Մեկնարկել է ՀՀԿ 13-րդ համագումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկել է “Հայաստանի հանրապետական կուսակցության” 13-րդ համագումարը։ Ելույթով հանդես է եկել ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մինչ այդ ելույթով հանդես է եկել “Եվրոպական ժողովրդական կուսակցության” փոխնախագահ Ռումիանա Ժելյաևան, ով տեսանյութի միջոցով ներկաներին փոխանցեց ԵԺԿ նախագահի ուղերձը։ Այնուհետև ելույթ ունեցավ ՌԴ-ից “Եդինայա Ռոսիա” կուսակցության ներկայացուցիչ հայազգի Արթուր Չիլինգարովը, ով ներկաներին փոխանցեց կուսակցության առաջնորդ և ՌԴ վարչապետ և վերջին նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Վլադիմիր Պուտինի ուղերձը։ Համագումարի մասնակիցներին բաժանվել է Հայաստանի հանրապետական կուսակցության13-րդ համագումարի բանաձևը, որտեղ ներկայացված են կուսակցության՝ 2007-2012թ. անցած ճանապարհը և ապագա անելիքները։ Մասնավորապես անդրադարձ կար տնտեսական զարգացման խնդիրներին, և նշվում էր, որ տնտեսական աճի նպատակադրումից անհրաժեշտ է անցում կատարել տնտեսական զարգացման հայեցակարգի և գնալ համակարգային փոփոխությունների և վերափոխման։ “Դրա համար պետք է փոխվենք մենք՝ վերափոխման առաջամարտիկները, և ՀՀԿ-ն այդ գիտակցումով է գնում ընտրությունների”,- մասնավորապես նշված է փաստաթղթում։ Բանաձևում նաև ուղերձ կա ուղղված “հայրենանվեր հասարակական քաղաքական կառույցներին ու անհատներին”՝ ՀՀԿ-ի հետ համադրելու իրենց ուժերը Հայաստանի ընդհանուր վերափոխման գործում։ Փաստաթղթում նաև հատուկ կարևորություն է հատկացված կոռուպցիայի դեմ պայքարին. “Մենք առաջնայնորեն պետք է հաղթահարենք մեր հասարակությանը համակած այն հիվանդությունը, որը կոչվում է կոռուպցիա։ Այս ճանապարհին կիրառվելու են և՛ վիրահատական և՛ մյուս բոլոր օրինական մեթոդները”,– նշված է բանաձևում։ Հիշեցնենք, որ նախորդ՝ 12-րդ համագումարը տեղի է ունեցել 2009թ. նոյեմբերի 28-ին:




Լրահոս