Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված պատշաճ և համակողմանի նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վ. Ղ.-ն միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։
Մասնավորապես՝ 2026 թվականի մայիսի 27-ին ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Վ. Ղ.-ն դատական նիստի ավարտից անմիջապես հետո փորձել է պատասխանել լրագրողների հարցերին և, գիտակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձի՝ ուղեկցող աշխատանքներ իրականացնող ոստիկանի ծառայողական պարտականությունները կատարելու հանգամանքը, նրա օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով հրաժարվել է կատարել ոստիկանի՝ դատական նիստի ավարտից հետո կալանավորված անձանց պահելու համար նախատեսված դատարանի խուց տեղափոխվելու օրինական պահանջը։
Այնուհետև, երբ ոստիկանը փորձել է ուղեկցել Վ. Ղ.-ին, նա բռնություն՝ ֆիզիկական ներգործություն է գործադրել ոստիկանի նկատմամբ՝ միջամտելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։
2026 թվականի հունիսի 25-ին քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազը Վ. Ղ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը)։
ArmLur․am-ի լրագրողը անձամբ եղել է դատարանում, և Վարդան Ղուկասյանը պատրաստվում էր պատասխանել լրագրողների հարցերին, սակայն նիստի ավարտից հետո ոստիկանները շտապեցին նրան հեռացնել նիստերի դահլիճից, սկսվեց քաշքշուկ, անգամ ոստիկանները հրեցին փաստաբան Արամայիս Հայրապետյանին։
Փաստ է մեկ բան՝ որ ոստիկաններին հրահանգված էր Ղուկասյանին շուտ հեռացնել նիստերի դահլիճից, ինչի արդյունքում ստեղծվեց այս իրավիճակը։
Քնար Մանուկյան



























