Չգիտեի, որ «սխոդկաներ» էլ եք անցկացնում. վարչապետը՝ Զ. Փոստանջյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանն անդրադարձավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Սյունիքի մարզի բնակչի կողմից բարձրացված հարցը վերաբերում է նորից Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին: Քաղաքացին պնդում է, որ մարզպետ նշանակվելու համար մրցույթ է հայտարարվել և հայտնում է, որ Հ. Աբահամյանը և Ս. Սարգսյանը փնտրում են հարմար թեկնածու քրեական աշխարհից և քրեական հեղինակություն հանդիսացող:

«Սխոդկայի» ընթացքում՝ վերը նշված հարցի քննարկման ժամանակ որոշվել էր , որ տվյալ անձն ամենահարմար թեկնածուն էր: «Սխոդկայի» ժամանակ նաև քննարկվել է այն տեղեկությունը, որ Լիսկան դեռ վերջին սպանությունը չի մարսել:  Քաղաքացին պնդում է նաև, որ իրեն մրցունակ է ճանաչել Սերժ Սարգսյանին անձամբ ծանոթ լինելու հանգամանքն ու նրան ծառայություններ մատուցելը:

Քաղաքացին հիմա ցանկանում է պարզաբանում ստանալ, թե ինչու են խախտվել մրցույթի կանոնները: Քաղաքացին նաև խնդրել է հայտնել իր մականունը՝ «Թակարդ» »- հայտարարեց նա:

Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նախ նշելով, որ արդեն անդրադարձել է այս  հարցին, ապա հավելեց.

«Ես գիտեմ, որ դուք փաստաբան եք, պատգամավոր եք, բայց չգիտեի, որ «սխոդկաներ» էլ եք անցկացնում:  Ինձ համար դա նորություն էր: Եվ կխնդրեի չափի մեջ խոսել և այդ փողոցային խոսակցությունները չբերել այս դահլիճ», – ընդգծեց վարչապետը:

Ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, թե սա փողոցային խոսակցություն չէ և կա տեսաձայնագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է Ս. Խաչատրյանը կաշառք փոխանցում՝ մրցույթում հաղթելու համար:




Լրահոս