ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերը։ Այս անգամ ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հայտարարագրերի վերլուծությունը՝ 2021-2025 թվականների ընթացքում։
Հիշեցնենք, որ Սարգիս Հայոցյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի օգոստոսի 21-ից։ Մինչ այդ՝ 2020 թվականից, ղեկավարել է Գիտության պետական կոմիտեն։
Անշարժ և շարժական գույքը տարիներ շարունակ անփոփոխ է
2021-2025 թվականների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պաշտոնյայի անշարժ և շարժական գույքի կազմում էական փոփոխություններ չեն եղել։
Սարգիս Հայոցյանը հայտարարագրել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող երկու անշարժ գույք՝
բազմաբնակարան շենքում գտնվող բնակարան, որը ձեռք է բերել 2016 թվականի փետրվարի 2-ին՝ գնման եղանակով,
բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, որը գնել է 2019 թվականի փետրվարի 2-ին։
Նա նաև հայտարարագրել է 1999 թվականի արտադրության MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2015 թվականին։ Հետագա տարիներին նոր անշարժ կամ շարժական գույք չի ձեռք բերել, ինչպես նաև չի օտարել առկա ունեցվածքը։ 2025 թվականի հայտարարագրում նույնպես նշված չէ 4 միլիոն դրամը գերազանցող որևէ թանկարժեք գույք։
Բանկային միջոցների զգալի տատանումներ
Դրամական միջոցների մասով հայտարարագրերում նկատվում են փոփոխություններ։
2021 թվականի վերջում պաշտոնյայի բանկային հաշիվներում առկա էր 784.8 հազար դրամ, մինչդեռ տարվա սկզբին այդ գումարը կազմել էր ավելի քան 1.5 միլիոն դրամ։
2022 թվականի ավարտին հաշիվների մնացորդը նվազել էր մինչև 141 հազար դրամ։
2023 թվականին դրամային հաշիվների մնացորդն աճել է մինչև 522.7 հազար դրամ։ Նույն տարվա վերջում առաջին անգամ հայտարարագրվել է նաև 8 707.2 ԱՄՆ դոլար բանկային հաշվին և 1.4 միլիոն դրամ կանխիկ գումար։
Սակայն արդեն 2024 թվականին դոլարային հաշվին մնացել է ընդամենը 0.28 դոլար, իսկ դրամային հաշիվներում առկա գումարները նույնպես նվազել են։ Նախորդ տարվա 1.4 միլիոն դրամ կանխիկ միջոցներն այլևս չեն հայտարարագրվել։
2025 թվականի հայտարարագրում երևում է, որ պաշտոնյան ունեցել է մի քանի բանկային հաշիվներ, որոնց մնացորդները տարվա ընթացքում զգալիորեն փոփոխվել են։ Տարեվերջին հաշիվներում մնացել են համապատասխանաբար 184.1 հազար դրամ, 4 հազար դրամ, 49.1 հազար դրամ, 0.28 ԱՄՆ դոլար և 20.8 հազար դրամ։ Կանխիկ դրամ կրկին չի հայտարարագրվել։
Եկամուտներն աճել են տարեցտարի
Սարգիս Հայոցյանի տարեկան եկամուտները վերջին հինգ տարիների ընթացքում ընդհանուր առմամբ աճի միտում են ունեցել։
2021 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է 16.27 միլիոն դրամ, որից 13.67 միլիոն դրամը Գիտության կոմիտեից ստացած աշխատավարձն էր, իսկ 2.6 միլիոն դրամը՝ Ֆինանսների նախարարությունից ստացված այլ եկամուտ։
2022 թվականին եկամուտն աճել է մինչև 16.73 միլիոն դրամ։ Դրա հիմնական մասը՝ 14.86 միլիոն դրամը, կրկին աշխատավարձն էր, 1.87 միլիոն դրամը՝ Ֆինանսների նախարարությունից ստացված եկամուտ, իսկ 4 251 դրամը՝ Սլավոնական համալսարանից քաղաքացիաիրավական պայմանագրով ստացված վճարումը։
2023 թվականին, արդեն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնում, Հայոցյանի միակ եկամտի աղբյուրը եղել է աշխատավարձը, որը կազմել է 15.91 միլիոն դրամ։
2024 թվականին ընդհանուր եկամուտը հասել է 17.55 միլիոն դրամի, որից 15.37 միլիոն դրամը կազմել է աշխատավարձը, իսկ 2.18 միլիոն դրամը՝ եկամտային հարկի վերադարձը։
2025 թվականին պաշտոնյայի եկամուտներն աճել են մինչև 21.06 միլիոն դրամ։ Դրանցից 19.07 միլիոն դրամը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից ստացած աշխատավարձն է, իսկ մոտ 1.99 միլիոն դրամը՝ եկամտային հարկի վերադարձը։
Հիփոթեքային վարկի պարտավորությունները
2021 թվականի վերջի դրությամբ Սարգիս Հայոցյանը հայտարարագրել էր բնակարանի հիփոթեքային վարկի 20.5 միլիոն դրամի մնացորդ, որի մարման համար տարվա ընթացքում վճարել էր շուրջ 3.59 միլիոն դրամ։
2022 թվականին վարկի մարման նպատակով կատարված վճարումները կազմել են շուրջ 3.59 միլիոն դրամ, սակայն հայտարարագրում վարկի մնացորդի չափը չի նշվել։
2023 և 2024 թվականների հայտարարագրերում վարկային պարտավորություններ չեն ներկայացվել։
Սակայն 2025 թվականի տարեկան հայտարարագրում կրկին նշվել է բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը, որը կազմել է 14.57 միլիոն դրամ։ Այդ տարվա ընթացքում վարկի մարման նպատակով վճարվել է շուրջ 3.64 միլիոն դրամ։
Ընդհանուր պատկերը
Հինգ տարվա հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սարգիս Հայոցյանի գույքային վիճակը հիմնականում պահպանվել է անփոփոխ։ Նոր անշարժ գույք կամ ավտոմեքենա չի ձեռք բերվել, իսկ եկամուտների հիմնական աղբյուրը բոլոր տարիներին եղել է պետական ծառայությունից ստացած աշխատավարձը։ Միաժամանակ նկատվում է եկամուտների աստիճանական աճ, բանկային միջոցների զգալի տատանումներ և բնակարանի հիփոթեքային վարկի շարունակական մարում։
Սոնա Գրիգորյան




























