ՀԵՐԹԱԿԱՆ ԹՂԹԻ ԿՏՈՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթի այսօրվա զրուցակիցը «Միացյալ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Վարդան Այվազյանն է։

 

-Պարո՛ն Այվազյան, վերջերս հայ հասարակության շրջանում շրջանառվող հիմնական թեզերից մեկը Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքնելն է: Եթե հարցին իրավական ու սահմանադրական իրավունքի տեսանկյունից մոտենանք, ապա հետագա ի՞նչ գործընթացներ է բերելու կամ ենթադրելու դրա կնքումը:

-Շնորհակալություն հարցն այդպես ձեւակերպելու ու խնդիրը Սահմանադրության տեսանկյունից վերլուծելու համար։ Ինչու՝ որովհետեւ եթե Սահմանադրության ու իրավունքի տեսանկյունից ենք դիտարկում պետությունների միջեւ կնքվող նմանատիպ փաստաթղթերը, ապա, ըստ էության, պետք է իրավունքի գերակայությամբ առաջնորդվենք, այսինքն՝ նմանատիպ փաստաթուղթը մեզ ամբողջովին ու իրապես պետք է խաղաղությամբ ապահովի: Սա՝ իրավաբանական տեսնակյունից, իսկ եթե փաստացի տեսանկյունից դիտարկենք փաստաթուղթը, ապա պետք է արձանագրել, որ այժմ միջազգային իրավունք պարզապես գոյություն չունի: Եվ դա գոյություն չունի համաշխարհային երկրորդ պատերազմից ու առավելապես 1990-ականներից ի վեր, երբ երկբեւեռ աշխարահակարգը փլուզվեց ու դարձավ միաբեւեռ։ Հենց այդ ժամանակ էլ միջազգային իրավունքի հուղարկավորության սկիզբը դրվեց:

«Խաղաղության պայմանագիր» կոչվածին մեր հասարակությունը լուրջ չպետք է վերաբերվի, որովհետեւ ինչ տարբերակով էլ որ այն կնքվի, համոզված եմ՝ կենսունակ չի լինելու: Այսօր պետությունների վարքագիծն ու աշխարհի աշխարհակարգը փաստացի ցույց են տալիս, որ մոլորակի վրա ժամ առ ժամ, ցանկացած պահի քաղաքական իրավիճակ է փոխվում: Բացի այդ, եթե «խաղաղության պայմանագիր» է կնքվում հաղթած ու պարտված պետությունների միջեւ, ապա պարտված պետությունների համար դա կապիտուլիացիայի պայմանագիր է դառնում: Եվ եթե այն ստորագրվի, ապա լրջություն չի ունենալու, ավելին՝ մեր ժողովրդի, պետության համար խաղաղության ու անվտանգության երաշխիրքներ չի ապահովելու: Այսինքն՝ դա հերթական թղթի կտորն է լինելու:

-Պատերազմից հետո մեր հասարակության շրջանում մեկ այլ եզրույթ էլ է շրջանառվում ու քննարկվում. Ադրբեջանին Հայաստանով դեպի Նախիջեւան «միջանցք» տրամադրելու մասին է խոսքը: Իհարկե, այդ թեզն Ադրբեջանն է հրապարակ նետել, բայց այժմ էլ թեեւ հայաստանյան իշխանությունները վստահեցնում են՝ որեւէ «միջանցք» չեն տրամադրելու, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան պնդում են՝ եթե Հայաստանն իր կամոք «միջանցք» չտա, ապա նրանք դա բռունցքով են վերցնելու: Իրավական տեսանկյունից ի՞նչ ասել է «միջանցքի» տրամադրում:

-Ադրբեջանցիների պատկերացրած բաղձալի «միջանցքը» նրանք պատկերացնում են բացառապես իրենց վերահսկողության ներքո, բայց մեր Սահմանադրությունը հստակ է սահմանում. այն, ինչ վերաբերում է մեր պետության ու պետական սահմանների փոփոխությանը, ապա դա չի կարող վարչապետի կամ ինչ-որ մի խմբակի քմահաճույքով որոշվել: Իրավական տեսակետից նման հարցը հանրաքվեով ու ժողովրդի կամքով է որոշվում: Լեգիտիմության տեսանկյունից միայն այս կերպով կարող է միջանցք տրամադրվել: Այս պահին կարծես Ռուսաստանին են մեղադրում «միջանցք» տրամադրելու մեջ, բայց Ռուսաստանը տարբեր պաշտոնյաների շուրթերով հայտարարում է, որ նման օրակարգ գոյություն չունի, նման խոսակցություն չկա: Արեւմուտքը նույնպես վստահեցնում է, թե «միջանցք» չի կարող տրամադրվել, բայց այս ամենը թե՛ գերտերությունների, թե՛ նաեւ մեր իշխանություների կողմից մանիպուլյացիաներ են, որ որեւէ կերպով ընդհանուր աղերս չունեն սահմանադրական ու իրավական կարագավորումների հետ: Ցավոք, այսօր իրերի դասավորությունն այնպիսին է, որ ինչպես գլոբալ, այնպես էլ ներպետական քաղաքականությունը պետք է իրավունքից բխի: Այսինքն՝ ցանկացած շարժ չպետք է հակասի իրավունքին, բայց, ցավոք, մեր օրերում իրավունքն են փորձում քաղաքականության հարմարեցնել։  Դրա վառ օրինակն այն է, որ միջազգային իրավունքը փոխակերպվել է գերտերությունների կողմից թելադրվող կանոններով, իսկ կանոններն իրավունք լինել պարզապես չեն կարող: «Միջանցքի» տրամաբանությունից ու նմանատիպ խոսակցություններից զերծ լինելու համար իշխանություններն առնվազն պետք է կարողանան, ունակ լինեն կոնսոլիդացնել հասարակությանը, նրանց միեւնույն արժեհամակարգին, հայրենասիրական ընկալմանը բերել, որպեսզի կարողանան անառիկ պահել մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Ես այսօր խիստ կասկածում  եմ, որ հայաստանյան իշխանություններն ունակ են համընդհանուր կոնսոլիդացիա իրականացնել:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՄՈՍԿՎԱՆ ԴԻՄԵԼ Է ԵՐԵՎԱՆԻՆ

Մոսկվան տարակուսանքով ընդունեց Կոնստանտին Զատուլինի եւ Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին տեղեկությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Մենք նման հայտարարությունները  տարակուսանքով ընդունեցինք։ Հիշեցնեմ, որ խոսքը ՌԴ Պետդումայի պատգամավորի եւ ռուսական լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մասին է։ Դիվանագիտական խողովակներով մենք անմիջապես դիմեցինք հայկական կողմին՝ պաշտոնական հաստատման եւ պարզաբանման համար։ Մենք ելնում ենք նրանից, որ, եւս մեկ անգամ ընդգծեմ, եթե այս տեղեկությունը հաստատվի, դժվար է որակել որպես մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխան բարեկամական քայլ։ Երբ Երեւանից պաշտոնական պատասխան ստանանք, այդ ժամանակ կորոշենք հետագա գործողությունները, արձագանքները եւ այլն»,- ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ եւ՛ Զատուլինը, եւ՛ Սիմոնյանը կողմ են հայ-ռուսական դաշնակցային կապերի համակողմանի ամրապնդմանը։

«Այս հարցում կասկած լինել չի կարող։ Ես նրանցից այլ հայտարարություններ չեմ լսել։ Ես իսկապես չէի ցանկանա, որ արհեստական պատճառներ հորինվեն ներկա պայմաններում, երբ Արեւմուտքը նպատակաուղղված փորձում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում, սեպ խրել Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններում»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ երեկ Armlur.am-ը անդրադարձել էր այս նյութին եւ ներկայացրել էր ՀՀ ԱԺ-ի կողմից ուղարկված նամակը՝ ուղղված Զատուլինին:

 

 

 

ՎԱՐԿ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը կտրամադրվի 20 մլրդ դրամ գումարի չափով միջպետական վարկ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ գումարով տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակելի տներ են կառուցվելու եւ կահավորվելու, ինչպես նաեւ բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար է:

Պարզվում է, որ ԼՂՀ ֆինանսների նախարարը 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Լեռնային Ղարաբաղին միջպետական վարկի գումարը 20 մրդ դրամով ավելացնելու վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ կառավարություն:

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է դեֆիցիտի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 20 մլրդ դրամի չափով:

Ի դեպ, տեղեկացնենք, որ նախատեսված 20 մլրդ դրամ միջպետական վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվելու է տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով: Բացի այս, միջպետական վարկի տրամադրումն իրականացվելու է առանց ապահովման միջոցի:

 

 

 

ԲՆԱԿԱՐԱՆ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

Ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ՀՀ ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան կհատկացվի:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստում եւ չզեկուցվող հարցերի շարքում է:

Նշենք, որ որոշման այս նախագծի ընդունումը պետական բյուջեում առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի տարեկան չափը կարող է կազմել ավելի քան 12,5 մլրդ դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ մինչեւ բնակարանների հատկացումը անցկացվելու է վիճակահանություն: Բացի այս, հատկացվող բնակարանների նկատմամբ զինծառայողների գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու է ՀՀ պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

 




Լրահոս