Հրդեհ՝ Մարզահամերգային համալիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան «Մարզահամերգային համալիրում» ծխապատ գոտի կա և առկա է փրկարարների կարիքը:

Ավելի ուշ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Համալիրի դիմահարդարման սենյակին կից գործող շոգեբաղնիքում: Դրանից հետո ծուխը լցվել է համալիրի փոքր դահլիճ: Փրկարարներին հաջողվել է մարել կրակը:

Աշխատանքներին հետևել է նաև ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Պետք է ընդգծել` առաջին անգամը չէ, որ համալիրում հրդեհ է լինում: 1984-ին հրդեհ բռնկվեց Մարզահամերգային համալիրի համերգային հատվածում, որտեղ դեռ շարունակվում էին շինարարական աշխատանքները: Չարագույժ հրդեհի մասին լուրերը կայծակնային արագությամբ տարածվեցին ամբողջ Երևանում: Հարյուրավոր մարդիկ շտապում էին դեպի Ծիծեռնակաբերդի բլուր` Մարզահամերգայինը կրակի ճիրաններից փրկելու:

Համալիրի հրդեհը մոտ 5 միլիոնի վնաս հասցրեց պետությանը, սակայն ավելի մեծ էր բարոյական վնասը: Ականատեսների հիշողության մեջ դեռ պահպանվել է այդ չարաբաստիկ օրը, երբ ողջ ժողովուրդը, հավաքված Ծիծեռնակաբերդում,   հետևում էր հրշեջների աշխատանքին: Այնտեղ էր նաև հանրապետության ողջ ղեկավարությունը: Ականատեսները    պատմում են, թե ինչպես էր արտասվում Կարեն Դեմիրճյանը:

Հիշեցնենք, որ համալիրի ճակատագիրը երկար ժամանակ անորոշ էր: Մի քանի անգամ աճուրդի դրվելուց և այդպես էլ գնորդ չգտնելուց հետո այն հանձնվեց Պաշտպանության նախարարությանը: 2005 թվականին շենքը վաճառվել էր ԲԱՄՕ ընկերությանը 5,7 միլիոն դոլարով: Տարիներ առաջ ընկերությունը ՀՀ կառավարությունից 20 մլն դոլարի վարկ էր վերցրել, որի դիմաց գրավադրվել էր հենց համալիրի տարածքը:




Լրահոս