5 հազարից 2 մլն դրամ. որքան կվճարեն քաղաքական ուժերը՝ իրենց պաստառները փակցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրելու համար 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տվյալներ: ArmLur.am-ն ուսումնասիրել է ԿԸՀ կողմից հաստատված տվյալները. վարձավճարները սկսվում են 5 հազար դրամից՝ հասնելով անգամ 2 մլն դրամի: Բոլոր գումարները նախատեված են մեկ ամսվա համար: Նախ նշենք, որ ամբողջ ՀՀ-ում գովազդային վահանակների թիվը 495-ն է:

Այսպիսով, 5  հազար դրամով վահանակ կարող եք փակցնել օրինակ Վայոց ձորի մարզ, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահմանի Մ2 104,9-րդ կմ-ին, 6 հազար դրամով օրինակ Սեբաստիա փողոցում՝ «CPS» բենզալցակայանի մոտ  կամ Սեբաստիա և Շահումյան առաջին փողոցների փակուղու հատման մասում:

Աժ նախկին պատգամավոր Վահան Հարությունյանին և նրա հորը՝ Միխային Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ընկերությունը պատրաստ է տրամադրել 25 գովազդային վահանակ՝ 123 հազար 600 դրամով: 25 վահանակներից միայն մեկն արժե 129 հազար 600 դրամ՝ Արաբկիր, Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկ հատվածում: Այս ընկերության գովազդային վահանակները գտնվում են Արշակունյաց պողոտայում, Տիգրան Մեծ եւ Գարեգին Նժդեհ փողոցներում:

Գուրգեն Արսենյանի «Յունիքորն» ընկերությունը քաղաքական ուժերի համար նախատեսել է 42 վահանակ, որոնք հիմնականում Երևան-Արարատ, Երևան-Սևան, Երևան-Արմավիր անապարհին են:  42 վահանակներից 40-ի արժեքը 54 հազար է, Իսակովի պողոտայում առկա վահանակն է, որ արժե 171 հազար 600 դրամ եւ Գարեգին Նժդեհ հրապարակում՝ 140 հազար 400 դրամ:

Աժ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Նուշիկյան ասոցիացիան»  տրամադրում է 39 գովազդային վահանակ: Սայաթ Նովա-Նալբանդյան խաչմերուկում առկա վահանակի մեկ կողմն արժե 71 հազար 280 դրամ, մյուսների արժեքները տատանվում են 110 հազարից 280 հազարի սահմաններում: Այդ վահանակները հիմնականում գտնվում են գլխավոր փողոցներում:

«Էգա» ՍՊԸ–ի գովազդային վահանակները տեղադրված են Հայաստանի ողջ տարածքով մեկ: Դրանք տեղադրված են նաեւ միջպետական ճանապարհներին եւ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում։ «Էգա»-ի վահանակներն արժեն 75 հազարից 150 հազար դրամ։

Ն.Հ.




Լրահոս