ArmLur.am-ը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանից հետաքրքրվեց , թե ինչ գնահատական նա կտա Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի կողմից ուժային կառույցի ղեկավարներին տրված հանձնարարականներին եւ դրանից հետո իրավապաների գործողություններին, վերջինս ասաց.
«Տպավորությունս մեկն է. Երկրում կարծես փորձ է արվում հաստատել դիկտատուրա, ձևավորել բռնապետական խունտա, ինչը, վստահ եմ, որևէ կերպ չի հանդուրժվելու քաղաքացիների կողմից։ Դատախազության և ուժային կառույցների ղեկավար իմ գործընկերների մարդկային, հայրենասիրական և պրոֆեսիոնալ հատկանիշներին անձամբ ծանոթ լինելով՝ չեմ ուզում հավատալ, որ նրանք, այնուամենայնիվ, մասնակիցը կդառնան երկրի համար ամոթալի, կործանարար և անշնորհակալ այս գործընթացին։ Անհրաժեշտ է խորությամբ հասկանալ պատճառները, թե ինչու են մարդիկ փողոց դուրս գալիս, ինչու են հրապարակավ կամ ավելի նեղ շրջանակներում հայհոյում և վիրավորում վարչապետին ու նրա մերձավոր շրջապատին, կրկնում եմ, պետք է հասկանալ և կոնկրետ հետևություններ անել այդ ամենից, ոչ թե փորձել լռեցնել մարդկանց բռնաճնշումներով, ուժային մեթոդներով, միևնույն է, դա չի ստացվելու. ընդամենն այս օրհասական պահին է’լ ավելի թուլացնելու ենք մեր հայրենիքը։
Դեմոկրատական և ժողովրդական գաղափարներով, ցույցերով, փողոցային տարբեր ակցիաներով իշխանության եկած մարդը չպիտի ընտրի այսպիսի ճանապարհը, հարիր չէ նրան, ավելին՝ դրդի իրավապահ մարմինները ղեկավարող, իրենց հայրենիքը, ազգը, աշխատանքը և աշխատակիցներին սիրող ու գնահատող պաշտոնյաներին գնալ նման ապօրինությունների։
Մեր պետությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, ազգային ավտանգության գործող աշխատակիցներին աջակցելու, օգնելու, ինչու չէ՝ նաև նմանատիպ բացասական երևույթները կանխելու և բացառելու նպատակով իմ և գործընկերներիս կողմից հիմնադրվել է «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարական կազմակերպությունը, որը հանրությանը կներկայացվի ձևավորման աշխատանքներն առաջիկայում ավարտելուց անմիջապես հետո։
Մենք պետք է լինենք միասնական, ոչ մի րոպե չպետք է մոռանանք, որ հակառակորդը 24 ժամ հետևում է մեր երկրում տեղի ունեցող այս ամոթալի իրադարձություներին, հասկանում է, որ մենք ինքներս գնալով թուլացնում ենք մեր անվտանգության ողջ համակարգը ու պատեհ պահին չի վարանելու. կրկին գործելու է բոլոր հնարավոր միջոցներով, քանի որ ունի դեռևս չլուծված, կիսատ թողնված խնդիրներ, նա թույլ չի տալու, որ ոտքի կագնենք, ուժ հավաքենք և անհրաժեշտության դեպքում գոնե պաշտպանվենք։ Սա է իրողությունը և ամիսներ շարունակ մեր երկրում ծավալվող ներքաղաքական պայքարի, ստի, միմյանց չլսելու և խնդիրները չտեսնելու հետևանքը»։
Քնար Մանուկյան