանագրենք, որ մեզ համար առաջնային խնդիր է, որպեսզի նրանք այդ աջակցությունը ստանան Արցախում: Այսինքն՝ դա պետք է լինի ծրագիր, որը նպաստում է մեր հայրենակիցների՝ Արցախ վերադառնալու գործընթացին:

Այս առումով նախ եկեք արձանագրենք, թե այս ընթացքում մենք ինչ ենք արել, ինչով ենք աջակցել նրանց եւ առաջիկայում ինչպիսի ծրագրեր ենք նախատեսում, ինչպես ենք իրականացնելու այդ ծրագրերը»,- նշել է վարչապետը: Նախօրեին Արցախ վերադառնալու անհրաժեշտության մասին խոսել էր երկրի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Խուճապի մի՛ մատնվեք, մի՛ տեղափոխեք ձեր ունեցվածքն Արցախից Հայաստան, հետ բերելու ենք, ոչ թե ստիպողաբար, այլ կամավոր, դուք եք բերելու, համոզված եք լինելու, որ Արցախում ապրելու ենք եւ ավելի լավ ենք ապրելու, քան այլ տեղ»,- ասել էր նա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ստեփանակերտում դեռ շարունակում են գտնվել քաղաքի բնակչության 20-30 տոկոսը, քանի որ, չնայած մարդկանց դուրս բերման աշխատանքներին, շատերը հրաժարվել են Հայաստան գալ եւ մնացել են Արցախում:

Ավելին, քաղաքի 60 տոկոսն արդեն կրկին ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրով, գազով, խանութներ եւս կան, որ աշխատում են: Ստեփանակերտում լծվել են աշխատանքի եւ ամեն ինչ անում են բնականոն կյանք վերադառնալու, վնասները վերականգնելու համար:

Իսկ այսօր՝ վաղ առավոտից, կգործեն անվճար ավտոբուսներ, որոնք այստեղ գտնվող արցախցիներին կտեղափոխեն: Այս պահին Արցախը վերականգնելը պետք է լինի առաջնային նպատակ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս