ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ՀԱՅՑ «ԲԱՄՕ»-Ի ԴՈՒՍՏՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

«ԲԱՄՕ» ընկերության դուստր «ԲԱՄՕ մետալ» ընկերության դեմ դատական հայց է ներկայացվել: Այդ ընկերության սեփականատերը եղել է գործարար Մուրադյան եղբայրներից սպանված Հովիկ Մուրադյանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2014թ. հունիսի 18-ին ՀՀ Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդի գյուղապետարանը «ԲԱՄՕ մետալ» ՍՊԸ-ի դեմ հայցադիմում է ներկայացրել` պահանջելով ընկերությունից հօգուտ գյուղապետարանի բռնագանձել 16 միլիոն 450 հազար դրամ:

Պարզվում է, որ 2008-2012թթ.-ին «ԲԱՄՕ մետալ» ՍՊԸ-ն Նոր Աստղաբերդ համայնքի տարածքում հետախուզական աշխատանքներ է իրականացրել, սակայն համայնքային նշանակության հողերում երկրաբանական ուսումնասիրության համար պայմանագրով սահմանված գումարը չի վճարել: Արդյունքում՝ համայնքի ղեկավար Սուրիկ Թեւանյանը կուտակված պարտքը ստանալու նպատակով դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով բռնագանձել տարիների ընթացքում կուտակված պարտքը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սուրիկ Թեւանյանն ասաց, որ մեկ անգամ արդեն դատական հայց է ներկայացրել նույն ընկերության դեմ եւ կարողացել դատական կարգով 1 միլիոն 400 հազար դրամ բռնագանձել` հօգուտ գյուղապետարանի: «Ընկերությունը մեր տարածքում գտնվող համայնքային նշանակության, բայց պետական սեփականություն համարվող 1 հազար 715 հեկտար հողերի համար պետք է վճարի 2 տարվա գումար՝ յուրաքանչյուր տարվա համար 6 միլիոն 860 հազար դրամ: Դիմել ենք «ԲԱՄՕ մետալ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենին, ասում է՝ չկա, ոնց տանք: Լավ, բա ես ի՞նչ անեմ»:
Ըստ նրա` պարտքերը գոյացել են ընկերության նախկին եւ ներկայիս գործադիր տնօրենների՝ Մասիս Խաչատրյանի եւ Արման Գրիգորյանի ղեկավարման ժամանակահատվածում: «Ընկերությունը պատկանում է Մուրադյան եղբայրներին, չեմ կարծում, որ նրանք տեղյակ չեն այս իրավիճակից, եթե տեղյակ չեն, ուրեմն շատ ավելի վատ գործադիր տնօրենների համար: Հասկանում եք՝ այդ պայմանագրի արդյունքում եւս համայնքային բյուջե էի կազմել, ու քանի որ այսքան պարտք կուտակվեց, ստիպված եմ եղել գյուղապետարանում կրճատումներ անել, ծախսեր ենք իջեցրել: Խնդրի մասին տեղյակ եմ պահել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, նա էլ ասել է՝ ոնց օրենքով է, այդպես էլ արա, ու ես դիմել եմ դատարան: Եթե դատարանը հօգուտ մեզ չորոշի, ապա ես եմ պետության 16 միլիոն պարտքը մարելու: Պատկերացրեք, եթե դատարան չդիմեի, ինձ կասեին՝ ուրեմն դու ճիշտ չես աշխատել, քո գործը ըստ պատշաճի չես իրականացրել»,-ասաց Աստղաբերդի գյուղապետը:
«ԲԱՄՕ մետալ» ՍՊԸ գործադիր տնօրեն Արման Գրիգորյանի խոսքով՝ պահանջվող 16 միլիոն 450 հազար դրամի համար որեւէ պայմանագիր չկա: «Եթե պայմանագիր չկա, ապա ինչ վճարելու մասին է խոսքը: Ես ընկերության նախկին տնօրենի հետ էլ եմ խոսել, եւ ասել է, որ պայմանագրով նախատեսված պարտքը վճարել են: Ախր այս ներկայացված գումարն էլ բավականին անհասկանալի գումար է: Մենք համայնքին պարտք ենք մոտ 700 հազար դրամ, իսկ թե որտեղի՞ց է այս գումարն առաջացել, դեռ չգիտենք: Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի, եթե դատարանը որոշեց, որ պայմանագիր չկա, բայց պետք է վճարենք, ուրեմն պետք է վճարենք»,- ասաց «ԲԱՄՕ մետալ»-ի տնօրենը:
Նշենք, որ ԲԱՄՕ ընկերությանը պատկանող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մասին կրքերը հենց «ԲԱՄՕ մետալ» ընկերության շուրջ էին թեժացել: Հենց այս ընկերության անունով էին Մուրադյան եղբայրները վարկ վերցրել Հայաստանի կառավարությունից եւ 2012-ին գրավադրել իրենց պատկանող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:
ԲԱՄՕ ընկերության անվանումը Մուրադյան 4 եղբայրների՝ Բորիսի, Հակոբի, Մուրադի ու Հովիկի անունների ռուսերեն տարբերակի սկզբնատառերի հապավումն է: «ԲԱՄՕ մետալ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանը 2013թ. հունիսի 12-ին սպանվեց Մոսկվայի էլիտար հյուրանոցներից մեկի՝ «Lotte Plaza Hotel»-ի մոտ: Ավտոմեքենայից իջնելիս դիմակավորված անձը նրան դանակահարել էր:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 4-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել: Շենքերից մեկում հարեւանները լսել են տան տիրոջ՝ Նարինեի ճիչը: Օգնության հասած հարեւանների առջեւ Նարինեն դուռը բացել է արդեն իսկ դանակահարված վիճակում: Հարեւանները շտապօգնություն են կանչել, եւ Նարինեին բժշկական օգնություն է ցուցաբերվել: Այնուհետեւ հարազատները կատարվածի մասին ահազանգել են ոստիկանությանը: Հարեւաններն իմացել են միայն, որ Նարինեի հետ վիճողը տղամարդ է եղել, Վլադիմիր անունով: Ոստիկանությունը տեղի ունեցածի հետ կապված իրականացնում է հետաքննություն:

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի վրա գտնվող շենքերից մեկում: 30-ամյա Տաթեւիկ Բաղդասարյանը 4-րդ հարկից իրեն ցած է նետել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած աղջիկը 90-ականներին ՀՀՇ վարչության փոխնախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի դուստրն է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ուշ ժամի: Ըստ տարածքում ապրող բնակիչների՝ Տաթեւիկը ֆլեյտահար է եղել, բավական լուրջ հաջողություններ է ունեցել, տարբեր մրցանակների է արժանացել: Վերջերս տեղի է ունեցել նրա նշանադրությունը: Աղջկա ապագա ամուսինը աշխատում է թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Ըստ լուրերի՝ Տաթեւիկն ինքնասպանությունից առաջ հանել է նշանադրության մատանին եւ թողել պատուհանագոգին: Նշված հասցեում ապրող բնակիչները պատմել են, որ Տաթեւիկը նախկինում մեկ անգամ եւս ինքնասպանության փորձ է կատարած եղել, սակայն հարազատներին հաջողվել է փրկել նրա կյանքը:

 

ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՖԻՆՆԱԽԸ
«Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով արգելանքից հանել իր գույքը: Բանկը դիմումը ներկայացրել է «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի դեմ, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ վերջինիս պատճառով է բանկի գույքն արգելանքի տակ հայտնվել: Սակայն ուշագրավն այն է, որ դատարանում պատասխանող կողմը ՀՀ ֆինանսների նախարարությունն է: Գործով առաջին դատական նիստը նշանակված է նոյեմբերի 11-ին: Հիշեցնենք, որ «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերից 19.98 տոկոսը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Բանկի բաժնետոմսերի 19,52 տոկոսի սեփականատերն էլ Ռուբեն Հայրապետյանի հայրն է` Ռաֆիկ Հայրապետյանը:

 

ՉԵՆ ԱՐՏԱՀԱՆՁՆԻ
«Եթե Զապի մասին եք հարցնելու, ոչ մի մեկնաբանություն»,- նման պատասխան է ստացել Armlur.am-ը հայազգի քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» պաշտպան Վահագն Մարտիրոսյանից: Օրերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը Զապի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց մեկամսյա կալանքը: Փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի կողմից հստակ հրահանգ է ստացել՝ լրատվամիջոցներին որեւէ հարցազրույց չտալ, հարցերին չպատասխանել: Այդուհանդերձ, Armlur.am-ին հաջողվել է պարզել, որ Չեխիայում Սողոյանի պաշտպանը բողոքարկել է Պրահայի մունիցիպալ դատարանի դատավճիռը, սակայն համապատասխան դատական ակտ դեռեւս չի կայացվել: Ինչ վերաբերում է «օրենքով գողին» արտահանձնելու հարցին, Վահագն Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիներին արտահանձնել արգելվում է՝ անկախ ամեն ինչից: Ուստի Սողոյանն, ամենայն հավանականությամբ, պատիժը հայրենիքում կկրի: Այս մասով եւս սպասվում է դատական ակտի կայացում: Հիշեցնենք, որ գյումրեցի «օրենքով գող» Զապը Երեւանի Խորենացու փողոցում ձերբակալվել էր հոկտեմբերի 30-ին: Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` սպանություն եւ շորթում կատարելու մեղադրանքով:

 

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է հոկտեմբերի 29-ին Գյումրիում 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության մեղադրանքով հետախուզվող Արթուր Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որոշվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավել Արթուր Մարտիրոսյանին: Վերջինս մեղադրվում է դիտավորյալ սպանություն կատարելու մեջ: Դատարանը բավարարել է Ա. Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդությունը, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից իրենց մոտ է տեղափոխվել նշված տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

 




Լրահոս