Արցախի նախագահը ցավակցել է Մուրադ Պետրոսյանի մահվան կապակցությամբ, ստեղծվել է հուղարկավորության կառավարական հանձնաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 13-ին կյանքից հեռացած ականավոր հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի մահվան կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հեռագրում ասված է.

«Խոր ցավով ու ափսոսանքով տեղեկացա Արցախի նվիրյալ զավակ, ականավոր հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի մահվան մասին։

Մուրադ Պետրոսյանը կանգնած է եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և առաջիններից մեկն է բարձրացրել մեր պայքարի դրոշը, դարձել համաժողովրդական ընդվզման առաջամարտիկներից։ Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է ազգային գաղափարախոսության տարածման ու պաշտպանության վեհ գործին՝ իր անջնջելի հետքը թողնելով մեր նորագույն պատմության մեջ։

Տարբեր ժամանակահատվածներում զբաղեցնելով բարձր պաշտոններ հանրապետության օրենսդիր և գործադիր մարմիններում՝ Մուրադ Պետրոսյանը անձնվիրաբար ծառայել է իր հայրենիքին և արժանիորեն վայելել հարազատ ժողովրդի սերն ու հարգանքը։ Նրա մահը մեծ կորուստ է բոլորիս համար։

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, գաղափարակից ու զինակից ընկերներին, մաղթում եմ բոլորին տոկունություն ու ոգու կորով։

Մուրադ Պետրոսյանի հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»։

Նշվում է, որ նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ:

Ըստ աղբյուրի՝ Մուրադ Պետրասյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի մայիսի 14-ին, ժամը 18:00-ին՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում:




Լրահոս