ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՏԱՐԻՆ ՀԱՋՈՂ ՉԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականը ոչ միայն ամբողջ աշխարհի, այլ նաեւ հայ ժողովրդի համար ոչ այնքան բարենպաստ տարի էր: Նախ տարեսկզբին աշխարհը փոթորկեց կորոնավիրուսային վարակը, որը պարալիզացրեց եւ ընկճախտի մեջ գցեց մարդկանց, հետո սկսվեց չարաբաստիկ պատերազմը, որը կյանքի եւ կռվի, գոյության եւ հայրենիքի պահպանման պայքարի մղեց ժողովրդին:

 

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ամփոփել տարին, հասկանալ,  թե շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչ դժվարության միջով է անցել: Վարակակիրների թվում հայտնվել են ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ քաղաքական գործիչներ, մարզիկներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։

Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից կորոնավիրուսով վարակվել են ՀՀ վաստակավոր արտիստ, պարուհի Սոֆի Դեւոյանը:

«Ես միանգամից զգացի, որ վարակվել եմ: Ինձ վարակել է իմ տան աշխատողը, ես հենց զգացի, որ ինքը լավ չէ, ես նրան միանգամից տուն ուղարկեցի: Հաջորդ օրը ես վատ զգացի, եւ հասկացա, որ վարակվել եմ: Գիտեք՝ շատ անսովոր վիճակ է, այս հիվանդությունը նման չէ գրիպի, քանի որ ինձ մոտ սկսվեց որովայնի, մեջքի ցավով, եւ ես զգացի, որ դա ուղղակի մրսածություն չէ ու ես մի երկու-երեք օր հետո գնացի, թեստ հանձնեցի, ու պարզվեց, որ վարակվել եմ: Միանգամից մտա սենյակ եւ էլ դուրս չեկա, որովհետու զգացի, որ ինչ-որ սովորական վիճակ չէ, շատ անդուր վիճակ է առաջացնում: Հիվանդությունը քեզ միանգամից թուլացնում է: Ես ինքս ցավին դիմացկուն մարդ եմ, բայց այն քեզ թուլացնում է, որը շատ նեղում է, կոտրում է, բայց հիմա լավ եմ ինձ զգում: Բոլոր բուժումները, անտիբիոտիկները տանն եմ ընդունել՝ իհարկե բժշկուհու հետ խորհրդակցելով: Տան անդամները բոլորը լավ են, կեսի թեստի պատասխանները հայտնի են, իսկ տղայինս այսօր կլինի: Արդեն 20 օրից ավելի է՝ վիրուսը հաղթահարված է: Ցանկանում եմ, որ բոլորը առողջ լինեն, եւ գան այն մեր հին ու բարի օրերը»,-մեզ հետ զրույցում նշել էր ՀՀ վաստակավոր պարուհի Սոֆի Դեւոյանը:

Համավարակը մեզանից խլեց Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին, դերասաններ Վասիլ Սարգսյանին, Զավեն Աբրահամյանին, եւ դերասանուհի Կարինե Բուռնազյանին:

Հայրենիքի համար իրենց սուրբ պարտք են կատարել եւ անմահացել նաեւ դերասաններ Ադամ Խալաթյանը, Հովհաննես Հաջինյանը եւ երգիչ Դավիթ Ամալյանի որրդին: Ինչեւէ, ամփոփելով այս դժվարություններով եւ հայրենիքի կորստով տարին՝ մեր ժողովրդին 2021թվականին մաղթում ենք ուժ եւ կորով՝ հույս ունենալով, որ 2021 թվականը մեզ համար նպաստավոր տարի կլինի:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄԻԽԱՅԻԼ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ ՎԱՐԱԿՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ

Դերասան, շոումեն Միխայլի Գալուստյանը հայտնել է, որ նոյեմբերին հիվանդացել էր կորոնավիրուսով։ Նա Instagram-յան հրապարակմամբ հայտնել է, որ զգացողությունները լավագույնը չեն եղել, եւ ինքը չի ցանկանում, որ որեւէ մեկն ունենա դրանք։

 

«Նոյեմբերին կյանքումս առաջին անգամ անհամ էկլեր, կոտլետներ ու շատ այլ բաներ փորձեցի։ Անկեղծ ասած, այնքան էլ հաճելի չէր։ Տանը ոչ մի հոտ չէի զգում։ Գուշակո՞ւմ եք՝ ինչու։ Ես խոսում եմ COVID-19-ի մասին։ Հիվանդ էի բավական երկար ժամանակ եւ չեմ կարող այդ շրջանը հաճելի անվանել։ Ինքնազգացողությունս զզվելի էր, եւ պարզվեց, որ ախտահարված է թոքերիս 20 տոկոսը»,- իր միկրոբլոգում գրել է Գալուստյանը։

Միխայիլ Գալուստյանի խոսքով՝ ինքն ուզում է, որ աշխարհում ոչ մի մարդ չբախվի խնդիրների հետ, որոնք իր հետ բերում է կորոնավիրուսը։

 

 

ՑԱՎԱԿՑԵԼ Է

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ. հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Տեքստի մեջ, մասնավորապես, գրված է. «Ցանկանում եմ ուղղել իմ անկեղծ եւ սրտանց ցավակցությունը նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ: Բառերն անկարող են արտահայտել այս կորստի ողջ տխրությունը: Հիշեցնենք, որ Երեւանի «Արարատի» ու ԽՍՀՄ հավաքականի նախկին կիսապաշտպանը 73 տարեկանում մահացել է սրտի խնդիրների պատճառով:

 

 

ՀՈՐ ՊԵՍ

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ:  «Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին: Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման եւ միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաեւ հայրս: Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ ողջ ֆուտբոլային հանրությանը եւ ցավով կիսում եմ իրենց վիշտը»,- ասվում է ուղերձում:

 

 

ԴԱՎԻԴ ԱԼԱԲԱՆ ԿՀԵՌԱՆԱ

Մյունխենի «Բավարիայի» տնօրենների խորհրդի անդամ, ակումբի լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը խոսել է թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Մենք նոր պայմանագիր էինք առաջարկել Ալաբային, սակայն նա հրաժարվեց այն ստորագրել: Ալաբան նոր ակումբ է փնտրում, եւ մենք պարտավոր ենք հարգել նրա որոշումը: Ալաբայի ծառայություններով այս պահին հետաքրքրված են «Ինտերը», «Յուվենտուսը» եւ «Ռեալը»»,- Կանի խոսքը փոխանցում է Bild-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալաբան հրաժարվել էր նոր պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ, քանզի «Բավարիան» չի համաձայնել բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները: Դավիդ Ալաբան «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիս:

 

 

ՌՈՆԱԼԴՈՒՆ ԱՄՓՈՓԵԼ Է

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի 14-րդ տուրում «Ֆիորենտինայից» կրած պարտությունից հետո ամփոփել է 2020 թվականը: «Այս խաղով «Յուվենտուսն» ավարտեց իր մրցելույթները 2020 թվականին: Տարին բավականին բարդ էր, քանի որ առաջացավ համավարակ, որի հետեւանքով ֆուտբոլային մրցաշրջանը 2 ամսով կանգ առավ: Այժմ հանդիսականները հնարավորություն չունեն գալ ստադիոն, իսկ ակումբների համար խաղացանկը չափից դուրս խիտ է: Պետք է մեծ աշխատանք կատարենք եւ փորձենք 2021 թվականին ավելի լավ մրցելույթներ ունենալ եւ տիտղոսներ նվաճել»,- գրել է Ռոնալդուն Ինստագրամի իր պաշտոնական էջում: Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Յուվենտուսն» այժմ 24 միավորով չորրորդ տեղում է:

 




Լրահոս