ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի կողմից քրեորեն պատժելի մի շարք արարքներ, այդ թվում՝ նաեւ որդու հետ ավազակություն կատարելու վերաբերյալ էական հանգամանքներ:
Մասնավորապես, 2022թ. հունիսի 20-ին կայացված որոշմամբ, Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի նկատմամբ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 243.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական հետապնդում։ Նա մեղադրվել է այն բանում, որ 2021 թվականի հոկտեմբերին, չարաշահելով Կոտայքի մարզի Զովունի բնակավայրի բնակչի վստահությունը, վերջինիս պատկանող «MERCEDES-BENZ E 230» մակնիշի ավտոմեքենան 3.000 ԱՄՆ դոլարի դիմաց, գումարը մաս-մաս վճարելու պայմանով գնելուց, դրանից 700 ԱՄՆ դոլարը վճարելուց հետո ավտոմեքենան վերավաճառել է եւ հրաժարվել վճարել գումարի մնացած մասը՝ այդ կերպ խարդախություն կատարելով Թալինի բնակչին պատճառելով խոշոր չափերի վնաս։ Բացի այդ, 3 տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` վերջինս 2021թ. դեկտեմբերին վարել է տրանսպորտային միջոց՝ բռնվելով պարեկային ծառայողների կողմից։ 2022 թվականի հունիսի 28-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը եւ հայտարարվել հետախուզում։ Հետագայում պարզվել է, որ 43-ամյա նշված տղամարդը, որդու հետ ավազակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով եւ այդ նպատակով, 2023թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 23:26-ին, տաքսի են պատվիրել եւ Երեւան քաղաքի բնակչի կողմից վարած «Opel Astra» մակնիշի տաքսի ավտոմեքենայով ուղեւորվել դեպի Արարատի մարզ: Հասնելով Փոքր Վեդի բնակավայրի հարակից դաշտամիջյան հատված՝ հայրն աջ ձեռքով բռնել է վարորդի պարանոցից եւ խոշոր չափերի գույքը հափշտակելու նպատակով նրանից պահանջել է իրենց հանձնել «Opel Astra» մակնիշի տաքսի ավտոմեքենան, եղած 11.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը եւ 120.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում սպանել նրան։ Վարորդը ստիպված կատարել է ներկայացված պահանջը, ինչից հետո հայր եւ որդի ավտոմեքենայով հեռացել են՝ Թալինի բնակչին պատճառելով ընդհանուր 1.208.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար եւս 43-ամյա տղամարդու, ինչպես նաեւ նրա որդու նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 7-րդ կետերով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հետախուզում է հայտարարվել նաեւ նրա որդու նկատմամբ։ Քրեական վարույթի շրջանակներում օպերատիվ տվյալներ են ստացվել հետախուզման մեջ գտնվող հիշյալ տղամարդու գտնվելու վայրի մասին: Երբ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, նշված տվյալներն իրացնելով, փորձել են 2023թ. դեկտեմբերի 22-ին Փոքր Վեդի գյուղի տներից մեկի բակում ձերբակալել ենթադրյալ հանցագործություններ կատարած 43-ամյա անձին, վերջինս իր մոտ ապօրինի կերպով կրվող «EKOL P29» մոդելի ողորկափող հրազենի ձեւափոխված ատրճանակով սպառնացել է իրեն մոտենալու դեպքում սպանել նրանց՝ այդ կերպ միջամտելով ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը: Այդուհանդերձ տղամարդը ձերբակալվել է։ Նշված դեպքի առթիվ եւս վարույթ է նախաձեռնվել, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 1 ՏԱՐՈՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Նարեկ Մալյանը դատարանի որոշմամբ այսօր դատապարտվեց 1 տարի ժամկետով ազատազրկման։
Դատարանը նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանեց՝ նշելով, որ նա անազատության մեջ կմնա 5 ամիս 7 օր, եւ Նարեկ Մալյանից հօգուտ պետության կբռնագանձվի 105 հազար եւ 198 հազար դրամ:
Կալանքը թողնվեց անփոփոխ մինչեւ դատական վճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Նարեկ Մալյանը կալանավորվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածով (Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը): Սահմանված պատիժը՝ 1-4 տարի։
Մեղադրող կողմը պահանջել էր 3 տարի 3 ամիս ազատազրկում։ Նշենք, որ Նարեկ Մալյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ կալանավորված է արդեն 7 ամիս:
ՓԱՍՏԻ ԱՌԱՋ ԵՆ ԿԱՆԳՆԵԼ
2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի եւ նրա հոտի կողմից մոլորվելու հետեւանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու եւ հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին, վերջինիս եւ վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը եւ վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է՝ նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը, նկարագրված գործողություններն առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաեւ պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ:
Միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող: Ափսոսանք հայտնելով կատարվածի կապակցությամբ՝ միեւնույն ժամանակ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու եւ նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
Ծառայողական քննության արդյունքներով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերեւույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
ԱՊՕՐԻՆԻ ԳՈՒՅՔԻ ՀՈՂԱՄԱՍԸ
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվեց Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ պետությանը վերադարձված՝ 2 միլիարդ 18 միլիոն 400 հազար դրամ շուկայական արժեքով Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16.013 քմ մակերեսով հողամասը։
Հիշեցնենք, որ հաշտության համաձայնությունը հաստատվել էր Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 27-ի վճռով:
Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
Հավելենք, որ վերջին վեց ամիսների ընթացքում՝ 2023 թվականի 4-րդ եռամսյակում եւ 2024 թվականի առաջին եռամսյակում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման եւ պետական շահերի պաշտպանության շրջանակում, պետությանն է վերադարձվել շուրջ 10 միլիարդ դրամի գույք:
Նշված ժամանակահատվածում օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դրանից հետո ընդունված կառավարության որոշմամբ, միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, ՀՀ սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ եւ 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 118 միլիոն դրամ արժեքով. ՀՀ սեփականությանն է փոխանցվում նաեւ շուրջ 609 միլիոն դրամ:
ԿԱՇԱՌՔ՝ ԲԱՆԱԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սիմակ Աղբալյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա, լինելով պաշտոնատար անձ՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման զորահավաքային վարչության պետ, իր ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ՀՀ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի բնակիչ Արմեն Սպարտակի Գյոզալյանի որդու՝ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի թիվ 1 ստորաբաժանումում հաշվառված, 2023 թվականի ամառային զորակոչին զորակոչման ենթակա Սլավիկ Արմենի Գյոզալյանի օգտին հովանավորչություն եւ այլ ապօրինի գործողություն իրականացնելու՝ վերջինիս հիվանդության համար ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու նպատակով, 2023 թվականի ապրիլի 14-ին Արմեն Գյոզալյանից պահանջել եւ Աչաջուր բնակավայրի իր առանձնատանը նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 6.000.000 ՀՀ դրամ կաշառք: