ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԲՈՒՄ Է ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019-ից սկսած 10-ը լավագույն մարզիկներին տրվող 5 մլն դրամ գումարը երկրաչափական ռեգրեսով նվազում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սպորտի ոլորտի լավագույններին տրվող 5 մլն դրամը տարեցտարի նվազել է մինչեւ 3 մլն: «2020-ին, կորոնավիրուսային համավարկով պայմանավորված, 10 լավագույն մարզիկներին պարգեւատրելու միջոցառումը տեղի չունեցավ, 2021-ին գումարը մասնակի՝ պահումով տվեցին, ու մարզիկները ոչ թե 5 մլն, այլ 3 մլն 900 հազար դրամ ստացան,- փոխանցեց սպորտաշխարհին մոտ կանգնած մեր զրուցակիցն՝ ավելացնելով։- Այժմ էլ պարզվում է, որ այդ գումարից 700 հազար դրամ էլ մարզիկները պետք է իրենց մարզիչներին ու բժիշկներին վճարեն, ոպեսզի նրանք էլ պարգեւատրվեն կամ հավելավճար ստանան: Ստացվում է՝ պետությունն իբրեւ թե խարխուսում է մարզիկներին, բարձրագոչում, թե 5 միլիոնական դրամ է տալիս 10-ը լավագույններին, բայց մարզիկն իրականում 3 միլիոնի չափ գումար է ստանում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը ԿԳՄՍ-ն հաստատեց՝ ասելով. «Այո, այդ 5 միլիոնից 1 միլիոն պետք է հատկացվեր մարզական շտաբին»:

«Առանց կառավարության որոշման, որեւէ իրավական հիմքի, նախարարության ուղղակի հրահանգով, նախարարությունն իրավունք չուներ ինքնագլուխ որոշելու, որ տքնաջանորեն, զօրուգիշեր մարզվող ու Հայաստանի անունն աշխարհով մեկ բարձր պահող մարզիկների պարգեւավճարներից կարող է գումար պահել»,- սրտնեղեց մեր զրուցակիցը: Փաստ է, սակայն, որ պետությունն իր վերաբերմունքով վիրավորոմ է պրոֆեսիոնալ մարզիկներին:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում տարբեր կոալիցիաներ են ձեւավորվել եւ, ըստ էության, պատերազմ հայտարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երկու քննչական մարմինները միասին պայքար են սկսել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ, իսկ այս իրավիճակում չեզոք դիրք են պահում ՀՀ ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը: Նկատենք, որ իրավապահ համակարգի երկու նախաքննական մարմին փորձում են այնպես անել, որ գլխավոր դատախազը մինչեւ իր պաշտոնավարման ավարտը, որը սեպտեմբերին է լինելու, չպաշտոնավարի, այլ ավելի շուտ լքի պաշտոնը, իսկ, ահա, դատախազությունը կռիվ է տալիս: Թե ինչով կավարտվի իրավապահ համակարգում առաջացած այս կռիվը, ցույց կտա ժամանակը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկությունների  համաձայն՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ ԱԺ նախագահի կարգավիճակում 2020 նոյեմբերի 10-ին բռնություն կիրառելու մասով հարուցված քրեական գործով միջնորդություն է ներկայացվել ԱԱԾ նրա  դեմ   բռնության գործով  մեղադրյալ Ժիրիկ Սիրեկանյանի  նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին: Բանն  այն է, որ  նախաքննական  մարմինը  տեւական ժամանակ գործով  անցնող անձանց  մասով  որեւէ  քննչական  գործողություն  չի  անում եւ քրեական գործն էլ մահակի պես  պահում է  մեղադրյալների  գլխին: Մեզ հետ զրույցում գործով մեղադրյալները նշեցին, որ տեւական ժամանակ է, ինչ իրենց մասնակցությամբ նախաքննական մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում: Հետաքրքիր է՝ 1 տարի 4 ամիս ինչ է քննում ԱԱԾ-ն եւ դեռեւս չի կարողանում պարզել, որ գործը  ուղարկի  կա՛մ դատարան, կա՛մ  էլ կարճի: Հիշեցնենք, որ 2020 նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես՝ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում զանգվածային անկարգություններ եղան: Բացի այդ, նույն օրը Երեւան քաղաքում ծեծի ենթարկվեց ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանը։

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լուրջ գործընթաց է սկսել բուհերի օպտիմալացման վերաբերյալ: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ օպտիմալացման նախագիծն արդեն ամբողջ փաթեթով նախարարությունը պատրաստվում է ուղարկել կառավարություն: Նախարարությունն առաջին փուլով որոշում է կայացրել միավորել Կինոյի եւ թատրոնի ինսիտուտն ու  Գեղարվեստի ակադեմիան: Անգամ հայտնի է արդեն միացված համալսարանների նոր անվանումը. այն կկոչվի «Արվեստների ակադեմիա»: Մեր հավաստի տեղեկություններով`   նախարարությունը կառավարության հետ ամեն ինչ անելու է, որպեսզի նոր ուսումնական տարին սկսեն հենց նոր համալսարանում: Հատկանշական է, որ նախարարության այս գործընթացին մեծապես աջակցել է  Կինոյի եւ թատրոնի ինսիտուտի նախկին ռեկտոր, ներկայիս պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը:

 

 




Լրահոս