ԹԻՐԱԽՈՒՄ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի ընթացքում հասարակության կողմից ամենից հաճախ հնչող արտահայտությունն «օդը փակեքն» էր: Պատերազմից ուղիղ երկու տարի անց, ցավոք, ականտեսն ենք, որ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի օդը փակ չէ: Ապացույցը նաեւ վերջին՝ սեպտեմբերի 13-ի պատերազմական գործողություններն էին, ինչի ժամանակ հակառակորդը տարատեսակ զենքերի հետ մեկտեղ նորից անօդաչու թռչող սարքեր էր կիրառել: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի փոխանցմամբ՝ հայտնի չէ՝ պատերազմից հետո 2 տարվա ընթացքում Պաշտպանության նախարարությունը հակաօդային պաշտպանության ոլորտում ինչ քայլեր է իրականացրել: Վերջին նորությունը, ինչի մասին հասարակությանը տեղեկացվել է, «Մի-8» ուղղաթիռների ձեռքբերումն է, ինչը հակաօդային պաշտպանության տրամաբանության մեջ դիտարկել չի կարելի: Փորձագետի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 13-ի էսկալացիայի ժամանակ անգամ հակառակորդը մեր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը թիրախավորել ու որոշակի հաջողությունների է հասել: Մանգասարյանը մեկ այլ կարեւոր հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում. «Շատ լուրջ պետք է ուսումնասիրենք ու ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, թե ինչու են մեր ՀՕՊ համակարգերն այդքան մոտ գտնվում շփման գծին կամ բնակավայրերին: Եթե նախկինում ՀՕՊ-ը, պայմանական ասենք, Գորիսում էր տեղադրված, ապա դա հնարավորություն էր տալիս, որ Արաքսի հովտից որոշակի հեռավորության վրա խնդիր կարողանայինք լուծել, բայց եթե սահմանն արդեն Գորիս քաղաք է հասել, ու թշնամին մի քանի կիլոմետրի վրա է գտնվում, ապա ռազմական տեսնակյունից բնակավայրին մոտ ՀՕՊ համակարգ տեղակայելը ճիշտ չէ»:

 

Ըստ նրա՝ հակառակորդը ՀՕՊ համակարգը շարքից հանելուց հետո, բնական է, փորձելու է այլ փուլերի անցնել: Չի բացառում՝ եթե ամեն բան լրջանա, ապա կարող է անգամ ռազմական ավիացիա կիրառել: «Եթե փորձենք հասկանալ նրանց հեռահար նպատակները, ապա չի բացառվում, որ մեզ մեծ վնասներ հասցնելու համար ռազմական տարբեր ավիացիա կիրառելու նպատակներ ունեն»:

Մեր զրուցակիցը ՆԱՏՕ-ի բանակի օրինակով է բացատրում՝ հակամարտության ընթացքում հակառակորդը նախ փորձում է, այսպես ասած, օդը մաքրել ու արդեն ավիացիա կիրառելու համար նպաստավոր պայմաններ ստեղծել:

Մանգասարյանի հետ նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից հանրայնացրած, բայց այդպես էլ կյանքի չկոչվող  գաղափարի՝ 3-ամսյա վարժանքները 25-օրյայով փոխելու մասին խոսեցինք:

Պապիկյանի ներկայացրած գաղափարն, ասում է փորձագետը, խնդրահարույց է, ու ո՞րն է նման առաջարկ հրապարակ բերելու նպատակը:

«Մեր առջեւ ի՞նչ նպատակ ենք դնում. որ պահեստազորայիններին վարժեցնենք ու նրանք նորանոր հմտություններ ձեռք բերե՞ն:

Եթե դա է, ապա ինչո՞ւ պետք է պարտադիր մարտական պատրաստվածություն անցնեն, այն էլ՝ 14 օր»,- բարձրաձայնում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է դեռեւս միսուարյուն չստացած նախագծին, որ, ըստ Պապիկյանի, հնարավորություն է տալու, որ քաղաքացին ինքը կորոշի՝ երբ, տարվա որ ժամանակահատվածում վարժանքի մեկնի, ապա մեր զրուցակիցը նորից է հարց բարձրացնում՝ ինչպե՞ս է հարցը կարգավորվելու, եթե, օրինակ, պահեստազորայինների մեծ մասը որոշի օգոստոս ամսին վարժանքի մեկնել:

Եռամյսա հավաքների ժամկետը կրճատելու ու դրանք է՛լ ավելի արդյունավետ դարձնելու մասին գործադիրը դեռեւս միայն հայտարարել է: Դա հավաստող օրենսդրական նախագիծ մինչեւ այս պահը չի շրջանառվել: Պաշտպանության նախարարության ու կառավարության պաշտոնական կայքէջերում եռամսյա վարժանքները 25-օրյայի վերածելու մասին որեւէ տեղեկություն, առավել եւս՝ նախագիծ ու օրենսդրական փաթեթ չկա:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանի սահմաններին մշտադիտարկումը կիրականացնի հիմնականում ճանապարհային պարեկների եւ հսկող սարքավորումների միջոցով, եւ դիտորդական խումբը կենթարկվի Բրյուսելի կենտրոնակայանին, այլ ոչ թե կողմերին. ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Հարցին, թե արդյոք արդյունքները կարող են օգտակար լինել, եթե մշտադիտարկումն անցկացվում է միայն հայկական կողմում, Եվրամիության պաշտոնյան հիշեցրել է, որ նախագահ Ալիեւը «հստակ հասկացնել է տվել, որ Բաքուն համաձայն է այդ առաքելության հետ համագործակցել այնքանով, որքանովի առնչվում է իրեն»։

«Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմը կհամագործակցի առաքելության հետ տեղում համապատասխան դերակատարների միջեւ կանոնավոր շփումների միջոցով, առանց ադրբեջանական կողմում առաքելության անդամների ֆիզիկական ներկայության: Հուսով ենք, որ այս առաքելությունը կծառայի նաեւ կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը», – հավելել է Կլաարը:

«Այժմ կարեւոր է վերջնականապես շրջել թշնամության էջը, խուսափել նախկին սխալներից եւ դրական հռետորաբանություն ապահովել կողմերի միջեւ՝ հանուն խաղաղ ապագայի»,- հայտարարել է դիվանագետը՝ վստահեցնելով, որ այդ ուղղությամբ ԵՄ-ն շարունակում է լուրջ փոխգործակցությունը երկու կողմերի հետ։

 

 

 

«ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Երեւանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընդլայնված կազմով հանդիպմանը Հայաստանի վարչապետը խոսել է «լուրջ հաջողությունների» մասին եւ վիճակագրություն հրապարակել։

Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ այս տարի՝ հունվարից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում, Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս երկրների միջեւ կազմել է 2.8 միլիարդ դոլար, ինչը 74 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։

«ԵԱՏՄ-ի կայացման գործընթացում մենք լուրջ հաջողությունների ենք հասել։ Ստեղծվել է տարողունակ ընդհանուր շուկա, նկատելիորեն աճել են փոխադարձ առեւտրի ցուցանիշները», -հավելել է Հայաստանի վարչապետը եւ ընդգծել՝ Հայաստանից արտահանումը ավելացել է 2 անգամ, իսկ ներկրումը՝ 58 տոկոսով։

Վարչապետ Փաշինյանն իր ելույթը ամփոփել է՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվորեն համագործակցելու Միության անդամ բոլոր պետությունների հետ՝ ի շահ եվրասիական ինտեգրման առաջմղման:

 

 

 

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ

Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Կովսականում միջազգային օդանավակայանի կարմիր ժապավեններ են կտրել: ArmLur.am-ը գրել էր, որ հայկական Կովսականում բացված օդանավակայանի առաջին ուղեւորը լինելու պատիվը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանինն է եղել:

 

Իրողությանը հայ հասարակությունը որեւէ կերպ չի արձագանքել՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական: Իրականությունը, սակայն, այն է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ոչ միայն Կովսականը (Զանգելան), այլ նաեւ Սանասարն (Կուբաթլու) Ադրբեջանի վերահսկողության տակ չպետք է անցնեին: Այդ մասին հայտարարության մեջ որեւէ կետ չկա։ Այս մասին դեռեւս նախորդ տարվա՝ 2021-ի օգոստոսի 24-ին՝ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էր բարձրաձայնել ու հարց ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե այդ ինչ գաղտնի փաստաթղթի հիման վրա են հայկական զորքերը ոչ միայն Կովսականից ու Սանասարից, այլ նաեւ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածից (21 կմ-ից) հետ քաշվել։ Ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ, այո, ադրբեջանական կողմի հետ այդ մասով բանավոր պայմանավորվածություն են ունեցել։

Այսօր արդեն ականատեսն ենք լինում, որ Արցախի Հանրապետության՝ իր վերահոսկողության տակ անցած տարածքներում, որոնց մի մասի նկատմամբ, ի դեպ, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պաշտոնական Բաքուն վերահսկողություն չպետք է ունենար, Ադրբեջանը լայնածավալ շինարարություն է իրականացնում՝ շահագործման ավտոճանապարհներ, երկաթգիծ, թունելներ, կամուրջներ ու օդանավակայաններ հանձնելով։

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 




Լրահոս