ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԱԱԾ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուրբաթ օրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ իր նկատմամբ հարուցված  հանրային քրեական հետապնդման մասով  ցուցմունք տալու: Ներկայացվել են Գլխավոր դատախազի կողմից ներկայացված երեք դրվագներով միջնորդությունները  եւ, մեր տեղեկություններով, Սեյրան Օհանյանին հայտնել են, որ նա մեղադրվում  է վերոնշյալ արարքների կատարման համար, ուստի պետք է  ցուցմունք տա: Ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ԱԱԾ քննիչին գրավոր ընդամենը մի քանի բան է հայտնել. առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ  որեւէ մեկի հետ որեւէ շահադիտական  գործողություններ չի իրականացրել:  Նկատենք, որ այսքանից հետո նրան մեղադրանք է առաջադրվել,  եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նշենք, որ վաղեմության ժամկետով կարճման ենթարկված գործերով պետությունը ռեսուրսներ է ծախսում (քննություն է անում), որի մասին խոսեց նաեւ դատախազը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց, որ ուրբաթ օրը՝ փետրվարի 10-ին, հրավիրվել է ԱԱԾ, որտեղ հայտնել է, որ մեղադրանքը չի ընդունում եւ  որեւէ մեկի հետ որեւէ շահադիտական  գործողություններ չի իրականացրել: Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի եւ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։

 

 

 

Մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Շիրակի մարզի Անի համայնքում եւ Սյունիքի Սիսիան խոշորացված համայնքում: Կուսակցությունների եւ դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման եւ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն փետրվարի 9-19-ն ընկած ժամանակահատվածում: «Ժողովուրդ» օրաթերթին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից հայտնեցին, որ դեռեւս որեւէ կուսակցությունից կամ դաշինքից դիմում չեն ստացել: Մեզ հաջողվեց պարզել, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցության, ինչպես նաեւ թեկնածուի առաջադրման հարցում դեռեւս միայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը վերջնական որոշում ունի: «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտնեց, որ Սիսիանում իրենց թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է: Նշենք, որ վերջինս նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականն է: Անի համայնքում նույնպես ՔՊ թեկնածուն համայնքապետի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանն է: «Ամբողջական ցուցակը կհրապարակվի առաջիկա օրերին»,-հավելեց Ալեքսանյանը: Ընդդիմադիր թեւում, սակայն, ի տարբերություն իշխանության, անորոշ վիճակ է. ընդդիմադիր քաղաքական ուժերը դեռ չեն կողմնորոշվել՝ մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը նշեց, որ հարցը դեռ քննարկվում է, վերջնական որոշում չկա: Գեղամ Մանուկյանը նույնպես նշեց, որ ՀՅԴ-ն դեռ թեկնածու չունի: «Ցանկացած ՏԻՄ ընտրություններից առաջ «Դաշնակցություն»-ում քննարկումներ են գնում: Այս պահին ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասով դեռ որոշում չունենք, որոշում ունենալու դեպքում կհայտարարենք»,- ասաց Մանուկյանը։ «Հայրենիք» կուսակցության քարտուղար Սոս Հակոբյանն էլ ասաց, որ Անի համայնքում չեն մասնակցելու ընտրություններին, իսկ Սիսիանում մասնակցության հարցը դեռ քննարկվում  է: Տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արթուր Սարգսյանը, որը նախկինում ղեկավարել է Սիսիան համայնքը, եւս մտադիր է առաջադրվել: Ավելին՝  երեկ երեկոյան Արթուր Սարգսյանը այս հարցով նաեւ ժողով է հրավիրել, որպեսզի հայտնի իր վերջնական դիրքորոշման մասին: Նրան հենց «Հայաստան» դաշինքն էլ  կառաջադրի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  Սիսիանում պատրաստվում է առաջադրվել նաեւ էլցանցերի պետը՝ Ջիվան Մարգարյանը, որը նախկինում ՀՀԿ-ի թեկնածուն էր:

 

 

 

Հունվարի 19-ին Ազատ գյուղի կացարանի վերածված տներից մեկում հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով ծնողներից մի քանիսն արդեն հարցաքննվել են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այն, ինչ հրապարակային հայտարարել են ծնողները, նույնը պնդել են նախաքննական մարմնում: Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը  15 զինծառայողների մահվան գործով  նշանակել է թմրաբանական փորձաքննություն: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել էր անձամբ  տեղեկությունը պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից էլ հաստատել էին. «Այո՛, նշանակված է նման փորձաքննություն, բայց եզրակացությունը դեռ չենք ստացել։ Նշանակվել են նաեւ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը եւս չի ստացվել»: Բանն այն է, որ սպայի եւ մահացած 15 զինվորների հարազատների մոտ կասկածներ կան, թե ինչու մինչ կրակը կհասներ սենյակ, տղաները դուրս չեն եկել այրվող կացարանից եւ փրկել իրենց կյանքը: Անգամ սպան բանավոր ասել է քննիչներին, որ իր համար կասկածելի էր այն երեւույթը, որ երբ ինքը գոռացել, աղաղակել է, թե՝ հրդեհ է, արթնացե՛ք, դո՛ւրս եկեք, տղաները չեն արձագանքել, այսինքն՝ անգիտակից են եղել:

 

 

 

Հայաստանում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը զգալի ավելացել է: Եթե 2021 թվականին Հայաստանում կացության կարգավիճակ ստացել է Ռուսաստանի 766 քաղաքացի, ապա 2022 թվականին նրանց թիվը կազմել է 8562:  Տեղեկացնենք, որ այս թիվը մեծացել է նախորդ տարվա փետրվարի 24-ից սկսած ռուս-ուկրաինական ռազմական գործողություններից հետո, երբ մեծ թվով ռուսներ եկան Հայաստան: Ավելին՝ ավելացել է նաեւ ՀՀ քաղաքացիություն ստացող ՌԴ եւ Ուկրաինայից ներգաղթած հայերի թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում կացության կարգավիճակ ստացել է նաեւ Ուկրաինայի 385 քաղաքացի։ Այս թիվը եւս, 2021 թվականի հետ համեմատ, ավելացել է: Տեղեկացնենք, որ երբ մարդը տեւական ժամանակ բնակվում է Հայաստանում եւ ցանկանում է բիզնես գործունեությամբ զբաղվել, ստանում է կացության կարգավիճակ: Բացի այդ, ՌԴ քաղաքացիները Հայաստանում կարող են աշխատել նաեւ առանց կացության կարգավիճակի, որի համար պետք է ունենալ Հայաստանում աշխատելը հավաստող աշխատանքային պայմանագիր, որով ՌԴ քաղաքացին կարող է հաշվառվել ժամանակավոր բնակության հասցեով ու ստանալ հանրային ծառայությունների համարանիշ` հարկային պարտավորությունները կատարելու ու աշխատողի իր իրավունքներից օգտվելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում հաշվառվել է Ռուսաստանի 3326, Ուկրաինայի՝ 146 քաղաքացի:




Լրահոս