«ԴԵՐԱՍԱՆՆ ԱՅՍՕՐ ԱՆՏԵՐ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Ռուզան Վիթ Մեսրոպյանն իր անվան շուրջ մեծ հետաքրքրություն առաջացրեց «Քրմուհի» ֆիլմից հետո: Նրա կերպարի մասին խոսվեց, նրա խաղն արժանացավ բարձր գնահատականի, սակայն, ցավոք, ֆիլմը չունեցավ երկար կյանք:
Ռուզանը երկար տարիներ ապրել եւ աշխատել է Փարիզում: Հիմա էլ սցենար է գրել, նոր գաղափարներ ունի, որոնք ֆինանսների բացակայության պատճառով չի կարողանում իրագործել: Դերասանուհին նաեւ հրաժարվում է սերիալներում նկարահանվել:
-Իմ շատ ցավոտ տեղին կպաք: Ես իսկապես պայքարում եմ, որ չհայտնվեմ սերիալներում: Պայքարել բառն էլ տեղին եմ ասում, որովհետեւ այնտեղ ֆինանսներ են առաջարկում, որն այսօր բոլորիս պետք է: Ես ունեմ շատ այլ ծրագրեր, որոնք կրկին ֆինանս են պահանջում: Մշակույթի նախարարությունը դեռ 2-3 տարի առաջ խոստացել էր գումար տրամադրել, բայց առ այսօր ոչինչ չի տրվել:
-Ի՞նչն է պակասում դերասաններին:
-Դերասաններին  պակասում է տերը: Դերասանն այսօր անտեր է: Հաց վաստակելու համար գնում է, այդ խեղճ ու կրակ սերիալներում դառնում է ոչ մի բան: Չնայած, հայտնի են դառնում էժանագին ճանապարհով` մեքենա, ավելի շքեղ հագուստ, բարեկեցիկ կյանք, բայց արվեստն է կորում, կորում են նաեւ հոգեւոր արժեքները: Դերասանը չի կարող լինել պատահական մարդ: Հիմա էլ ավելի ամպագոռգոռ բառեր են օգտագործում` աստղ են անվանում: Ես հաղորդում եմ պատրաստում իրական աստղերի մասին: Աստղը կենսագրություն ունեցող մարդն է: Իմ մտահղացումներն իրականացնելու համար ինձ պակասում է փողը: Բա ափսոս չե՞ն կենսագրություն ստեղծած մարդիկ: Ուրեմն անտեր ենք, ու միայն մենք չենք, ողջ ազգն է անտեր: Ես սա սպիտակ գենոցիդ եմ համարում: Իսկ ո՞ւր է մշակույթը, չկա, դա է իմ ցավը:  
-Դրա համար էլ շատ արվեստագետներ հեռանում են երկրից:
-Ես հիմա նորից ճանապարհ եմ փնտրում, որ գնամ Փարիզ, չնայած ես իմ գործերն այստեղ կանեմ, ես շատ կող ունեցող երեւույթ եմ: Այստեղ ինձ չեն տա այն գումարը, որ ես այնտեղ մեկ դերով խաղում էի ու հանգիստ տուն գնում: Ես այսօր երթուղայինից ու մետրոյից եմ օգտվում, որովհետեւ մեքենա գնել չեմ կարող:
Իմ ամուսինը հրաշալի նկարիչ Անդրեյ Շուգարովն է, հենց էնպես չեմ գովում: Այսօր նա չի կարողանում ցուցահանդես ունենալ: Նրա պես շատ նկարիչներ: Իսկ պետությունը նույնիսկ չգիտի նրանց մասին:
-Վրդովված եք երեւում:
-Ինչո՞ւ պետք է կենսագրություն ունեցող դերասանները հայտնվեն ճանապարհ չանցած, շատ ներողություն, ձվից նոր դուրս եկած «դերասանների» կողքին, որոնք անգամ թատերական կրթություն չունեն: Բայց արի ու տես, որ նրանք «աստղ» են, շքեղ մեքենայով են պտտվում: Իսկ վաստակավոր դերասանները նստեն տանը, չիմանան` ինչպես անեն, որ գոնե իրենց եղածը պահեն:
Ես այսօր իմ սերնդի կողմից խոսեմ: 1973 թվականի ծնունդ եմ, իմ սերունդը, որը հայտնվեց պատերազմական այդ շրջանում, ավերված, դժբախտ սերունդ է համարվում: Ես հիշում եմ` 17 տարեկան աղջիկ, ինչ թրթիռներով գնացի, ինստիտուտ ընդունվեցի, ինչքան բաներ կային իմ մեջ ու… պատերազմ… Հետո ինչ-որ կցկտուր թատրոն, որովհետեւ Սունդուկյան մտա, որտեղ անհասկանալի բաներ էին կատարվում: Ամեն մեկն ուզում էր իր պատառն անել ու քեզ դուրս շպրտել, որովհետեւ ոչ մի բնական պրոցես չկար, եւ անտառում սոված գազանները միշտ էլ հարձակվում են իրար վրա:
-Մտավախություն չունե՞ք, որ այսպես տանը նստելով, չնկարահանվելով` կմոռանան Ձեր մասին:
-Ես չեմ ընտրել ինձ համար այս մասնագիտությունը, որ ինձ հիշեն: Իմ հոգին է ընտրել եւ ընտրել է արվեստին ծառայելու համար: Եթե ես պետք է արվեստին չծառայեմ, այլ ծառայեմ սերիալին, ապա… Չեմ մեղադրում ոչ մեկին: Մինչ օրս փորձում եմ չհայտնվել այնտեղ, բայց մեծ ջանքերի շնորհիվ: Հեշտ չէ, այդ փողն ինձ շատ է պետք:
-Հայաստանում կինոինդուստրիա էլ չկա, որ սպասեք միայն ֆիլմերում նկարահանվելու առաջարկներին:
-Գիտեք, «Քրմուհի» ֆիլմից հետո ինձ ոչ մեկը չհրավիրեց հեռուստաընկերություն:
-Երեւի նրանց գումար չէիք տվել:
-Իսկ գիտե՞ք, որ ես դա կարող էի անել, բայց չարեցի: Ծիծաղելի է: Հայաստանից գնացած դերասանուհուն Փարիզում հրավիրում են եթերի, մեծագույն ուշադրության են արժանացնում, իսկ այստեղ…
-Մի քիչ էլ խոսեք Ձեր ընտանիքից, գիտեմ, որ աղջիկ ունեք:
-Իմ հրաշքը 2,5 տարեկան է: Լավ կլիներ, որ առհասարակ կենցաղային խնդիրներ չլինեին: Բայց այնտեղ, որտեղ սերն է իշխում, այնտեղ ամեն ինչ գեղեցիկ է: Իմ ընտանիքում սերն է գործում: Ես մայր եմ, կին եմ, ով իրեն երջանիկ է զգում: Իմ բախտը բերել է նաեւ իմ ամուսնու ընտրության հարցում, հայ իրականության մեջ մի քիչ դժվար է գտնել այդպիսի տղամարդ:
-Կանացի ի՞նչ թաքուն, գաղտնի պահած երազանքներ ունեք:
-Կուզենայի, որ մի օր իմ ֆինանսներն այն վիճակում լինեին, որ ես մի որդի էլ ունենայի: Մի բալիկը քիչ է, եւ մեծ ցանկություն կա, որ Շուգարով ազգանունը, տոհմը  շարունակող հայտնվի:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս