Որոշում՝ մուրճով մորաքրոջ որդուն կյանքից զրկելու դեպքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա այս ողբերգական դեպքով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական դրդումներով սպանել է Ազատ Աևոնի Նիկողոսյանին, ինչպես նաև մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկայի գործադրմամբ ավազակությամբ հափշտակել է վերջինիս գույքը:

Գոռ Ռաֆիկի Համբարձումյանն իր մորաքրոջ որդու՝ Ազատ Նիկողոսյանի բնակության վայր՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի Անկախության փողոցի 16/1 տուն կատարված այցելությունների ընթացքում, տեսնելով վերջինիս պարանոցի ոսկյա շղթան, պլանավորել է շահադիտական դրդումներով սպանել Ազատ Նիկողոսյանին և ավազակությամբ հափշտակել այն:

Իր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունների կատարման նպատակով Գոռ Համբարձումյանը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում այցելել է Ազատ Նիկողոսյանին, պարզելու վերջինս տանը միայնակ է, թե ոչ:

Պարզելով, որ Ազատ Նիկողոսյանը տանը միայնակ է, սակայն իր հետ նրան սպանելու համար նախապես որևէ առարկա չի վերցրել, Գոռ Համբարձումյանը փայտ կոտրելու պատրվակով վերջինից կացին է խնդրել, սակայն պարզելով, որ Ազատ Նիկողոսյանը տանը կացին չունի, որոշել է վերջինին սպանել իր տանը գտնվող մուրճով:

Որպեսզի Ազատ Նիկողոսյանը չհասկանա իր այցելության իրական նպատակը, վերջինին խնդրել է սուրճ հյուրասիրել, որից հետո հանցագործության գործիք հանդիսացող մուրճը վերցնելու և դրանով իր մտադրված հանցագործություններն ավարտին հասցնելու նպատակով վերադարձել է իր բնակության վայր հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի Ազատության փողոցի 58-րդ տուն:

Իր բնակության վայրից վերցնելով մուրճ և այն թաքցնելով պարկի մեջ, ինչպես նաև խոհանոցային դանակ և այն թաքցնելով գոտկատեղի շրջանում, ժամը 15:00-ի սահմաններում վերադարձել է Ազատ Նիկողոսյանի բնակության վայր:

Տուն մտնելուց հետո, երբ Ազատ Նիկողոսյանը նստել է մահճակալին, Գոռ Համբարձումյանը պարկից աննկատ հանելով մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված առարկա հանդիսացող մետաղյա գլխով շահադիտական դրդումներով Ազատ Նիկողոսյանին կյանքից զրկելու և բռնություն գործադրելով վերջինի գույքը հափշտակելու դիտավորությամբ առնվազն 4 հարված է հասցրել վերջինի մարմնի կենսական նշանակություն ունեցող հատվածին՝ գլխի գագաթային շրջանին և պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ գանգի ներհրված կոտրվածքների ձևով վնասվածքներ՝ սպանել է նրան:

Տեսնելով, որ Ազատ Նիկողոսյանն անշարժացել է. իր հետ նախապես վերցված դանակով կտրելով վերջինի պարանոցին առկա ոսկյա շղթան և հափշտակելով դրա մանր չափերով՝ 65.000 ՀՀ դրամ արժողությամբ 36,5. սմ երկարությամբ մի հատվածը’ վերադարձել է իր տուն:

Հանցագործության գործիք հանդիսացող մուրճը և դանակը թողնելով տանը’ գնացել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գործող «Պալաս» առևտրի կենտրոն, որտեղ հափշտակված ոսկյա շղթայի մասը 65.000 ՀՀ դրամով վաճառել է Ռիմա Բորիկի Բունիաթյանին:

Քնար Մանուկյան

 




Լրահոս