ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԹԵՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին Իջեւանի ավագ դպրոցում կայացավ ուսուցիչների թափուր տեղի համար երկրորդ մրցույթը: Առաջին մրցույթը կայացել էր օգոստոսի 25-ին, եւ այն ժամանակ մրցույթի մասնակից 19 ուսուցչից ընտրվել էր միայն մեկը` հայոց լեզվի եւ գրականության մասնագետը, մնացած առարկաների մասնագետները չէին կարողացել հանձնել քննությունը:
Երկրորդ մրցույթը կայացել է պատմության, անգլերենի եւ մաթեմատիկաի ուսուցիչների մեկական թափուր տեղերի համար: Այս անգամ պատմության ուսուցչի թափուր տեղի համար դիմել է 15 հոգի, որից մրցույթին մասնակցել է 11-ը: Մրցույթն անցկացվել է երկու փուլով` գրավոր եւ բանավոր, գրավոր փուլն անցածներն իրավունք են ստացել մասնակցելու բանավոր քննությանը: Պատմության գրավոր քննության 11 մասնակիցներից միայն մեկն է հաղթահարել քննական արգելքը, ճիշտ պատասխանել առաջադրված 40 հարցերից 32-ին, այսինքն` հարցերի 80 տոկոսին:  Նա հաջողությամբ է հանձնել նաեւ բանավոր քննությունը:
Անգլերենի եւ  մաթեմատիկայի ուսուցիչների մեկական թափուր տեղերի համար  դիմել եւ քննությանը մասնակցել են 4-ական թեկնածու: 4 մասնակիցներից 2-ն են հանձնել անգլերենի գրավոր քննությունը, նրանք հաջողությամբ հանձնել են նաեւ բանավոր քննությունը: Ավագ դպրոցի անգլերենի ուսուցիչ է ընտրվել երկու հաջողակ մասնակիցներից գրավոր քննության ժամանակ ավելի շատ միավորներ ստացածը:
Մաթեմատիկայի ուսուցչի 4 հավակնորդներից եւ ոչ մեկը, ինչպես եւ առաջին մրցույթի ժամանակ, չի կարողացել հանձնել գրավոր քննությունը: Ըստ օրենքի` դպրոցի տնօրենը որպես ուսուցիչ ընտրել է մաթեմատիկայի ուսուցչի թաթուր տեղի մրցույթի մասնակիցներից մեկին, ով հետագայում կրթության եւ գիտության նախարարությունում ատեստացիա է անցնելու: Մրցույթն անցել է օբյեկտիվ, առանց կողմնակի միջամտության, մասնակիցներին «զանգ ընկերոջ»-ի հնարավորություն չի տրվել: Իջեւանի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Խոջայանն ասաց, որ մրցույթի գաղափարը նոր է, եւ չի կարելի այն աղավաղել: Հավելենք, որ ուսուցիչների թափուր տեղերի համար մրցել են ոչ միայն բուհը նոր ավարտածներ, այլեւ աշխատանքային փորձ ունեցող, Իջեւանի այլ կրթօջախներում աշխատող, սակայն ավագ դպրոցում դասավանդելու ցանկություն ունեցող մանկավարժներ: Մրցույթի մասնակիցների շուրջ քառորդ մասը ներկայումս աշխատող կամ աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչ է եղել: Ուշագրավ է, որ  առաջին մրցույթի անհաջողակների թվում են եղել հայոց լեզվի, իսկ երկրորդ մրցույթի մասնակիցների մեջ` անգլերենի ուսուցիչներ, որոնք Իջեւան քաղաքում հայտնի են որպես բուհ դիմողների մասնագետ-կրկնուսույցներ: Իսկ մրցույթի հարցերը վերցված են եղել  դպրոցական միասնական ավարտական քննության թեստերից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս