ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԸ ՀԻՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի օրը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը մեկնել էին առաջնագիծ: Վանեցյանն այդ օրը գրառում էր կատարել. «Այս օրը եւս մեկ առիթ է հիշելու, գնահատելու եւ խոնարհվելու այն հազարավոր հայորդիների առաջ, ովքեր իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի պաշտպանության համար, ովքեր բավականին բարդ ու դժվարին պայմաններում ծառայել են եւ ծառայում են մեր հայրենիքին»:

 

Սահման էին մեկնել նաեւ Հայաստան խմբակցության պատգամավորները: «Իրականում նախաձեռնությունը հենց այդ օրվա առիթով էր: Դրանից առաջ պաշտպանական գերատեսչությունը ընդդիմադիր պատգամավորներին պարբերաբար մերժում էր առաջնագիծ գնալ, շատ լավ առիթ էր, եւ այս անգամ գնացինք եւ տարբեր խմբեր տարբեր հատվածներում եղանք: Բնականաբար, այդպիսի այցերը պետք է պարբերաբար բնույթ կրեն: Շատ ռազմավարական հարցերից մեկն է, որ հիմա ծառացած է մեր երկրի առաջ, անվտանգային հարցերը՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ի եւ Արցախի պաշտպանական գիծն ավելի ընդլայնվել է, եւ ակնառու են, որ բազմաթիվ պրոբլեմներ ու խնդիրներ կան»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Այցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:

-Պարո՛ն Աբրահամյան, խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ այցելել էիք առաջնագիծ: Ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակը:

-Սահմանային անվտանգության մոդելը, որը ներկայումս գործում է, պետք է վերափոխվի: Ընդ որում, արմատական վերափոխումների պետք է ենթարկվի: Այն համակարգը, ինչ ունեցել ենք մինչեւ քառասունչորսօրյա պատերազմը, ներկայումս չի կարող արդյունավետորեն ապահովել սահմանի անվտանգությունը: Աշխատանքների բավականին մեծ ճակատ կա, որ պետք է իրականացնել. դա վերաբերում է անհրաժեշտ ենթակառուցվածքներին, վերջացրած տեխնիկական ապահովման հարցերին, որի դետալացումը նպատակահարմար չեմ համարում հանրայնացնել: Անելիքների հսկայական ճակատ կա, բայց ամենակարեւորն այն է, որ պետք է ունենալ նոր մոդել եւ նոր մոդելի շուրջ իրականացնել այդ աշխատանքները: Առկա իրողությունների պարագայում մարտական հերթապահության ավանդական մոդելն արդեն կորցրել է իր էֆեկտիվությունը: Պետք է առաջ մղել սահմանային անվտանգության  նոր կոնցեպցիա, ինչը ենթադրում է տեխնոլոգիական նոր մոդելներ եւ տեխնոլոգիական հագեցվածություն:

-Իսկ 44-օրյա պատերազմից հետո արված աշխատանքի ականատես եղա՞ք:

-Շատ հարաբերական է ասել փոփոխություններ: Մի կողմից՝ կան տեղակայված դիրքեր, որոնք, բնականաբար, այդ բնագծում չեն եղել, այսինք՝ նոր բնագիծ է, որովհետեւ իշխանությունները Քարվաճառի եւ Քաշաթաղի հանձնումից հետո սահմանային այդ հատվածներում նոր բնագծեր են առաջացել, տեղակայվել են մարտական դիրքեր: Սակայն մարտական դիրքերի տեղակայումը, նվազագույն կենցաղային պայմանների ապահովումը բավարար չեն մարտական հերթապահությունը բարձր մակարդակով իրականացնելու եւ ըստ անհրաժեշտության մարտական գործողություններ իրականացնելու համար: Դեռեւս, ինչպես նոր բնագծերում, այնպես էլ նախկին բնագծերում, որոնք մենք նախկինում էլ մարտական հերթապահություն ենք իրականացրել, մեծ անելիքներ ունենք, որոնք մենք պետք է իրականացնենք, սակայն շատ արագ պետք է դրանք կատարել: Այս պահին տեմպը բավարար չէ, առհասարակ մոտեցումները, այն, ինչ դրված է սահմանային ապահովման ուղղությամբ, բավարար չեն, եւ ահռելի աշխատանքներ կան կատարելու:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչո՞ւ է  Պակիստանը մտահոգություն առաջացնում Հայաստանի մոտ։ Առաջին հերթին այն զենքի եւ զինամթերքի կանոնավոր մատակարարն է Ադրբեջանի զինված ուժերին 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից եւ որպես անկախ պետություն ձեւավորվելուց հետո. գրում է Փոլ Անտոնոպուլոսը Greek City Times-ում իր հոդվածում։

 

«Երկրորդ հերթին՝ Պակիստանը միակ պետությունն է, որը չի ճանաչել Հայաստանը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իր համերաշխությունը ցույց տալու համար։ Փոխարենը այս երկրներն աջակցում են Պակիստանին միջազգային ֆորումներում վիճահարույց հարցերի շուրջ՝ ներառյալ փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբի (FATF) «գորշ ցուցակից» եւ Քաշմիրից բացառումը։

Պակիստանի գործընկերությունն Ադրբեջանի հետ ամրապնդվել է 2017 թվականին, երբ վերջինս պայմանագիր ստորագրեց 10 PAC MFI-17 Mushshak ուսումնական ինքնաթիռների գնման համար, որոնք մատակարարվեցին 2018 թվականին։ Ադրբեջանը բանակցում է նաեւ Պակիստանի հետ ռուսական արտադրության RD-33 շարժիչներով JF-17 block 3 կործանիչ-ռմբակոծիչ գնելու շուրջ, որն ի սկզբանե մշակվել էր Չինաստանի կողմից։ Սա երկու կողմերի համար էլ խոչընդոտ էր, քանի որ JF-17-ի ցանկացած գործարք պահանջում է Ռուսաստանից թույլտվություն նախքան այն կարող է արտահանվել գնորդ երկիր: Դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Չինաստանը չի փոխարինել RD-33 շարժիչը հայրենական մշակման անալոգով: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Պակիստանը թշնամանում Հայաստանի հետ եւ աջակցում Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դրա պարզ պատասխաններից մեկն այն է, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ, ինչը անհանգստացնում է Պակիստանին։

Այսպիսով, նա եռակողմ հարաբերություններ է հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ իր հարեւանների հետ ցանկացած աճող ասոցիացիա փոխհատուցելու համար։ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Պակիստանը բացահայտորեն աջակցեց Ադրբեջանին։ Ռուսաստանը իրավացիորեն նախազգուշացրել է, որ Թուրքիայի կամ այլ երկրների միջամտությունը կարող է երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ, եթե Ղարաբաղում ռազմական գործողությունները չլուծվեն: Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի միջեւ եռակողմ պաշտպանական համագործակցության աճը կհանգեցնի լարվածության Արեւմտյան Ասիայում, քանի որ նրանց դաշինքը կթուլացնի Հայաստանը, եթե Ռուսաստանի նման խոշոր տերությունները չաջակցեն նրան:

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

400 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻՆ

ՀՀ կառավարությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին հատկացրել է 400 մլն դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հատկացման վերաբերյալ այս որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության հունվարի 27-ի նիստի օրակարգում: Նշենք, որ այս մասին որոշման նախագիծը չզեկուցվող է:

Մեզ հայտնի դարձավ, որ այն տրվել է «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման համար,

այսինքն՝ 400 մլն դրամ գումարը հատկացվել է Քաղավիացիայի կոմիտեին՝ ընթացիկ տարվա ծախսերի համար: Թե կոնկրետ ինչ է անելու Քաղավիացիան այս գումարով, պաշտոնական որեւէ բացատրություն չկա: Եւ սա այն դեպքում, երբ Քաղավիացիայի կոմիտեն ընթացիկ տարվա համար ունի հաստատված բյուջե: Թե ինչու է անհրաժեշտություն առաջացել եւս լրացուցիչ 400 մլն դրամ հատկացնել, հայտնի չէ:

Բայց, սրան զուգահեռ, նշենք, որ Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթի ուղեւորները 36 ամսով ազատվել են 10 հազար դրամ «օդի տուրքից»: Մասնագիտական մի շրջանակ կանխատեսում է, որ 400 մլն դրամով Քաղավիացիայի կոմիտեն մտադիր է ծածկել նոր չվերթների ծախսերը, որոնց մեջ է մտնում նաեւ «օդի տուրքը» չստանալու արդյունքում առաջացող բացերը:

Նշենք, որ «օդի տուրքից» ազատվել է նաեւ թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությունը, որին թույլատրվել է իրականացնել Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ ոչ կանոնավոր թռիչքներ։ Տեղեկացնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «FlyOne Armenia» ընկերությունը եւս փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով:

 

 

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԱՃԱՌՔԸ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը քննարկում է նախաձեռնել մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների ներկայացուցիչների հետ։ Վերլուծվել են նախորդ ամսվա ընթացքում իրականացված վերահսկողական շրջայցերի արդյունքները եւ ընթացքում առաջացած դժվարությունները։

2022 թ. հունվարի 1-ից առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում արգելվում է մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։

 

 




Լրահոս