ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԻՑ ՓՈՂ Է ԳՈՂԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 1-ին` կեսգիշերին, կողոպուտ է տեղի ունեցել Աշտարակ քաղաքում: Անհայտ մի քաղաքացի գազային ատրճանակով կրակել է տաքսու վարորդի դեմքին, նրանից գումար հափշտակել եւ դիմել փախուստի:
Մեր հավաստի տեղեկություններով` դեկտեմբերի 1-ին` ժամը 00:30-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում` «Ձկան խանութ»-ի հարեւանությամբ կանգնող   «ԳԱԶ-31105» մակնիշի տաքսու վարորդին երիտասարդ հաճախորդը պատվիրել է  ուղեւորվել Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամաս:
Տաքսու վարորդը` 27-ամյա Սերգեյ Բերակչյանը, «ընդունել» է պատվերն ու Երեւանից ուղեւորին տեղափոխել Աշտարակ: Հասնելով պատվիրած վայրը` Մուղնի թաղամաս, երիտասարդը գրպանից հանել է գազային ատրճանակն ու մեկ անգամ կրակել տաքսու վարորդի դեմքի ուղղությամբ, ապա Սերգեյ Բերակչյանից հափշտակել  նրա մոտ եղած 14 հազար դրամ գումարն ու հեռացել:
Նշենք, որ գազային ատրճանակով կրակելու դեպքում մարդն իրեն ընդամենը մի քանի րոպեով է «կորցնում», ինչի ընթացքում էլ երիտասարդ կողոպտիչը  կարողացել է հափշտակել տաքսու վարորդի մոտ առկա գումարը եւ արագ փախչել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարորդն այժմ լավ է, ուշքի գալուց հետո դիմել է ոստիկանություն:
Երիտասարդ հափշտակիչն առայժմ չի հայտնաբերվել, կատարվում է նախաքննություն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս