ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ ՍՊԱՆՎԱԾԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ

Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքանյութը կուրացրել է նույնիսկ ազգակցական կապ ունեցող հարազատներին: Այսօր Վարդենիս քաղաքում հորեղբորը մեղադրում են իր հարազատ եղբոր որդու սպանությունը կազմակերպելու մեջ: Թերեւս սրանից ավելի դաժան բան դժվար էր պատկերացնել:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկության, հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ սպանվել էր 33-ամյա Արման Մանուկյանը: Սպանված Արմանի եղբայրը` Գրիշա Մանուկյանը, դեպքի ժամանակ նրա հետ է եղել եւ տեսել է, թե ով ինչպես է եղբորը սպանում: Այս գործով կալանավորվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Սասուն Կարապետյանը, իսկ, ահա, Սարգիս Գալստյանը (Ապեր) փնտրվում է: Եվ այսպես՝ դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը այցելեց Վարդենիս քաղաք եւ զրուցեց սպանվածի եղբոր՝ Գրիշա Մանուկյանի հետ:

Ինչից է սկսվել վեճը
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանվածի եղբայր Գրիշա Մանուկյանը վստահեցրեց, որ ողջ պատմության մեծ մեղավորն իր հորեղբայրն է՝ Մյասնիկ (Հրաչ) Մանուկյանը իր որդիների՝ Վարդան եւ Վահագ Մանուկյանների հետ. «Ամեն ինչ ոսկու հանքերից է սկսել: Մենք որոշեցինք ազգովի մի գործ անել: Աշխատում էինք ոսկու հանքում, ոսկի էինք հանում, կամաց-կամաց իրենք ցանկացան ոսկու հանքից հանքանյութ հանելու գործը կիսենք, էդպես վիճաբանություն եղավ: Ես ասեցի իրենց, որ եթե հանք մտնելու գործը կիսվի, ուրեմն ճիշտ պտի կիսվի, բայց քանի որ սխալ կիսվեց, ամեն ինչ դրանից էլ սկսվեց: Էս ամեն ինչից հասկացա՝ նրանք զենքերով ուզում էին մեզ ոսկի հանելու գործից լարել: Այս կրակոցների ողջ մեղավորը հորեղբայրս՝ Հրաչիկ Մանուկյանն է, առանց նրա խոսքի ոչ մեկ ոչ մի բան չի անի, ես վստահ եմ, որ նա է ասել՝ գնացեք, խփեք, ես պատասխան կտամ»:
Այսպիսով՝ Մաշադու ազգի (այսպես են նրանց ցեղին անվանում Վարդենիսում) ներկայացուցիչները միմյանց ուղղությամբ առաջին անգամը չէ, որ կրակել են: Պարզապես մինչ օրս զոհեր չեն եղել: Գրիշայի պատմելով՝ ինքը մինչ այս դեպքը գնացել, խոսել է հորեղբոր հետ, որ հարցը խաղաղ ճանապարհով լուծվի. «Ասի՝ հոպա՛ր, որ կրակում են մեր վրա, մարդ են առեւանգում մերոնցից, տանում, պահում, սաղ էդ կրակողները քո անունն են տալիս: Հարցրի՝ հոպա՛ր, դո՞ւ ես անում, թե՞ դրանք քո պատվի հետ են խաղում: Հորեղբայրս ձեն չհանեց. միայն ասեց, թե ինձ չի ների, քանի որ իրեն ցանկացել եմ մեքենայի տակ գցել: Ես էլ ասեցի, հա, բայց այնպես չի, որ մենակ ես եմ նման բան արել, մինչ այս դեպքը ուազը պայթացրին, իմ դեմ մահափորձ արեցին: Բայց ես ոստիկանությունում ոչ մեկի անունը չեմ տվել, ասել եմ՝ թող ոստիկանները գնան, պարզեն, իմ հորեղբոր տղերքն են, հո խայտառակ չե՞նք լինելու. ասեի՝ իրենք են ուզում վերացնեն մեզ: Հարցն էլի չլուծվեց: Էլի շարունակեցին զենքերով, շարունակվեց, շարունակվեց, ու վերջը կրակեցին, սպանեցին եղբորս»:
Ըստ Գրիշայի, ոստիկանությունում ինքն այս գործով անցնող մի խումբ մարդկանց անուններ է տվել, որ նրանք հանրապետությունից չփախչեն, մինչեւ հասկանա, թե ինչ է լինելու. «Ասել եմ, թե ովքեր են Հրաչի բանդայի անդամները` Վահագ եւ Վարդան Մանուկյանները, որոնք իր որդիներն են, Կարեն Մանուկյանը, Սարգիս՝ Ապեր Գալստյանը, Սասուն Կարապետյանը, Հովոն, Ռուբոն, Մարտոյի Սուրենը»:

Առանց կրակ ծուխ չի լինում
Եւ որպեսզի ընթերցողին հասկանալի լինի, թե ինչու են հորեղբոր որդիներով «իրար միս ուտում», բացատրենք, որ, Վարդենիսում պտտվող լուրերի համաձայն, ոսկու հանքից գողացվող հանքանյութերից տրված համապատասխան «փայի» դիմաց մայրաքաղաք Երեւանից «տանիքներ» են հայտնվել. Մաշադու ազգի ներկայացուցիչների հովանավորները ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ ու նրանց ազգականներն են, իսկ Գրիշա Մանուկյանի եւ նրա սպանված եղբայր Արմանի տանիքը «Ֆառ» մականունով Արթուր Սարգսյանն է: Դրա համար էլ բարեկամներով չեն կարողանում հաշտվել: Սակայն Գրիշա Մանուկյանն ասաց, թե. «Ում ինչ հարմար է, խոսում են, եթե Ֆառը այս հարցում մեր կողմից լիներ, հարցը մի րոպեում կլուծվեր»:
Նշենք, որ մինչ հոկտեմբերի 12-ի չարաբաստիկ կրակոցը, Արման եւ Գրիշա Մանուկյանները վիճաբանություն են ունեցել Սարգիս (Ապեր) Գալստյանի, Սասուն Կարապետյանի եւ եւս երկու հոգու հետ, ծեծի են ենթարկել նրանց, որից հետո էլ Սասունը, այլ ելք չունենալով, սպանել է Արման Մանուկյանին:
Ի՞նչ է պատմում այս մասին դեպքի ականատես-մասնակից Գրիշան: Ըստ նրա, դեպքի օրը եղբոր` Արմանի հետ իսկապես հանդիպել է Ապերին. «Մեքենան կանգնացրել եմ եւ ասել եմ, որ ախպեր, եկեք, հասկանանք, թե ինչ ենք անում, ոնց ենք այս հարցը լուծելու: Սարգիսն էլ հորդ ու բորդով սկսեց խոսել, ու այդ ժամանակ ախպերս իջավ մեքենայից, ուզեց Ապերին մի հատ խփի, կարող է մի հատ էլ ձեռքով խփել է, ու էդտեղ Ապերը փախավ: Սասունին էլ բենզալցակայանի մոտ տեսանք: Ախպերս ասեց, թե՝ Սասուն իջի ավտոյից, մեքենան քշեց փախավ: Սասունը ֆիզիկապես այնքան ուժեղ տղա է, որ կարող էր երկուսիս էլ տապալել գետնին, չենք ծեծել, բայց փախավ: Հետ էինք գալիս տուն, Արմանը ասեց՝ Գրիշ սրանք կգան մեր հետեւից, ես էլ ասեցի՝ թող գան: Ավելի ուշ, մեր բակից մի փոքր հեռու, Ապերի մեքենայով եկավ Սասուն Կարապետյանը: Մեքենայի մեջ 4 հոգով էինք` ես, ախպես, Արտյոմը եւ Վարդանը: Սասունն ավտոմատը պատրաստած վիճակով իջավ ավտոյից, եկավ մտցրեց «Նիվի» մեջ: Արմանը բռնեց ավտոմատը, որ հանկարծ ավտոմատը չֆրցնի մյուսների վրա: Ես մինչեւ իջա, որ հասնեմ Սասունին, լսեցի կրակոցի ձայնը ու սառա»:
Գրիշայի պատմելով, երբ ինքը շտապել Է հասնել Սասունին, ընկերները գոռացել են, թե շուտ արա, Արմանին հասցնենք հիվանդանոց: «Հետ դարձա, կարեւորը ախպորս փրկելն էր, մնացած հարցերը հետո, բայց չկարողացա փրկել: Միակ բանը, որ ախպերս հասցրեց ինձ ասել ճանապարհին, էս էր՝ «կամաց քշի, մեքենան շուռ կտաս»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե Մանուկյան եղբայրների մեքենայում զենք եւ թմրանյութ են հայտնաբերել ոստիկանները, այս առնչությամբ Գրիշան ասաց. «Եթե զենք լիներ, հաստատ կօգտագործվեր: Շատ բան են ասում: Եթե տենց բան լինի, ուրեմն փորձաքննությունն անողն է դա գցել մեքենայի մեջ»:
Մեր զրուցակիցը վերջում ասաց, թե արդեն երեք տարի է, ինչ Սոթքի ոսկու հանքից հանքանյութ չի հանում: «Զանգել եմ հորեղբորս եւ ասել, թե մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ապրել ուզում: Այս պատմությունների համար իմ փաստաթղթերը ոստիկանությունում է: Ասել եմ՝ արի, հոպար, գնանք վարչությունից հանենք, տուր ինձ, գնամ մի տեղ աշխատեմ, երկրից դուրս գամ: Չարեցին էլի»:
Հրաչ Մանուկյանին գտնելու մեր բոլոր փորձերը ձախողվեցին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՍԻՐՈ ՊԱՏՃԱՌՈՎ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի` Կարեն Եսայանի սպանության համար ամբաստանվող Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանի՝ վճռաբեկ բողոքի պատասխանն ուղարկելու սահմանված կարգը, կարծես թե, խախտվում է: Լրագրողների հետ հանդիպմանը պաշտպան Սահակյանը հիշեցրեց նախապատմությունը, համաձայն որի` նախքան նախկին քաղաքապետի դստեր հետ նշանադրվելը նրա փեսային հետապնդել են:
Հիշեցնենք, որ Հարություն Սարգսյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման: Հոդվածներից մեկի հատկանիշներով` ապօրինի ձեռնարկատիրություն, սահմանված է առավելագույնը 1 տարի ազատազրկում, սակայն դատավորը երկու տարվա ազատազրկման է դատապարտել: Լուսինե Սահակյանը վստահեցրեց, որ ողջ դատական քննությունն անցել է ակնհայտ ապօրինություններով, ինչը նկատի չունեցավ նաեւ վերաքննիչ քրեական դատարանը: Պաշտպանի պատմածի համաձայն` Սպարտակ Ղուկասյանը` Վարդան Ղուկասյանի որդին, պնդել է, որ Կարեն Եսայանը նշանադրության օրն իրենց տուն չգա, քանի որ դեմ է եղել քրոջ եւ նրա ամուսնությանը: «Կքոռանաս, բայց քրոջս երեսը չես տեսնի»,-ասել է Սպարտակը:
«Նախկինում Վարդան Ղուկասյանի եղբոր դուստրն ինքնասպանություն է գործել հենց նրանց տանը: Նա որդուն ասել է` ուզում ես կրկնվի՞ Անիի պատմությունը, քանի որ Սպարտակ Ղուկասյանն այս անգամ էլ դեմ է եղել հորեղբոր դստեր եւ մի տղայի կապին: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ ցուցմունք տված անձնավորություններից մեկը ինքնասպան է եղել, եւ լրատվամիջոցներում գրել են, թե դա այս պատմության հետ է կապված»,- ներկայացրեց Սահակյանը:
Եւ այսպես՝ ըստ պաշտպանի, այսքան անհասկանալի իրավիճակում ոստիկանությունում սկսել են անել ամեն ինչ, որպեսզի այս ամենի համար պատասխան տա Հարություն Սարգսյանը: «Աշոտ Կարապետյանը, Բաբակեխյանը եւ նրա տեղակալը, ով մարզային վարչության պետն է, անձամբ են դաժան ծեծի ենթարկել Հարությունին»,-ներկայացրեց պաշտպան Լուսինե Սահակյանը: Նրա խոսքերով` նախաքննական մարմինն ու առաջին ատյանի դատարանը մի շարք կարեւոր հանգամանքների վրա ուշադրություն չեն դարձրել: Դատարանն անգամ բազմիցս մերժել է բոլոր այն միջնորդությունները` արված Լուսինե Սահակյանի կողմից, որոնք ուսումնասիրելուց հետո հնարավորություն կլիներ պարզելու` ով է իրականում հետապնդել Կարեն Եսայանին:

 

ԳՆԱՑԵԼ Է ԴԱՀԿ
Armlur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության շենք է գնացել տարեց կին, ով սկսել է բողոքել ԴԱՀԿ կատարած աշխատանքներից, ապա կնոջ ինքնազգացողությունը վատացել է: ԴԱՀԿ աշխատակիցները կնոջ համար շտապ օգնություն են կանչել: Armlur.am-ը կապ է հաստատել ԴԱՀԿ ծառայության լրատվության կապերի բաժնի հետ, որտեղ վստահեցրել են, որ կինը պարզապես վարույթի համար նախատեսված վճարումներն անելու նպատակով է գնացել իրենց մոտ, եւ նրա ինքնազգացողությունն անսպասելի վատացել է: Կնոջ համար շտապ օգնություն է կանչվել:

 




Լրահոս