ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդը» մոտ 700-հոգով է դիտորդություն իրականացրել: Նրանք արդեն ներկայացրել են իրենց նախնական դիտարկումներն ընտրությունների վերաբերյալ:

 

Ինչպես հայտնի է,  ընտրությունների նախնական արդյունքներով՝ խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները:

Քվեարկության օրը դիտարկվող տեղամասերում դիտորդների կողմից արձանագրվել են տարատեսակ խախտումներ: Մասնավորապես, դիտարկված 208 տեղամասերից 52 տոկոսում արձանագրվել են քվեաթերթիկները քվեախցիկից դուրս ծրարի մեջ դնելու դեպքեր, 30 տոկոսում քվեասենյակ են մուտք գործել կամ մուտք գործելու փորձ կատարել այնտեղ գտնվելու իրավունք չունեցող անձինք: Տեղամասերի 10 տոկոսում գրանցվել են ընտրողներին ոչ բոլոր քվեաթերթիկները տալու դեպքեր, իսկ 10 տոկոսում՝ քվեաթերթիկները դուրս հանելու դեպքեր:

Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի 31.5%-ում (70 տեղամաս)։ Ըստ դիտարկումների, սակայն, այս դեպքերի միայն 7 տոկոսում է եղել քվեարկությունը վերահսկելու դիտավորություն:

Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքների նիստի ժամանակ արձանագրված խախտումներին, ապա ձայների հաշվարկի գործընթացը հիմնականում ընթացել է առանց խախտումների, սակայն առանձին տեղամասերում տեղի են ունեցել վիճաբանություններ եւ այլ խախտումներ։ Մասնավորապես, 8 տեղամասերում ոստիկանների կամ հանձնաժողովի նախագահների չիմացության պատճառով խոչընդոտվել է հաշվարկի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց մուտքը։ 17 տեղամասային կենտրոններում քվեարկության ամփոփման նիստն ընդհատվել է միջադեպերի պատճառով։

Ընտրատեղամասերում, ցավոք սրտի, դիտարկվել են լուրջ վիճաբանություններ եւ նույնիսկ ծեծկռտուքի դեպքեր:  Ընդհանուր առմամբ, քվեարկության օրը արձանագրվել է 52 էական խախտում, որոնց մասով ներկայացվել է հանցագործության մասին 9 հաղորդում եւ մեկ վարչական բողոք: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրավապահ մարմիններին է  ներկայացվել հանցագործության մասին 30 հաղորդում:

«Անկախ դիտորդի» կողմից իրականացված երկարաժամկետ առաքելությունը ստացել է բազմաթիվ ահազանգեր կապված ընտրակաշառքի բաժանման, գործատուների կողմից ընտրողներին վրա ապօրինի ազդեցության վերաբերյալ:  Էապես ավելի հազվադեպ եղել են նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հավաքներին ու ժողովներին մասնակցելու նպատակով վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ահազանգերը:

Առանձին մարմինների դիտարկման արդյունքներ

«Առաքելության» կողմից ամբողջությամբ խաչաձեւ որոնվել են ընտրողների ցուցակում անձանց կրկնման դեպքեր, որոնք չեն հայտնաբերվել: Այդուհանդերձ, արձանագրվել է Լոռվա մարզի մի շարք ընտրատեղամասերում ընտրողների ցուցակների կազմման ընթացքում կատարված տեխնիկական վրիպակ, որի հետեւանքների վերացման ուղղությամբ ոստիկանությունը կատարել է անհրաժեշտ գործողություններ:

Թեեւ քվեարկության օրվա սկզբում չէր աշխատում տեղամասերում տեղադրված 1519 տեսախցիկների մոտ 5 տոկոսը, սակայն օրվա ընթացքում այդ թիվը նվազեց՝ հասնելով մոտ 3 տոկոսի: Տեսախցիկների միակ զանգվածային խափանումը եղել է ժամը 22:00-ի միջակայքում. մոտ 15 րոպեով չի աշխատել դրանց մոտ 29 տոկոսը:

Ընտրությունների արդյունքների վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ընտրական տեղամասերում հաշվարկն իրականցվել է առանց էական շեղումների:

Եվ դիտորդական առաքելությունը եզրակացության է եկել, որ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց մասնակցում էին 25 կուսակցություններ եւ դաշինքներ, անցել են մրցակցային պայմաններում: Չնայած թե՛ քվեարկությանը նախորդող օրերին, թե՛ քվեարկության օրը ընտրակաշառքների մասին ահազանգերին, որոնց մի մասի հիմքով հարուցվել են քրեական գործեր, ընտրողները մեծամասամբ ազատ էին իրենց ընտրական կամքն արտահայտելու առումով։

Ն.Հ.

 

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, որոնք, քիչ էր մնացել, դառնային ամենալարվածը երկրի պատմության մեջ, ավարտվել են անսպասելի արդյունքներով: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը` վերլուծելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Պարբերականը նշում է. «Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ կկարողանա միանձնյա կառավարություն կազմել, իսկ նրա մրցակից, նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ստիպված կլինի բավարարվել խորհրդարանական ընդդիմության դերով»: Հոդվածագիրն ընդգծում է, որ ընտրությունների նման ելք չի կանխատեսել ոչ մի սոցիոլոգիական ծառայություն: Հայաստանում Gallup International-ի գործընկեր MPG ընկերությունը մրցապայքարի առաջնորդներին տալիս էր մոտ 20-ական տոկոս ձայն, իսկ «ՌԻԱ Նովոստի»-ի ծառայությունը, որը հարցում է իրականացրել հունիսի 6-14-ը, նշում էր Քոչարյանի հավանական գերազանցության մասին` 32 տոկոս՝ 24-ի դեմ հարաբերակցությամբ:

«Նիկոլ Փաշինյանին աջակցող ընտրազանգվածը կենտրոնացած է եղել գյուղական տարածքում` խոշոր քաղաքներից հեռու: Անգամ Սյունիքի մարզում, որտեղ կառավարական շարասյան ուղղությամբ բոլորովին վերջերս ձվեր էին նետում, եւ շրջանի գլխավոր ցավոտ կետում` Շուռնուխ գյուղում Փաշինյանը եւ նրա կողմնակիցները ավելի քան 50 տոկոս ձայն են ստացել»,- ասվում է հոդվածում:

 

 

ՊԱՐԶ ՉԷ

«Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, դեռ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա դրանց արդյունքների ազդեցության մասին»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: «Ընտրությունները նոր են տեղի ունեցել: Դեռ պարզ չէ, թե ինչպես են այս արդյունքներն ազդելու նոր պայմաններում քաղաքական կյանքի ձեւավորման վրա: Սպասենք, մինչ այնտեղ կառավարությունն կլինի», – ասել է Լավրովը՝  պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում ընտրությունների արդյունքներն ինչպես կանդրադառնան տարածաշրջանում իրավիճակի կայունության վրա: «Մենք համենայնդեպս ելնում ենք այն ենթադրությունից, որ պատերազմը դադարեցրած եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաեւ երկրորդ եռակողմ համաձայնագիրը, որոնք գործարկել են տնտեսական գործունեության բացման, շրջափակման վերացման հատուկ ձեւերի համաձայնեցման գործընթացը, աշխատում են ու համապատասխանում ներգրավված բոլոր կողմերի շահերին», – հավելել է Լավրովը:

 

 

 

ՀԵՏԵՎՈՒՄ Է

«Կրեմլը հետեւում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին եւ ցանկանում, որ ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման հետագիծ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կրեմլը տեսնում է ընտրություններում Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը եւ շնորհավորում հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ»,-ասել է Պեսկովը:

 

 

 

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

«Պարտվում է ժողովուրդը, ազգին պարտություն չկա»,- գրել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը: «15,534 մարդու առջեւ այսօր խոնարհում եմ գլուխս, դուք արժանի էիք իմ որդու զոհողությանը, որովհետեւ հասկացաք, որ միայն բարին է չարին հաղթում, որ միայն սերն է հաղթում ատելությանը, եւ Հայրենիքին անձնազոհ նվիրումն է հաղթում դավաճանությանը: Այսօրվանից սկսում ենք պատրաստվել ՏԵՐ կանգնելու մեր ազգին. սկսում ենք ոլորտային ծրագրերի շարունակական իրագործում, շարունակում ենք սահմանների պաշտպանական վիճակի ուսումնասիրություններն ու աջակցությունները, շարունակում ենք ազգի ինքնաճանաչողական մշակութային ծրագրերի իրականացումը, շարունակում ենք երիտասարդական եւ մանկական կրթական ծրագրերի իրականացումը, սկսում ենք գյուղ-համայնք հիմնադրամ ծրագրի փորձարկումը եւ այլն: Պարտվում է ժողովուրդը, ազգին պարտություն չկա»,- ամփոփել է Տոնոյանը:

 

 

 

ՄՐՑԱԿՑԱՅԻՆ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է, որ հունիսի 20-ին Հայաստանում կայացած ընտրությունները եղել են մրցակցային. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ընտրությունները Հայաստանում, ընդհանուր առմամբ, համապատասխանում էին օրենսդրությանը, ընտրողների իրավունքները հարգվել են»,-ասված է հայտարարությունում: Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է բոլոր 2008 ընտրական տեղամասերում ամփոփված նախնական արդյունքները, համաձայն որի՝ առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների մոտ 53,92 տոկոսով:

 

 

 

ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՖՈՆ

Հանրապետության ամբողջ տարածքում, արաբական անապատներից արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, հունիսի 21-26-ը սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում եւ նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում եւ Երեւանում ցերեկային ժամերին սպասվում է +39-+40 աստիճան։ Հունիսի 21-26-ը նշված գոտիներում սպասվում է նաեւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Մայրաքաղաքում հունիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Մարզերում հունիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արեւմտյան, 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:




Լրահոս