ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻԼՈՔՍԵՐԱ ՉԿԱ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ՝ «Որդալվիճը Էռնեկյանի այգիներից է տարածվել» հրապարակման մեջ գրել էր, որ ՀՀ կառավարությունը 8 մլն հատկացրել էր Արմավիրի մարզի Գայ եւ Աղավնատուն համայնքների խաղողի 0.77 հա այգետարածքներում հայտնաբերված որդալվիճի (ֆիլոքսերա) դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը: Այս հարցի հետ կապված «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն»-ի տնօրեն Ֆիրդուսի Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Էդուարդո Էռնեկյանն իր խաղողի այգիների համար ժամանակին Արեւլյան Ֆրանսիայից, Լեռնային Ղարաբաղից տնկիներ է բերել, ինչի համար էլ ֆիլոքսերա կոչվող հիվանդությունը հայտնվել է Արարատյան դաշտավայրում: Մինչդեռ Արարատյան դաշտավայրը ֆիլոքսերազերծ է եղել, սակայն վերջին երկու տարիներին ֆիլոքսերան հայտնվել է միայն Գայ եւ Աղավնատուն համայնքներում: Երեկ խնդրի առնչությամբ «Տիեռաս Դե Արմենիա» ՓԲԸ-ից Ֆիրդուսի Հարությունյանի հայտարարության հետ կապված պարզաբանեցին, որ Էռնեկյանի այգիներում ֆիլոքսերա հիվանդություն չկա եւ երբեւէ չի եղել:

 
ՈՏՔՈՎ ԿՇՐՋԵՆ

Վանաձորում օրեցօր վատանում է երթուղային տրանսպորտի վիճակը. երթերի թիվը պակասում է, բնակչության բողոքներն ` ավելանում: Վանաձորցիները բողոքում են հատկապես ավտոբուսների սպասարկումից: Բնակիչների խոսքերով` 15 րոպեի փոխարեն ավտոբուսները ժամանում են 30 րոպեն մեկ, իսկ երեկոյան ժամերին ընդհանրապես չեն աշխատում:
Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի սպասարկման եւ տրանսպորտը համակարգող բաժնի պետ Էռնեստ Գեւորգյանը երթուղային տրանսպորտի վիճակը գնահատում է ծայրահեղ ծանր: Պարզվում է՝ քաղաքում շահագործվող երթուղայինների թիվը զգալիորեն պակասել է: Բազմաթիվ տրանսպորտային միջոցներ հանվել են շահագործումից, իսկ նորերը ձեռքբերելու հնարավորություն չկա: Ըստ Էռնեստ Գեւորգյանի` սա հետեւանք է այսօրվա ոչ եկամտաբեր աշխատանքի: Տրանսպորտն այսօր ուղղակի գոյատեւում է: Ծանր վիճակ է հատկապես ավտոբուսների պարկում. «18 մեքենայի փոխարեն երթ է կատարում ընդամենը 8 -ը: Երկու երթուղի կա, որտեղ ավտոբուսն ընդհանրապես չի աշխատում: Թիվ 1-ում եղել է 4 ավտոբուս, այսօրվա դրությամբ մնացել է երկուսը, ու հույս էլ չունենք, որ էդ երկուսը երկար կաշխատի: Այսինքն` այսօր պարկը փլուզման ենթակա է: Տնօրենների հետ զրուցել ենք, նրանք չեն կարողանում, չունեն համապատասխան եկամուտ, որ նոր ավտոբուսներ ձեռքբերեն: Ցանկացած պահի նրանք պատրաստ են հրաժարվել»,-ասում է Էռնեստ Գեւորգյանը:
Միկրոավտոբուսների դեպքում շահագործման իրավունքը 15 տարի է, ավտոբուսների դեպքում` սահմանափակում չեն սահմանել: Վանաձորում գործող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսների թվագրությունը հատում է կես դարը: Դրանցից 8-ը դեռ շարունակվում է շահագործվել` ըստ երեւույթին մեկ դարը հատելու ռեկորդ սահամնելու ակնկալիքով: Նոր տրանսպորտային միջոցներ ձեռքբերելու մասին խոսելն ավելորդ է: Այսօրվա դրությամբ Վանաձորում 7 թափուր երթուղի կա, որոնք լրացնելու հնարավորություն չկա: Մյուս կողմից էլ` ավտոբուսների շահագործումը գծատերերի համար դարձել է ոչ շահավետ: Մի կողմից՝ բնակչության արտագաղթը, մյուս կողմից՝ պահեստամասերի թանկացումը առաջ են բերում լուրջ խոչընդոտներ: Այսպես շարունակվելու դեպքում, մի քանի տարի անց, վանաձորցիներն «առողջ» ապրելակերպ կվարեն` քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով հատելով:

 

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս