ՇՈՒԿԱՆ ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԼՈՒԾԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ընթանում էր Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում էին անդամ-երկրների առաջնորդները: Նիստը նախագահում էր Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը:

 

Խոսելով կարեւորություն ներկայացնող ընթացիկ հարցերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հատկապես կարեւորվում է միասնական շուկայի ստեղծումը գազի ոլորտում:  Նա կարեւորել է Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առեւտրի խոչընդոտներն ու սահմանափակումները հայտնաբերելու եւ վերացնելու ուղղությամբ աշխատանքների շարունակումը: «Այս աշխատանքն, առանց չափազանցության, իրականացվում է մեր Միության գոյության ողջ ընթացքում: Չնայած ապրանքների եւ ծառայությունների լիարժեք միասնական շուկա ստեղծելու դիրքորոշումներում առկա տարբերություններին եւ որոշ օբյեկտիվ դժվարություններին` մենք շարունակում ենք որոնել կառուցողական լուծումներ: Մենք Միության անդամ երկրների 2021-2022 թթ. մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետեւողական իրականացումը համարում ենք որպես ժամանակի պահանջներին եւ մարտահրավերներին հարմարվելու գործիք: Մեր երկրներում տնտեսական վերականգնման տեմպերը մեծապես որոշվելու են սույն փաստաթղթում շարադրված հիմնական դրույթների, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեության վերականգնման համար բարենպաստ պայմանների ձեւավորման եւ Միության ներքին շուկայի հնարավորությունների ընդլայնման արդյունավետության հիման վրա: Կարեւոր է նաեւ համատեղ առեւտրաշրջանառության ասպարեզում առկա խոչընդոտների վերացումը: Այս աշխատանքը միության գոյության ամբողջ ընթացքում է կատարվել»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաեւ շնորհակալություն է հայտնել ԵԱՏՄ անդամ երկրներին համատեղ աշխատանքի եւ ջանքերի համար՝ հուսալով, որ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրները հնարավոր կլինի արագ հաղթահարել համատեղ աշխատանքի արդյունքում:

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցել են անդամ երկրների առաջնորդները, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ԵԱՏՄ դիտորդ պետությունների՝ Կուբայի եւ Ուզբեկստանի նախագահները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հերթով ներկայացրել են հաշվետվություններ՝ Միության ներքին շուկայի խոչընդոտները վերացնելու ուղղությամբ աշխատանքների արդյունքների վերաբերյալ, 2020թ.-ին Միության պետությունների կողմից դրույթների 2019-2020 թվականների կատարման մոնիտորինգի արդյունքների մասին:

Գերագույն խորհրդի անդամները քննարկելու են անդամ երկրների 2021-2022 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշները, սորտերի փորձարկման եւ սերմարտադրության ոլորտներում ԵԱՏՄ պետությունների օրենսդրության միավորմանն ուղղված միջոցառումների ցանկը, գյուղատնտեսական բույսերի, գույքի գնահատման ծառայությունների ոլորտի ազատականացման պլանի փոփոխությունները՝ հաստատված Եվրասիական Գերագույն տնտեսական խորհրդի՝ 2016 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ, վարկավորման կարգի պահպանման համատեղ վերահսկողության միջոցառումների մասին համաձայնագիր ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխումը, դրանց փոխանցումը ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեներին:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ

ArmLur.am-ի տեղեկություններով` Արարատի զորամասի հրամանատարի եւ նույն զորամասի դասակի հրամաատարին մեղադրանք է առաջադրվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զորամասի հրամանատարին ու դասակի հրամանատարին մեղադրում են, որ պատերազմի ժամանակ հրաժարվել են հրաման կատարել, ինչը քրեորեն պատժելի արարք է: Ըստ  ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել քննչական մարմիններում. բոլոր այն հրամանատարները, ովքեր հրաժարվել են հրաման կատարել, իրավապահներին հարցաքննությունների ժամանակ պնդել են, որ դա արել են հանուն զինվորների, քանի որ մի կերպ են նրանց փրկել, հանել վտանգավոր տեղերից, ու եթե հիմա կատարեին այդ հրամանը, նշանակում էր տանել զինվորներին գիտակցված սպանելու:

 

 

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայկ Հեքիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ կապված նրա ծառայողական պարտականությունները կատարելու հետ: 2021 թվականի ապրիլի 22-ին՝ Երեւան քաղաքի Վ. Սարգսյան 5 հասցեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի կենտրոնական մուտքի դիմացի հատվածում կազմակերպված հավաքի ընթացքում, հավաքի մասնակիցների մի մասը հավկիթներ եւ շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հնչեցրել են հայհոյանքներ, հրմշտել ոստիկաններին եւ բռնություն գործադրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների նկատմամբ, որի ժամանակ ոստիկանության աշխատակիցները, այդ թվում՝ ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ կապի եւ հատուկ տեխնիկայի ավագ ինժեներ, ոստիկանության ավագ լեյտենանտ Զոհրաբ Ասլիկյանը, հասարակական կարգի պահպանություն իրականացնելիս հակաօրինական վարքագիծը դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջ է ներկայացրել հավաքի մասնակից անձանց, որոնցից Հայկ Հեքիմյանը, չենթարկվելով իշխանության ներկայացուցչի՝ հասարակական կարգի պահպանություն իրականացնող Զոհրաբ Ասլիկյանի օրինական պահանջին՝ հակաօրինական եւ հակաբարոյական վարքագիծը դադարեցնելու վերաբերյալ, ժամը 20:21 րոպեին առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ դիտավորությամբ բռունցքով երկու անգամ հարվածելով գլխի շրջանին, եւ պատճառել ֆիզիկական ցավ:

Գործով նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել է դատարան:

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԾԵԾԿՌՏՈՒՔԻՑ

ArmLur.am-ը արդեն հայտնել էր, որ երեկ Սյունիքի մարզում կրկին միջադեպ է եղել մեր եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ, ինչի հետեւանքով 11 զինվոր տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց:  Միջադեպի հետեւանքով քթի կոտրվածք է ստացել Գորիսի զորամասի շտաբի պետը: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցիները համացանցում տարածված այն տեսանյութից հետո, թե մեր զինվորականները ինչպես են իրենց զինվորականների հետ վարվում, նեղված եկել են, թե ինչու եք նման բան անում, ոնց եք մերոնց հետ վարվել, ու խոսակցությունից հետո սկսվել է լուրջ ծեծկռտուք, զենքի կոթերով խփել են իրար: Ասել է թե՝ ողջ միջադեպի պատճառը եղել է համացանցում այս օրերն տարածվող տեսանյութերը: ArmLur.am-ին Պաշտպանության նախարարությունից պաշտոնապես հայտնեցին, որ երեկ գիշեր է եղել միջադեպը:  Հանգամանքները եւ պատճառները ճշտվում են:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։  Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների  ընթացքին: Կարծիքներ են փոխանակվել նաեւ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ սկսելու  հարցով Հայաստանի դիրքորոշման եւ ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար։

 

 

ԳԼՈՐՎԵԼ Է ՁՈՐԸ

Նախօրեին ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 100 մետր գլորվել ձորը: Վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երեւանի թիվ 1 ՏՍ)։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԻ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում Կառավարության հետ քննարկման արդյունքում նախագիծը լրամշակվել է. առաջարկվում է 1 տոննա ցեմենտի ներկրման համար սահմանել 14 հազար դրամ պետական տուրք, 1 տոննա կլինկերի համար՝ 2 հազար դրամ պետական տուրք: Ըստ նախագծի՝ ցեմենտի եւ կլինկերի արտադրությունը դառնում է լիցենզավորվող: Նշենք՝ կառավարությունն առաջարկել էր 1 տոննա ցեմենտի ներմուծման համար սահմանել 25 հազար դրամ տուրք, կլինկերի ներմուծման համար՝ 9 հազար դրամ: Խորհրդարանը դեմ էր եւ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացրել է իր առաջարկները, որոնք գործադիրն ընդունել է: Օրենքն ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 8-ից:

 




Լրահոս