ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲԻԲԻՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բիբին հեռացի՛ր», «Մեզ ազատում են` առանց տնօրենների խորհրդի որոշման» ցուցապաստառներով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կենտրոնական գրասենյակի դիմաց երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել այդ ընկերության աշխատակիցները: Բանն այն է, որ ՀԷՑ-երում աշխատակիցների զանգվածային կրճատումներ են սկսվել: Ընդ որում, ՀԷՑ ղեկավարությունը դա փորձում է անել հենց աշխատակիցների ձեռքով` նրանցից պահանջելով աշխատանքից ազատման դիմումներ գրել:

Բողոքի ակցիայի մասնակիցները երեկ լրագրողներին տեղեկացրին, որ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն ուրբաթ օրն իր մոտ է հրավիրել ՀԷՑ խոշոր սպառողների դեպարտամենտի պետ Ռաֆիկ Ասկարյանին ու հայտնել դեպարտամենտի լուծարման մասին: Իսկ պատճառը եղել է ավտոմատացման համակարգի անցնելը: Արդյունքում` դեպարտամենտի 41 աշխատակիցները կանգնած են գործազրկության վտանգի առաջ: Իսկ Ասկարյանի հարցին, թե աշխատանքից ազատված մարդիկ ինչ պիտի անեն, Բիբինը պատասխանել է, թե առաջիկայում, եթե նոր աշխատատեղեր լինեն, իրենք նրանց կհրավիրեն: Ասկարյանը եւս բողոքի մասնակիցների թվում է: Ըստ նրա՝ եթե ՀԷՑ-երում օպտիմալացման կարիք կա, ապա դա պետք է սկսել ՀԷՑ վարչական ապարատից, քանի որ այնտեղ աշխատակիցների 70%-ը պարզապես անգործ նստած է: Ասկարյանը նշեց, որ եթե շարքային աշխատողի աշխատավարձը Երեւանում 120 հազար դրամ է, մարզերում` 60 հազար դրամ, ապա ընկերության տնօրինության աշխատավարձը չափվում է միլիոններով: Ավելին, խոշոր սպառողների դեպարտամենտի աշխատակիցները երեկ պնդում էին, որ իրենց դեպարտամենտն ամենաշահութաբերն է, եւ որ ի տարբերություն մյուսների՝ այստեղ էլեկտրաէներգիայի կորուստները շատ քիչ են:
ՀԷՑ ընկերության աշխատակիցներն այսօր պահանջում են ոչ միայն վերանայել դեպարտամենտը լուծարելու որոշումը, այլեւ հենց Բիբինի հրաժարականը: Նրանք պնդում են, որ իր պաշտոնավարման 3 տարիների ընթացքում Բիբինն այդպես էլ հարկ չի համարել հանդիպել իրենց հետ: Սակայն երեկ Բիբինը որոշել էր դուրս գալ փողոց` հանդիպելու ցուցարարների հետ: Ընդ որում, նա երեկ խոսում էր ռուսերենով, ինչին ի պատասխան՝ աշխատակիցները դժգոհեցին` պահանջելով, որ Հայաստանում Բիբինը խոսի հայերեն: Կցկտուր մեկ-երկու բառ արտաբերելուց հետո նա ասաց, թե դժվարանում է խոսել հայերեն ու շարունակեց իր մայրենի լեզվով: Բիբինը երեկ խոստացավ այդ աշխատակիցների հետ նոր պայմանագրեր կնքել: Սակայն ակցիայի մասնակիցներն անդրդվելի էին. նրանք համոզված են, որ այդ խոստումներով Բիբինը ցանկանում է միայն ժամանակ շահել ու իրենց ակցիաներին վերջ դնել: Կողմերն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան, ու մեկ ժամ բանավեճից հետո Բիբինը պարզապես հեռացավ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս