ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՎՐՈՄԱՅԴԱՆԻ ՓՈՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼԻ ՉԷ

Մաքսային միություն մտնելու որոշման հետ կապված՝ հասարակության բողոքի ալիքը եթե Հայաստանում գնալով նվազում է եւ գրեթե հանգել է, ապա Ուկրաինայում ամբողջովին հակառակ պատկերն է: Բողոքի ալիքի օրեցօր ուժգնացումը արդեն հասնում է ցուցարարների կողմից ամենակտրուկ քայլերի՝ բողոքի ակցիաները վերածելով պետական հեղաշրջման փորձի: Երեկ արդեն Կիեւում ցուցարարները փորձել են գրոհել Գերագույն ռադայի շենքը, տեղի են ունեցել լուրջ բախումներ: Ուկրաինայում եւ Հայաստանում իրավիճակներն արդեն այն աստիճան են տարբերվել, որ դժվար է համեմատության եզրեր գտնելը:

«Ժողովուրդ»-ը զրուցեց քաղաքացիական ակտիվիստներ Կարեն Հարությունյանի եւ Սուրեն Սահակյանի հետ, ովքեր վերջերս մեկնել էին Կիեւ՝ հենց Եվրոմայդանի փորձը ուսումնասիրելու նպատակով: Ի՞նչ եզրակացությունների են հանգել ակտիվիստները, որքանո՞վ է Հայաստանում կիրառելի Ուկրաինայի փորձը, եւ, վերջապես, արդյո՞ք որեւէ մեկը կամ որեւէ կառույց ֆինանսավորել է նրանց ուղեւորությունը. այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ հենց իրենցից՝ Եվրոմայդանից վերադարձած ակտիվիստներ Սուրեն Սարգսյանից եւ Կարեն Հարությունյանից:
«Ժ». Ճ՞իշտ են այն լուրերը, որ դուք ֆինանսավորվում եք ինչ-որ կառույցից եւ այդ միջոցներով էլ կարողացել եք մեկնել Ուկրաինա:
Ս.Ս. Ես մոտակա մի քանի տարում կարող եմ Կիեւ մեկնել ամիսը մի քանի անգամ բացառապես անձնական միջոցներով: Բայց եթե որեւէ մեկը ֆինանսավորի այդ ուղեւորությունները, ես միայն ուրախ կլինեմ: Նույնիսկ ինքս կդիմեմ խնդրանքով, եթե լուրեր տարածողները մատնանշեն այն կառույցները կամ մարդկանց, որոնք կֆինանսավորեն իմ ուղեւորությունները:
Կ.Հ. Լուրն ինչպե՞ս կարող է լինել առանց որեւէ հիմքի, փաստի կամ հղման, դրանք ուղղակի վարկաբեկման փորձեր են, մանավանդ եթե ուշադրություն դարձնենք, թե որտեղից են գալիս այդ լուրերը: Նաեւ Հայաստանում այնպես են արմատացած անվստահությունը, ինքնուրույնության բացակայությունը, նյութական արժեքը, որ հաճախ մարդկանց համար զարմանալի է՝ ոնց կարելի է ինքնուրույն լինել եւ առանց փողի ինչ-որ բանով զբաղվել: Չեն գիտակցում, որ շահը միայն փողը չէ ու միայն նեղ անձնական շահը չէ: Բազմաթիվ մարդիկ են գնում արտերկիր, մասնակցում տարբեր դասընթացների, սեմինարների, քննարկումների, եւ հիմնականում կազմակերպիչներն են ապահովում ծախսերը: Մեր գնալը ինչո՞վ առանձնացավ, եթե ոչ վարչախմբի ներկայացուցիչների կողմից մեր անձերի նկատմամբ վարկաբեկման մոլուցքով, քանի որ անհանգստանում են իրենց արտոնությունների, անօրինական, անպատժելի դիրքերի մասին: Նշեմ, որ մեզ հրավիրել էին մասնակցելու երիտասարդական սեմինարի՝ «Քաղաքացիականության նոր գաղափարներ Եվրոպայի համար» թեմայով, որտեղ ներկայացված էին եվրոպական մի շարք երկրներ: Եվ հետո, եթե մարդ պայքարում է իր գաղափարների ու արժեքների համար, անպայման պետք է սովա՞ծ լինի:
«Ժ». Որքանո՞վ եք Ուկրաինայում տիրող իրավիճակը համեմատելի համարում հայաստանյան իրավիճակին՝ հատկապես արդեն տեղում ծանոթանալուց հետո:
Ս.Ս. Ուկրաինայի իրավիճակը, չհաշված մասշտաբները, ամբողջությամբ համապատասխանում է մեր իրավիճակին: Նույն համակարգն է՝ առանց որեւէ տարբերության: Եթե համեմատենք մարդկանց վերաբերմունքը իշխանությանը, համակարգին, ընդդիմադիր կուսակցություններին, ապա նույնպես կստանանք համեմատելի արդյունքներ: Նույն հարմարվողականությունը, կոմֆորտիզմը նկատելի է նաեւ այնտեղ: Ինչո՞ւ մի դեպքում հազարներ, իսկ մյուսում՝ հարյուրներ: Կարծում եմ՝ որոշակի դեր է խաղացել այն, որ այնտեղ 2004-ին մարդիկ իշխանափոխության փորձ են ունեցել, իսկ մերը 2008-ին ձախողվել է: Մեծ նշանակություն ունի նաեւ երկրի բնակչության քանակը: Միայն Կիեւում ապրում է շատ ավելի մարդ, քան ամբողջ Հայաստանում: Ինչ-որ պահի Ուկրաինայում ոտքի է ելել միայն Կիեւի բնակչության 1 տոկոսը: Մեզ մոտ, կարծում եմ, նման իրավիճակ հասունանալու դեպքում ոտքի կելնի մարդկանց ավելի մեծաքանակ բազմություն (տոկոսային հարաբերությամբ):
«Ժ». Այնուամենայնիվ, ըստ Ձեզ՝ Հայաստանում որքանո՞վ է կիրառելի Եվրոմայդանի փորձը:
Ս.Ս. Եվրոմայդանի փորձը, կարծում եմ, Հայաստանում կիրառելի չէ: Սկզբնական շրջանում մեծաքանակ հանրահավաքները կազմակերպվել են կուսակցությունների կողմից, Եվրոպայի աջակցությամբ, իսկ մեր երկրի նկատմամբ Եվրոպայի ցուցաբերած ուշադրությունը զգալիորեն զիջում է. Ուկրաինայից, այնուամենայնիվ, ստանալու բան Եվրոպան ավելի շատ ունի: Սակայն ինչ վերաբերում է այնտեղ կուտակված քաղաքացիական անհնազանդության հարուստ փորձին, այն ամբողջությամբ կիրառելի է: Այժմ մայդանում բացակայում է կուսակցությունների ու Եվրոպայի՝ նախկինի նման մեծ ազդեցությունը, մարդիկ իրենք են փորձում լսելի դարձնել իրենց ձայնը: Հուսով եմ, որ Հայաստանում վաղ թե ուշ նույն բանը կատարվելու է: Բայց թե դա ինչ բախումների կբերի, որքան զոհերի գնով մենք կնվաճենք մեր ինքնիշխանությունը, կախված է բացառապես իշխանություններից:
Կ.Հ. Հայաստանն իր առանձնահատկություններն ունի, ու այստեղ պարտադիր չէ, որ նույն մեթոդներով լինի պայքարը: Իսկ հանրահավաքների պահով այդքան պարզ չէ. մեզ մոտ միշտ չէ, որ 50-100 հոգի են դուրս գալիս, հանրահավաքներին 5000-15000 մարդ է հավաքվում: Նկատենք, որ Ուկրաինայում 15 անգամ ավել է բնակչությունը, իսկ ակտիվ քաղաքացիները տոկոսային հարաբերությամբ նույն քանակն են կազմում: Եվ, իհարկե, կան նաեւ մենթալիտետի տարբերություններ:

 

 

 

 

 

 

ԻՇԽԱՆԱԿԱՆ ԷԿԶՈՏԻԿԱ

Կարդալով ՀՀ գերատեսչությունների կայքերի պաշտոնական լրահոսը՝ հաճախ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում չկա աղքատություն, արտագաղթի վտանգ, չկա գործազրկություն, աշխատավարձերը բարձր են, ինքնիշխանությունը կորցնելու վտանգ գոյություն չունի, կոռուպցիան իսպառ վերացված է, մարդիկ գոհ են, չաղ ու բախտավոր, հետեւաբար մեր իշխանություններն արդեն կարող են մտածել ավելի էկզոտիկ ծրագրերի մասին, օրինակ այնպիսի, ինչպիսին հերթական Աֆրիկյան պետության՝ Բենինի հետ «դարավոր բարեկամություն» հաստատելու խնդիրը:
Էդվարդ Նալբանդյանը, իհարկե, այս հարցում մեծ ձեռքբերումներ ուներ, եւ մեր հիշողության մեջ դեռ թարմ է մեր նորահայտ բարեկամներ Սվազիլենդի, Գվատեմալայի եւ Վանուատույի հետ մտերմանալու բերկրանքը: Բայց այս անգամ հերթական պատմական միջոցառումն ավելի բարձր մակարդակով տեղի ունեցավ. երեկ արդեն անձամբ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բենինի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անիսեթ Գաբրիել Կոչոֆան (նստավայրը՝ Մոսկվա): Հայ դիվանագիտության այս նոր ձեռքբերումը, անշուտ, գնահատելի կլինի սերունդների կողմից:
Միեւնույն ժամանակ ԱԺ-ում էլ չցանկացան հետ մնալ Սերժ Սարգսյանից, եւ Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամները փետրվարի 18-ին հանդիպեցին Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամների հետ: Նույն օրը տեղի ունեցավ Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության եւ Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամների հանդիպումը: Թե ինչ խոսվեց այստեղ, արդեն իսկ պարզ է. բնականաբար, կարեւորվեց հարաբերությունների խորացումը Մեծ Բրիտանիայի հետ՝ անկախ նրանից, թե ինչ է երբեւէ շահել Հայաստանի բնակչությունը նմանատիպ հարաբերությունների խորացումից:
Ահա այսպիսի հույժ կարեւոր գործերով էին զբաղված մեր իշխանությունները փետրվարի 18-ին: Հետո ի՞նչ, թե երկիրը դատարկվում է:

Նյութերը` ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ԷԼԻ ԿՐԱԿԵԼ ԵՆ

Փետրվարի 18-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներով շուրջ կես ժամ գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհը: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ հանրապետական նշանակության ճանապարհի վրա ներկայումս իրավիճակը հանգիստ է: Հայկական կողմից տուժածներ չկան, իսկ մեր սահմանապահներն ադրբեջանական զինուժին հակահարված են տվել: Այժմ նշված ճանապարհը կիսափակ է. մարզկենտրոն Իջեւանը Բերդի շրջանին կապող այդ ճանապարհով անցնել ցանկացողները զգուշացվում են վտանգի մասին: Այդպիսով` ադրբեջանական զինուժն արդեն որերորդ անգամ խախտում է «օլիմպիական հրադադարը», որի շուրջ պարտավորություն էին ստանձնել ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները: Հերթական անգամ ադրբեջանական զինուժը ոտնձգություն է կատարում ՀՀ տարածքի վրա, իսկ ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ երկկողմ պայմանագրերով պարտավորություններ ստանձնած Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը դա չնկատելու է տալիս:

Ո. Ս.
Տավուշ

 

 

 

 

 
ԿՐԿԻՆ «ԴԵՄ ԵՄ»

Փետրվարի 20-ին «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը մտադիր է հանդիպել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ ուսումնական հաստատության բակում երկար դասամիջոցի ժամանակ:
Նախաձեռնության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ը խիստ կարեւորում է ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար պայքարում: Նախաձեռնության անդամներն ընդգծում են, որ «շատ կարեւոր է, որպեսզի ուսանողությունն արտահայտի իր հստակ դիրքորոշումը հակասոցիալական ու հակասահմանադրական օրենքի շուրջ»:
Այս ամենից ելնելով` սույն թվականի փետրվարի 20-ին` ժամը 12:30-ին, «Դ!ԵՄ ԵՄ»-ը, չցանկանալով խանգարել դասապրոցեսը եւ օգտագործելով երկար դասամիջոցը, բաց հանդիպում է կազմակերպում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ: Հիշեցնենք, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ն իրականացնում է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը:

Ն. Պ.




Լրահոս