«Առիթը հենց էդտեղից է սկսվել. ե՛ւ իբրեւ գործարար ներկայանալը, ե՛ւ էդ առիթ տալը, հենց էն գլխից նա էր, որ էդ գումարները չվճարի»,-Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր եւ գործարար Սիլվա Համբարձումյանի հայտնի միջադեպի «ակունքը» համարում է այն, որ Սիլվան չէր ցանկանում վճարել Սյունիքի մարզի մի քանի տասնյակ գյուղերի վարձակալման վճարները:
-Պարո՛ն Խաչատրյան, ո՞րն է Ձեր դիրքորոշումը` Քաջարանի հողերի հետ կապված, որովհետեւ գյուղացիներն ասում են` մարզպետը մեզ հետ է, իսկ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` որ Դուք ճնշում եք գյուղացիներին, անգամ իր վրա էլ անուղղակի ճնշում եք գործադրել:
-Զարուհի Փոստանջյանին չլսեք, որովհետեւ ինքը չի կարող ճիշտ բան ասել, լավ կլինի` ժողովրդից հարցնեք` ճնշո՞ւմ է, թե՞ ժողովրդի կողքն է կանգնած: Հետո ասեմ, նախ` ինչի համար որ ժողովուրդը մտահոգված է, էդ գյուղի գերեզմանների հետ կապված` կառավարության որոշում չկա: Այսինքն` գյուղն էլ, գերեզմաններն էլ իրենց տեղում են, եւ ոչ մեկը չի նախապատրաստվում քանդել կամ… Երկրորդը` այն հողերը, որ պետք է վարձակալության պայմանագիր կնքի գյուղապետը, էդ հողերը գյուղից եւ գերեզմաններից բավականին հեռու են, եւ խոսքը մոտավորապես տարեկան 16-17 միլիոնի մասին է: Ասեմ նաեւ, որ արվելու են հետազոտական աշխատանքներ, պայթեցումներ չեն արվելու, եւ ընդհանրապես, գյուղացիներին նեղություն չեն պատճառելու:
-Ասում եք` գյուղի համար վատ չի լինելու, այնուամենայնիվ, նախկին գյուղապետը պնդում էր (հարցազրույցի ժամանակ Ռաֆայել Աթայանը դեռ հետ չէր վերցրել իր հրաժարականի դիմումը), որ ամբողջ գյուղը կանգնած է դրա դեմ` որպես աղետի:
-Ես կիրակի օրն էդ գյուղում էի, կային նաեւ բնապահպան երիտասարդներ, որոնց խնդիրը մեկն էր` Հայաստանի տարածքում լեռնաարդյունաբերությունը դադարեցնել ընդհանրապես: Թե դա ինչքանով է ճիշտ, ինչքանով է տրամաբանական… բայց, այնուամենայնիվ, ազգաբնակչությունը մի բան էր ասում. «Մեր հույսը, պարո՛ն մարզպետ, Դուք եք, մենք Ձեզ հավատում ենք, Ձեր կողքին կանգնած ենք»:
-Այնուամենայնիվ, գյուղը քանդվելո՞ւ է, թե՞ ոչ:
-Երբ որ վաղը, մյուս օրը գյուղի հետ կապված խնդիր առաջանա, որ իսկապես հարուստ պաշարներ կան, բնականաբար, էդ գյուղի բոլոր բնակիչներին, ամբողջ տարածքը կազմող 11 հեկտարի համար, էդ մարդկանց համար ապահովելու են, չնայած համարյա բոլորն էլ ունեն, շատ քիչ մարդ` 1-2 հոգի, որ ուրիշ տեղ բնակարան չունեն: Բայց, այնուամենայնիվ, կարեւոր չի` ունեն, թե չունեն, բոլորն էլ ապահովվելու են: Մենք դրա փորձն ունենք, անցյալ տարի Շահումյան-Բանավանի ժողովրդին վճարեցին, ժողովուրդն էլ գոհ, շնորհակալ տեղափոխվեց:
-Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ գոհ ու շնորհակալի մասին է խոսքը, երբ գյուղացիներն ասում են, որ կառավարությունն ու իշխող կուսակցությունն իրենց գյուղում ցեղասպանություն են անում:
-Ո՞ր գյուղի` Քաջարա՞ն, թե՞ Շահումյան:
-Քաջարան:
-Քաջարան գյուղին, ախր, հլը ոչ մի բան չեն արել, ի՞նչ ցեղասպանություն, ա՛յ ցավդ տանեմ: Ես ուզում եմ, որ Դուք ուրիշներին չլսեք. հիմա Զարուհի Փոստանջյանն ի՞նչ կարող է ասի, երբ որ մի մարդ Եվրախորհրդում իրա երկրին է դավաճանում, իրա ազգին… չգիտես… վերջը: Ես Ձեզ ասում եմ` այդ գյուղի հետ կապված կառավարության որոշում չկա, որ էդ գյուղը քանդեն կամ չքանդեն:
-Ձեր եւ Սիլվայի հանրահայտ դեպքը…
-Հենց էդ ա, որ Սիլվան դարձավ հանրահայտ… Լրագրողների մի մասը հետաքրքրված էր, մի մասն էլ ընդհանրապես Խաչատրյան Սուրիկին չէր ընդունում, եւ փորձեցին Սիլվային դարձնել հանրահայտ Սիլվա: Ես ուզում եմ Ձեզ մի բան խնդրել, Դուք` իբրեւ լրագրող, Սիլվային հարցրեք` ե՞րբ եք Դուք Սյունիքի մարզի համայնքների վարձակալած հողերի դիմաց փողերը մուծելու:
-Ինքն ասում է, որ մինչեւ այն պահը, երբ արտոնագիր ուներ, մուծում էր, դրանից հետո պայմանագրերը լուծարված են:
-Սուտ ա ասում, էդ կազմակերպությունը կա, դատարաններում` առաջին ատյան, վերաքննիչ, վճիռ կա, որ ինքն էդ գումարները պետք է վճարի, եւ ամբողջ խնդիրը դա է: Առիթը հենց էդտեղից է սկսվել. ե՛ւ իբրեւ գործարար ներկայանալը, ե՛ւ էդ առիթը տալը, հենց էն գլխից նա էր, որ էդ գումարները չվճարի: Սա էր:
-Բայց մարդկային առումով չե՞ք ափսոսում միջադեպի համար, կին էր, հարվածեցիք` «չափալաղեցիք»:
-Չեմ չափալաղել, հավատա՛, բայց ես փոշմանել եմ նրա համար, որ իրա չեղած տեղն ինքը դարձավ հանրահայտ:
-Դուք իրեն չե՞ք հարվածել, որովհետեւ ինքն ասում էր, որ կադրերում երեւում է:
-Չէ՛, էդ հարվածը կադրերում էլ չկա, եւ ՀՔԾ պատասխանը, ինձ թվում է, Ձեզ կբավարարի:
Հ.Գ. Երեկ մենք զրուցեցինք նաեւ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հետ, ով եղել էր Սյունիքի մարզպետի մոտ: Գյուղապետը հայտարարեց, որ «իր հրաժարականն ուժի մեջ է»: Աթայանը հստակեցրեց նաեւ, որ ինքը հրաժարականի գրավոր դիմումը ներկայացրել է եւ այն հետ չի վերցրել: «Հենց նոր ինձ մարզպետը կանչել ա, գնացել եմ մարզպետարան, ինձ ասել է` «գնացե՛ք աշխատանքի», ես էլ ասել եմ, որ դիմումս ուժի մեջ է, եւ ես կգնամ աշխատանքի` պայմանով, որ այս չարաբաստիկ որոշումն անվավեր ճանաչվի»,-ասաց գյուղապետը: Հարցին, թե որ որոշման մասին է խոսքը, եթե Ս.Խաչատրյանն ասում է, որ նման որոշում չկա, պատասխանեց. «Կառավարության որոշումը կա, ես մարզպետին ասել եմ»:
Ինչ վերաբերում է Սիլվա Համբարձումյանին, վերջինս ասաց, որ նախքան արտոնագրից իրեն զրկելը, հողերի համար ժամանակին վճարել է, սակայն երբ արտոնագրից զրկվել է, գյուղապետերին ուղարկել է պայմանագրերը լուծելու մասին ծանուցումներ, իսկ գյուղապետերն էլ, մի մասը չհասկանալով «լուծելը», մի մասն էլ այլ պատճառներով, չեն լուծել:
ՔԱՋԱՐԱՆԻ ՄԱՍՈՎ ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ