ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄՏՆՈՒՄ ԵՆ ԱՅԳԻՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը դիմել է Արցախի ժողովրդի իրավունքների խախտումերի հանգեցնող հանցավոր գործողությունների, որոնց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար հանդես է եկել հայտարարություններով։

 

«Անցած երկու տարվա ընթացքում արձանագրվել են հրադադարի խախտման, հոգեբանական ահաբեկչության, ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարման, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտման, մշակութային արժեքների վանդալիզմի եւ այլ բնույթի հարյուրավոր անօրինական ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բացահայտ դրսեւորումներ, որոնք հանգեցրել են Արցախի ժողովրդի՝ կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, ազատ տեղաշարժի, անձնական եւ ընտանեկան կյանքի, մշակութային եւ կրոնական իրավունքների, արժանապատվության անխախտելիության իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, խտրականության արգելքի խախտումների։

l 2020 թվականի նոյեմբերի 10-ից 2022 թվականի նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է նյութական եւ մարդկային վնասի հանգեցրած հանցագործության 121 դեպք։

l Սպանվել է 18 անձ (3-ը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական), սպանության փորձի ենթարկվել՝ 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել եւ ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական անձ):

l Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնված 8 անձանցից 5-ը վերադարձվել է բռնության, խոշտանգման բացահայտ հետքերով, կոտրվածքներով։ Հայկական կողմին վերադարձված նշված անձանցից Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող՝ 1989թ. ծնված Արտակ Մանասյանը ընդամենը ամիսներ անց մահացել է։

l Թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 8 գյուղատնտեսական տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, 16 այլ գույք, հրկիզվել է 5 այգի, խաղաղ բնակչությունից հափշտակվել են մանր եւ խոշոր եղջերավոր անասուններ։ Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արոտավայրեր անցած կենդանիները չեն վերադարձվում, այլ հափշտակվում եւ օգտագործվում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։

l Բացահայտ խոչընդոտվում են շփման գծի հարեւանությամբ գտնվող տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները։ Թիրախային կրակոցներ են արձակվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ու գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ, որից հետո աշխատանքները դադարեցվում են: Ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունները ակտիվանում են հատկապես գյուղատնտեսական սեզոնի եւ բերքահավաքի ժամանակ։ Ադրբեջանցի զինվորականները երբեմն անմիջապես մտնում են այգիները եւ զենքի գործադրման սպառնալիքով բերքահավաքին մասնակցող անձանց ստիպում լքել այն: Նման վարքագծի հետեւանքով սպանվել է Մարտակերտի շրջանի բնակիչ, հողագործությամբ զբաղվող Արամ Տեփնանցը, Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Սեյրան Սարգսյանը։

l Ճնշում գործադրելու նպատակով պարբերաբար խաթարվում է կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքը, որպիսին արձանագրվել է 2022 թվականի մարտին, երբ Ադրբեջանի կողմից գազախողովակի պայթեցման հետեւանքով շուրջ 20 օր Արցախի ողջ բնակչությունը զրկված էր գազամատակարարումից եւ ջեռուցումից։ Հատուկ խլացուցիչների միջոցով շարունակվում են խլացվել կապն ու հաղորդակցությունը։

l Ի հեճուկս միջազգային տարբեր կառույցների կոչերի եւ հայտարարությունների՝ հրադադարի հաստատումից հետո բաց աղբյուրների մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային արժեքների, գերեզմանների նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման եւ պղծման հարյուրից ավելի դեպքեր։

l Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է հայատյացության քաղաքականությունը։ Ատելության քարոզ իրականացվում է Ադրբեջանի նախագահի, իշխող ուժի եւ հանրային ազդեցություն ունեցող անձանց անմիջական մասնակցությամբ։ Ադրբեջանական մանկապարտեզներում եւ դպրոցներում շարունակվում է հայերի նկատմամբ ատելության վրա հիմնված, այսպես կոչված, «հայրենասիրական» դաստիարակության մեթոդի կիրառումը։

Այս բոլոր գործողությունները Արցախի էթնիկ զտման եւ Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու ադրբեջանական վարքագծի փաստական ապացույցներն են։ Դրանք ավելի խոսուն են, քան ադրբեջանական ղեկավարության կեղծ խաղաղասիրությունն ու տրվող սուտ խոստումները»,- գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

 

 

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

 

ԿԳՄՍՆ-ից Armlur.am-ին հայտնում են, որ նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները:

Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով, մասնագիտական առաջարկություններով: Հիմնական դիտողությունները վերաբերել են համայնքների, պետական եւ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների առանձնահատկություններին եւ կենսունակությանը: Ընդգծվել է արժեքի տարածման եւ կիրառման աշխարհագրությունը եւ բնութագիրը հստակեցնելու պահանջը:

Խորհուրդը քննարկել է նաեւ առաջարկների կազմման, լրացման կարգի մասին հասարակության իրազեկման անհրաժեշտությանն ու աջակցությանը վերաբերող հարցեր:

Այդ նպատակով առաջարկվել է կազմակերպել մասնագիտական վերապատրաստումներ՝ ներգրավելով նաեւ մարզերի մշակութային ոլորտի համակարգողներին:

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները քննարկելիս մասնագիտական խորհուրդն ընդգծել է դրանց պահպանությանն ուղղված քաղաքականության մշակման կարեւորությունը:

Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն ուղարկել լրամշակման եւ դիտարկել համայնքներից, խմբերից, անհատներից, ինչպես նաեւ մշակութային, կրթական եւ հասարակական կազմակերպություններից նոր առաջարկների ստացման հնարավորությունը:

 

 

 

ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Հարություն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ ՊՆ  զորամասերից մեկի  ժամկետային զինծառայող, 2022 թ. հուլիսի 12-ից ընդգրկված լինելով մարտական հերթապահություն իրականացնող կազմում, 2022 թ.  հուլիսի 14-ին՝  ժամը 14:00-ի սահմաններում, գտնվելով հանգստացող հերթափոխում, օգտվելով համածառայող զինվորի  քնած լինելու հանգամանքից՝ սեքսուալ բնույթի այլ գործողություն է կատարել վերջինիս նկատմամբ, այն է՝ իր սեռական կրքին հագուրդ տալու նպատակով՝ ձեռքով շոյել է  համածառայողի հետույքը։ Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Նրա   նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  զինվորական հսկողության հանձնելը։  Նախնական դատալսումների փուլում  Հ.  Հարությունյանը ներկայացրել է համաձայնեցման վարույթ կիրառելու միջնորդություն՝ հայտնելով, որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչեւ միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է դրա հետեւանքները:  Պաշտպան Մ. Թամազյանը չի առարկել  համաձայնեցման վարույթ կիրառելու միջնորդության դեմ։  Հանրային մեղադրող Է. Վերմիշյանը նույնպես  չի առարկել  համաձայնեցման վարույթ կիրառելու միջնորդության դեմ, միաժամանակ դիրքորոշում է հայտնել, որ առանց տուժողի ներկայության հնարավոր է շարունակել  դատալսումները, քանի որ նախ՝ սույն քրեական գործով պատճառված գույքային վնաս առկա չէ, բացի այդ էլ՝ ինքը կապ է հաստատել տուժողի հետ, եւ վերջինս նշել է, որ չի առարկում համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ եւ Հ. Հարությունյանի նկատմամբ որեւէ բողոք եւ պահանջ չունի:  Տուժողը մինչեւ   դատալսումներ սկսելը կապ է հաստատել դատարանի աշխատակազմի հետ  ու  հայտնել, որ ՀՀ սահմաններին տիրող իրավիճակով պայմանավորված չի կարող ներկայանալ դատարան, սակայն չի առարկում   համաձայնեցման վարույթ կիրառելու դեմ, Հ.Հարությունյանի նկատմամբ որեւէ բողոք եւ  պահանջ չունի։ 2022թ. սեպտեմբերի 27-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մարտիրոսյանը վճռել է Հ. Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարքում, եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 տարի ժամկետով, պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով, Հ. Հարությունյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել այն զորամասի հրամանատարությանը, որտեղ կշարունակի ծառայությունը, իսկ զորացրվելուց հետո՝ ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական  ծառայության համապատասխան ստորաբաժանմանը՝ ըստ բնակության վայրի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս