Armenian text to speach

ՌԴ-ն սահմանափակում է, կառավարությունը՝ փոխհատուցում․ ի՞նչ է սպասվում տնտեսվարողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության վերահսկողական դաշնային մարմինների կողմից հայկական գյուղմթերքի նկատմամբ սահմանափակումների հերթական ալիքը վերջին շաբաթներին լուրջ ցնցում է առաջացրել Հայաստանի արտահանման ոլորտում։

Մի քանի շաբաթվա ընթացքում ռուսական կառույցները սահմանափակել են Հայաստանից ներմուծվող մեծ խումբ գյուղատնտեսական նշանակության ապրանքների մուտքը՝ հերթական անգամ ցույց տալով, թե որքան խոցելի է մնում հայկական արտահանումը մեկ շուկայից կախվածության պայմաններում։

Մայիսի 30-ից Ռուսաստանը սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։ Ընդամենը մի քանի օր անց՝ հունիսի 2-ից, սահմանափակումներ կիրառվեցին նաև կենդանի ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ։ Դրանից առաջ՝ մայիսի 22-ին, «Ռոսսելխոզնադզորը» արգելել էր հայկական ծաղիկների ներմուծումը։
Սրան զուգահեռ, «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրեց նաև հայկական հայտնի «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու արգելել է դրա վաճառքը ՌԴ-ում ՝ պատճառաբանելով մակնշման և տեխնիկական պահանջների հետ կապված անհամապատասխանություններ։ Արդյունքում՝ հայկական մի շարք արտադրողներ և արտահանողներ փաստացի հայտնվեցին նոր տնտեսական ճնշման ներքո։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի կառավարությունը գործարկել է արտահանման աջակցության նոր ծրագրեր՝ փորձելով մեղմել տնտեսավարողների կրած վնասները և կանխել արտահանման ծավալների կտրուկ անկումը, ինչպես նաև խթանել արտահանումը այլ շուկաներ։

ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի N 839-Լ որոշմամբ հաստատվել է թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը։ Ծրագրի նպատակն է ֆինանսական խթանների միջոցով բարձրացնել հայկական արտադրանքի մրցունակությունը արտաքին շուկաներում։

Որոշման համաձայն՝

  • ծիրանի յուրաքանչյուր կիլոգրամի համար նախատեսվում է 200 դրամ փոխհատուցում,
  • սալորի, դեղձի և նեկտարինի համար՝ 250 դրամ,
  • կեռասի համար՝ 400 դրամ,
  • շշալցված խաղողի գինու մեկ լիտրի համար՝ 350 դրամ,
  • բրենդիի մեկ բացարձակ լիտրի համար՝ 830 դրամ,
  • հանքային ջրի մեկ լիտրի համար՝ 150 դրամ։

Փոխհատուցում ստանալու համար տնտեսավարողները պետք է Էկոնոմիկայի նախարարություն ներկայացնեն համապատասխան մաքսային և հաշվարկային փաստաթղթերը, որոնց ստուգումից հետո գումարները փոխանցվելու են շահառուների հաշվեհամարներին։ Սակայն սա կառավարության միակ հակաճգնաժամային քայլը չէ։

Ավելի վաղ՝ հունիսի 4-ին ընդունված N 800-Լ որոշմամբ, հաստատվել էր նաև ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության ծրագիրը։

Այդ ծրագրով նախատեսված փոխհատուցումները ևս բավականին զգալի են․

  • ելակի համար՝ 770 դրամ մեկ կիլոգրամի դիմաց,
  • լոլիկի համար՝ 275 դրամ,
  • պղպեղի համար՝ 400 դրամ,
  • ծաղիկների համար՝ 37 դրամ մեկ հատի դիմաց։

Կառավարությունում, ըստ մեր տեղեկությունների, արդեն բացահայտ խոսում են արտադրանքի որակի ստանդարտը ապահովելու և արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման սուր անհրաժեշտության մասին։

Ռուսական շուկայից չափազանց մեծ կախվածությունը հերթական անգամ վերածվել է համակարգային տնտեսական ռիսկի, և այժմ իշխանությունները փորձում են արագացնել նոր շուկաներում տեղ զբաղեցնելու գործընթացը։

Մեր տեղեկություններով՝ տնտեսավարողներին առաջարկվում է ակտիվացնել արտահանումը դեպի ԱՄԷ, Իրան, Ուզբեկստան, Նիդերլանդներ, ԵՄ այլ երկրներ և Ուկրաինա, որտեղ հայկական գյուղմթերքի և վերամշակված արտադրանքի նկատմամբ պահանջարկը պահպանվում է կամ աճի միտում ունի։

Ավելին, ըստ մեր տեղեկությունների, քննարկվում են նաև պետական աջակցության լրացուցիչ մեխանիզմներ, որոնց շրջանակում հնարավոր է փոխհատուցվեն արտահանման հետ կապված լոգիստիկ ծախսերը, որպեսզի նոր շուկաներ մուտք գործելու գործընթացը տնտեսավարողների համար դառնա ավելի մրցունակ և ֆինանսապես հասանելի։

Այսպիսով, ռուսական սահմանափակումների նոր ալիքը հերթական անգամ բացահայտեց Հայաստանի արտահանման համակարգի խոցելի կողմերը։ Մինչ Մոսկվան շարունակում է սահմանափակել հայկական արտադրանքի մուտքը սեփական շուկա, Երևանը փորձում է միաժամանակ երկու ճակատով պայքարել՝ ներսում փոխհատուցել արտադրողների կորուստները, իսկ դրսում՝ շտապ գտնել նոր շուկաներ։

Հարցը, սակայն, մնում է բաց․ արդյո՞ք նոր շուկաները կհաջողեն արագ փոխարինել այն ծավալներին, որոնք տարիներ շարունակ ապահովում էր ռուսական ուղղությունը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս