ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վտանգը չափազանց մեծ է: Դրա համար մենք Երեւանում բազմաթիվ խորհրդակցություններից հետո եկանք այն եզրակացության, որ պետք է մինչեւ Նոր տարի անպայման այդ քարաթափման խնդիրը լուծվի»,-Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունն այս տեղեկությամբ սկսեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Խորհրդակցության նպատակն էր համակարգել Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի վտանգավոր ժայռաբեկորի պայթեցման աշխատանքները: Ներկա էին համապատասխան կառույցների ներկայացուցիչներն ու տարածաշրջանի համայնքապետերը: Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են: Պայթյունի օրը ստույգ հայտնի է: «Դեկտեմբերի 23-ին սկսելու են պայթուցիչները տեղադրել: 24-ի առավոտյան` մինչեւ կեսօր, պետք է տեղի ունենա պայթեցումը, այսինքն` հենց որ սկսեցին տեղադրել պայթուցիչները, այդ պահից վտանգավոր է դառնում ճանապարհով երթեւեկելը: Ճանապարհը պետք է փակվի»,-ասաց ՀՓԾ Լոռու մարզի փրկարարական վարչության պետ, ՓԾ գնդապետ Հրաչ Անտոնյանը: Պայթեցումը մինչեւ կեսօր իրականացնելն ինքնանպատակ չէ: Դրանից հետո իջեցվելու են նաեւ պայթյունի հետեւանքով թուլացած քարաբեկորները: Ծրագիրն ըստ նախատեսածի ընթանալու դեպքում արդեն դեկտեմբերի 25-ից կսկսվեն ճանապարհների մաքրման աշխատանքները` այն հնարավորինս շուտ երթեւեկելի դարձնելու համար: Դեկտեմբերի 22-ից սկսվելու են ճանապարհահատվածը մասնակիորեն փակելու աշխատանքները, իսկ  23-ին այն ամբողջությամբ փակ կլինի: Որոշվեցին նաեւ ճանապարհային ոստիկանության հսկողության տարածքները: Մեքենաները կայանելու են 3 տեղ` մինչեւ կամուրջը, Դսեղի ճամփաբաժանում եւ Ալավերդու կողմից Մոտկորով անցնող ճանապարհին` մեքենաների հոսքը կասեցնելու նպատակով: «Եթե 1000 տոննայից ավել կշռող ամբողջ մասսան իջավ, որտեղ էլ հարվածեց, ցնցումներ են լինելու: Ցնցումների հետեւանքով հնարավոր են նոր քարաթափումներ: Ինչքան քիչ մարդ լինի, ինչքան քիչ շարժ լինի, այնքան ավելի անվտանգ կլինի»,-ավելացնում է Անտոնյանը: Խիստ հսկողություն պետք է սահմանվի հետաքրքրասերներին տարածք մուտք գործել թույլ չտալու համար: Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության կարգադրությամբ շտապօգնության անձնակազմերը պատրաստ կսպասեն Դսեղում` պայթյուն իրականացնողներին մոտ, ինչպես նաեւ մեկական խմբեր կլինեն ճանապարհի վրա` Վանաձորի եւ Ալավերդու կողմերից: Դսեղի, Ձորագետի եւ Թումանյանի համայնքապետերին տրվեց հատուկ հանձնարարական` բնակչության հետ տանել բացատրական աշխատանքներ, որպեսզի այդ օրերին փայտ հավաքելու, անասուններին արածեցնելու կամ այլ նպատակով  հիշյալ տարածք գնալուց զերծ մնան: Պայթյունը կիրականացվի պայթուցիչների տեղադրման աշխատանքներից անմիջապես հետո: Ստույգ ժամը ճշտվում է: Բնակչությանն այդ մասին տեղյակ կպահվի:  

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս