ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՔԱՌՕՐՅԱ

Երկուշաբթի օրվանից` հունիսի 9-12-ն ընկած ժամանակահատվածում մեկնարկելու է ԱԺ քառօրյան: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ երկու օրինագիծ քննարկելուց հետո, խորհրդարանին կներկայացվի 2013 թվականի բյուջեի կատարողականը: Հիշեցնենք, որ բյուջեի կատարողականն արդեն ներկայացվել է ԱԺ հանձնաժողովներին, եւ Քառյակն էլ արդեն հայտարարել է, որ իրենք «դեմ» են քվեարկելու կատարողականին, իսկ ԱԺ ՕԵԿ խմբակցությունը դեռեւս իր տեսակետը չի հայտնել: Հավելենք նաեւ, որ ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 120 հարց, միջազգային 24 պայմանագիր:

«ԴԵՄ ԵՄ»-Ը ԴԵՌ ԴԵՄ Է

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, կրկին հավաքվելու է Մատենադարանի մոտ՝ սատարելու այն ճնշված քաղաքացիներին, ովքեր թույլ չեն տալիս կուտակայինի վերաբերյալ դիմումներ գրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանն ասաց, որ իրենց պահանջը կապված է նոր ընդունված օրենքի հետ: «Հանրահավաքը նաեւ մարդկանց իրազեկում է ենթադրում, որ մարդիկ ոտքի ելնեն, նոր թափով պայքարենք արդեն նոր օրենքի դեմ: Օրինակ՝ տեղյա՞կ եք, թե Հովիկ Աբրահամյանը ինչպիսի հայտարարություններ է անում, պարտադիր, բայց ոչ պարտադրված, այսինքն՝ լրիվ անհասկանալի ինչ-որ հայտարարություններ, անիմաստություն: Այսինքն՝ այս ամենից կարելի է ենթադրել, որ լինելու է պարտադիր բաղադրիչը: Մենք բարձրաձայնելու ենք, որ մենք դեմ ենք այդ ամենին»:

ԳՆԱՃՆ ԱՄԵՆՈՒՐ Է

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա համեմատ, գնաճը Հայաստանում կազմել է 4.4 տոկոս. երեկ նման ցուցանիշներ է հրապարակել ՀՀ ԱՎԾ-ն: Հետաքրքիրն այն է, որ 2010թ. համեմատ, գնաճը 19.9 տոկոս է: Ըստ ԱՎԾ-ի՝ պարենային ապրանքները թանկացել են 2.4 տոկոս, հագուստն ու կոշիկը՝ 7.3 տոկոս, բուժսպասարկումն ու դեղորայքը՝ 4.4 տոկոս: Միակ ոլորտը, որտեղ գնանկում է տեղի ունեցել՝ կապն է. սա էլ՝ ի հաշիվ օպերատորների մատուցած տարբեր ակցիաների ու բջջային կապի սակագնային պլանների:

ԱՐԺԱՆԻ Է

Երեկ Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար մայրաքաղաքի թիվ 63 մանկապարտեզի տնօրեն Մանյա Ղազարյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ՝ տրվել է խիստ նկատողություն: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց մանկապարտեզի տնօրեն Մանյա Ղազարյանի հետ, ով էլ հեգնանքով ասաց. «Եթե Երեւանի քաղաքապետը որոշել է, որ ես նկատողության եմ արժանի, ուրեմն համաձայն եմ»:




Լրահոս