ՀԱՊԿ-Ը ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ ԸՆԴՈՒՆԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին. «Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորը մտահոգությունն է հայտնում Երեւանում ս.թ. նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ Համատեղ անվտանգության խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ:

 

Վերջին շրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ կողմից իրականացվող գործողությունները չեն արձագանքում այդ կառույցի անդամների անվտանգային մարտահրավերներին, փոխարենը հաճախ սպասարկում են որոշ երկրների ներքին քաղաքական օրակարգերը եւ ծառայում քաղաքական ռեժիմների վերարտադրման նպատակին։ Այդպես՝ ս.թ. հունվարին ՀԱՊԿ-ը Ղազախստանի հրավերով իր խաղաղապահներին գործուղեց այդ երկիր՝ իրականացնելու գործառույթներ, որոնք իրենց բնույթով խաղաղապահությանը չէին վերաբերում, մինչդեռ երբ 2021թ. մայիսի 12-ին, ապա եւ՝ ս.թ. սեպտեմբերի 12-14-ը Հայաստանը դարձավ Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի ագրեսիայի թիրախ, եւ նրա տարածքներից շուրջ 150 քառակուսի կիլոմետր օկուպացվեց, իսկ հարյուրավոր զինվորներ եւ խաղաղ բնակիչներ զոհվեցին, վիրավորվեցին, գերեվարվեցին, խոշտանգվեցին կամ գնդակահարվեցին, իսկ խոշտանգման եւ գնդակահարության դեպքերը նկարահանվեցին հենց ադրբեջանցի զինվորականների կողմից եւ տարածվեցին համացանցում, ՀԱՊԿ որեւէ երկիր չդատապարտեց Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան, նրա տարածքների օկուպացիան եւ Հայաստանի քաղաքացիների հանդեպ կատարված ռազմական հանցագործությունները: Միեւնույն ժամանակ Հայաստանի սուվերենության եւ անվտանգության պաշտպանությանն ուղղված գործուն քայլերով աչքի ընկան մեր երկրի արեւմտյան գործընկերները՝ Եվրամիությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ ԱՄՆ եւ Ֆրանսիան, որոնք այլ գործողությունների թվում նաեւ դատապարտեցին Հայաստանի դեմ ուղղված ոտնձգությունները: Հենց ԱՄՆ միջնորդությամբ կանգնեցվեց Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, իսկ Հայաստանի արեւելյան սահմանին տեղակայվեցին Եվրամիության քաղաքացիական դիտորդներ՝ զսպելու համար Ալիեւի ռեժիմի հետագա ագրեսիվ նկրտումները: Մենք նաեւ բարձր ենք գնահատում ադրբեջանական հասարակության առաջադեմ այն ներկայացուցիչների կեցվածքը, որոնք եւս դատապարտեցին Հայաստանի դեմ ագրեսիան եւ նոր պատերազմի սանձազերծումը, ինչը հույս է ներշնչում երկու ժողովուրդների միջեւ խաղաղ համակեցության հեռանկարի հանդեպ: Մինչդեռ ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի ներկայացուցիչը ս.թ. սեպտեմբերի 15-ին հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում միակն էր, որը փաստացի պաշտպանեց եւ արդարացրեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ տարածքների օկուպացիան՝ այն անվանելով «դելիմիտացիայի դժվարություններ»: Միայն Հայաստանի իշխանությունների հետեւողական պահանջներից հետո ՀԱՊԿ-ը 2 ամիս ուշացումով ընդունեց Հայաստանի տարածքների օկուպացիայի փաստը, սակայն դրանով հանդերձ՝ մերժեց ՀԱՊԿ վերջին առցանց նիստի ընթացքում ՀՀ վարչապետի առաջարկած ճանապարհային քարտեզի ընդունումը, որով սահմանվելու էր Հայաստանի տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման մեխանիզմը: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնող Բելառուսի նախագահ Լուկաշենկոն բաց տեքստով հրապարակային հայտարարեց, որ ոչ մի նման ճանապարհային քարտեզ չի կարող կազմվել, քանի որ «Իլհամ Ալիեւը մեր մարդն է»: Այս ամենը հիմք է տալիս մտածելու, որ Հայաստանի դեմ ագրեսիան պլանավորված էր Կրեմլի հետ համատեղ եւ ուղղված էր ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականության, այլեւ նրա անկախության եւ ինքնիշխանության դեմ: Միաժամանակ ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանը եւ Բելառուսը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ 1991թ.-ից ի վեր երրորդ անգամ ագրեսիա իրականացրած Ադրբեջանի հարձակողական սպառազինությունների հիմնական մատակարարներն են: Մյուս կողմից՝ Ռուսաստանը մինչ օրս հրաժարվում է կատարել 2020թ.-ին ՀԱՊԿ կարգավորումների ներքո իրենից Հայաստանի գնած սպառազինությունների մատակարարումները: Սրան պետք է ավելացնել նաեւ այն հանգամանքը, որ ՀԱՊԿ անդամ մի շարք երկրներ շնորհավորել են Ադրբեջանին 2020թ.-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ վերջինի ագրեսիայի ընթացքում «հաղթանակի» կապակցությամբ: Բացի այդ, ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը չհրահրված եւ ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝ զավթելով նրա տարածքների զգալի մասը, սպանելով տասնյակ հազարավոր քաղաքացիների, փախստական կամ ներքին տեղահանված անձ դարձնելով շուրջ 10 միլիոն մարդու, կատարելով բազմաթիվ այլ հանցագործություններ եւ պատճառելով Ուկրաինայի ժողովրդին բազմաթիվ տառապանքներ, ինչը դատապարտվել է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի, նրա Հայաստանի ազգային պլատֆորմի եւ բազմաթիվ այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների եւ երկրների կողմից: Այս առումով անընդունելի ենք համարում նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային մուլտիպլեքսի միջոցով Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաընկերությունների կողմից այլատյացություն եւ պատերազմի քարոզչություն սփռումը, ինչն արգելված է ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով: Հիմք ընդունելով վերը թվարկածը, ինչպես նաեւ համոզմունք ունենալով, որ Հայաստանի տեղը ոչ թե ավտորիտար ռեժիմների ակումբում է, այլ ժողովրդավարական երկրների Եվրոպական ընտանիքում՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է Հայաստանի կառավարությունից. 1. Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները կատարելով՝ դուրս բերել Հայաստանը ՀԱՊԿ-ից. 2. Արգելել Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաընկերությունների՝ առաջին հերթին վերգետնյա հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի միջոցով: 3. Ակտիվացնել բանակցությունները արեւմտյան գործընկերների հետ՝ ռազմական եւ անվտանգային համագործակցության խորացման եւ մեր երկրի անվտանգության ապահովման նպատակով: 4. Վերսկսել Եվրամիության հետ բանակցությունները ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն միանալու նպատակով»: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ երկրների հանդիպումը Երեւանում:

 

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴԻ ՀՐԱՄԱՆ

Նախագահ Հարությունյանը պաշտոններից ազատման վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել.

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատման վերաբերյալ:

Համաձայն այդ հրամանագրերի՝ Միքայել Հայրիյանն ազատվել է Առողջապահության նախարարի պաշտոնից: Առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանին:

Նորայր Մուսայելյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանին: Անահիտ Հակոբյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնից: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին: Արմինե Պետրոսյանն ազատվել է սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարի պաշտոնից: Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանին:

Հայկ Խանումյանն ազատվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վարդան Բեգլարյանին: Ժիրայր Միրզոյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից եւ նշանակվել արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: Դավիթ Բաբայանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից եւ նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

Արամ Սարգսյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի պաշտոնից եւ նշանակվել քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: Վահրամ Բաղդասարյանն ազատվել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից եւ նշանակվել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

 

 

ՄԹԵՐՄԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ

Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից խորհրդային տարիներին եւ հատկապես Հայաստանի անկախանալուց հետո մեծ արտագաղթ է եղել։ Ոսկեպարցիները հիմնականում արտագաղթել են Ռուսաստան, հաստատվել Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, Վորոնեժում, Կուրսի մարզի Օբոյան քաղաքում եւ այլուր։ Ներկայումս Ոսկեպարը փաստացի ունի մոտ 700 բնակիչ։ Ոսկեպարցիներն այժմ հողագործությամբ զբաղվում են միայն տնամերձ տարածքներում, գյուղի վարելահողերը չեն մշակում` գերադասելով զբաղվել խոշոր եղջերավոր անասուններ պահելով, որոնք արածում են Ոսկեպարի մերձակա դաշտերում եւ անտառներում։ Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը հայտնեց, որ գյուղի նախկին ղեկավարների օրոք ինչ-որ ծրագրով Ոսկեպարում կառուցվել եւ գործարկվել է մոտ 15 տոննա տարողությամբ մրգերի սառնարան-չորանոց, որը տարիներով անգործության է մատնվել: Նա ասաց, որ ոսկեպարցիները անտառներից վայրի մրգեր, հատապտուղներ են հավաքում, վաճառում մրգեր ընդունողներին, այդ մրգերը կարող էին պահպանվել, մշակվել գյուղի մեծ սառնարան-չորանոցում։ Վարչական ղեկավարի խոսքերով՝ այս տարի ոսկեպարցիները անտառից մեծ քանակությամբ հոն են հավաքել եւ այն իրացրել կիլոգրամը մոտ 150 դրամով։ Ի. Աղբալյանը հայտնեց, որ Ոսկեպարից գործարար մարդիկ այժմ շահագործման են վերցրել գյուղի  սառնարան-չորանոցը։  Ոսկեպարում 6 ընտանիք կա, որոնք 50-60-ական գլուխ խոշոր եղջերավոր  անասուն են պահում։ Ոսկեպարում  մոտ 900 խոշոր եղջերավոր անասուն կա, սակայն կովատերերը չեն կարողանում իրացնել կաթը, երբեմն Կոթի գյուղից կաթնամթերքի արտադրամաս ունեցող անհատ ձեռներեց է գալիս, ոսկեպարցիներից  կաթ հավաքում։ Կաթի մթերման գինը, ըստ  սեզոնի, կազմում է 120 կամ 130-150 դրամ։ Ոսկեպարում կաթի ընդունման կետ, կաթնամթերքի արտադրություն գործարկելը կլուծի  տեղի անասնապահների համար կարեւոր՝ կաթի իրացման  խնդիրը։

 

 

 

ՔԱՆԴԵԼՈՒ ԵՆ

2021 թվականի օգոստոսի սկզբից Տավուշի սահմանագոտում հաստատված Ռուսաստանի զինուժը մարզում երկու զորանոց է կառուցել, որոնցից մեկը գտնվում է Նոյեմբերյան խոշոր համայնքի Ոսկեպար գյուղի վարչական տարածքում, մյուսը՝ Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղի նախկին, խորհրդային տարիներին գործած փոքր օդանավակայանի տարածքում։ Ռուսական զինուժի համար երրորդ զորանոցը կառուցվում էր Իջեւան խոշոր համայնքի սահմանամերձ Աչաջուր գյուղի տարածքում, գյուղ մտնող հիմնական ճանապարհից ձախ գտնվող տարածքում։ Հավաքովի կոնստրուկցիաներով զորանոցի շինարարությունը Աչաջրում սկսվել էր այս տարվա սկզբին, աշխատանքները կատարում էր Գորիսից շինարարական ինչ-որ ընկերություն։ Աչաջրի վարչական ղեկավար Կարեն Ղալթախչյանը հայտնեց, որ կիսատ մնացած շինարարությունը շարունակություն չի ունենալու, այդտեղ սարքվածն առաջիկա օրերին ապամոնտաժվելու է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս