ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հավանականությամբ այսօր Ազգային ժողովում քննարկվելու է ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածությունը: Ինչպես կանխավ տեղեկացրել էինք, ներկայացվելիք միակ թեկնածուն  իրավաբան Կարեն Անդրեասյանն է լինելու: Մինչ այդ ոչինչ չասող այդ անուն-ազգանունը   հանրության  ուշադրության կենտրոնում  հայտնվեց  2009թ. մարտին, երբ ԵՊՀ երիտասարդ դասախոս  Անդրեասյանը որոշեց  կանգնել  «Միասին» շարժման ակտիվիստների թիրախը դարձած իր կաշառակեր կոլեգաների թասիբին եւ ԱԺ ներկայացրեց  մամուլի ազատությունը սահմանափակող օրենքի տխրահռչակ նախագիծը:  Բնականաբար, իշխող կոալիցիան երիտասարդ իրավաբանի մատուցած նվերը սիրով ընդունեց  եւ  մի քանի ամիս անց, չնչին փոփոխություններով, հաստատեց առաջին իսկ ընթերցմամբ:Ու, չնայած Անդրեասյանն ինչպես 2009-ին, այնպես էլ հիմա  շարունակում է պնդել, թե իր նախաձեռնությունն ուղղված չէր մամուլի դեմ,  հատկապես  «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ  3 օլիգարխների հայցով դատարանի  վերջին վճիռը ցույց տվեց, որ իշխանությունները, ի դեմս Կարեն Անդրեասյանի մշակած օրենսդրական նախագծի, ստացան հիանալի  մահակ` լռեցնելու անցանկալի  լրատվամիջոցներին` նրանց պարզապես սնանկացնելու եղանակով, եթե հրապարակեն ուրիշի կարծիքը: Այնպես որ,  միանգամայն օրինաչափ էր, որ մասնագիտական բարձր եւ արժանավայել կենսագրություն ունեցող բազմաթիվ իրավապաշտպաններին թողած`  Սերժ Սարգսյանն  ընտրեց հենց Կարեն Անդրեասյանին: Առավել եւս, որ վերջինս, բացի վերոնշյալ նախագծից, անցած տարվա ընթացքում հասցրել է իշխանություններին էլի մի քանի մանր-մունր ծառայություններ մատուցել. օրինակ` ամեն ինչ անել, որ պալատական ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը դատարանում հաղթի «Հրապարակ» օրաթերթին,  զբաղվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի պատրաստմամբ, որով  սահմանվում է հեռուստահաճախականությունների  մրցույթի նոր կարգն ու լուծվում է «Ա1+»- ին եթեր չտալու հարցը: Դե, իսկ նրա հեռուստատեսային գործունեության մասին խոսելն  ավելորդ է:  Ուստի,  սխալվում են պարոն Անդրեասյանին քննադատողները` ասելով, որ վերջինս, իբրեւ իրավապաշտպան,  մինչ օրս չի պայքարել  որեւէ մեկի իրավունքների վերականգնման համար: Կարենի գործունեության` հենց միայն վերը  թվարկված պայծառ դրվագները ցույց են տալիս, որ մինչ  օրս նա եղել է   իշխանությունների եւ մականունավոր  օլիգարխների լավագույն իրավապաշտպանը: Այնպես որ, ամեն ինչ այնպես է, ինչպես եւ պետք է լիներ: Միայն թե` Կարեն Անդրեասյանի ընտրությամբ, Սերժ Սարգսյանը վերջնականապես անլուրջ դարձրեց անցյալ տարիների ընթացքում քիչ թե շատ կայացած ինստիտուտը: Ափսոս:




Լրահոս