ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԿԵՐՈՒԽՈՒՄԱՅԻՆ «ԱՐՎԵՍՏՆ» Է ԸՆԴՈՒՆԵԼԻ»

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: Այն սահմանվել է 1961 թվականին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ու արդեն 53 տարի նշվում է ողջ աշխարհում: Այս տոնը ժամանակին առիթ էր մեկ անգամ եւս հաշվետվություն ներկայացնելու, վերլուծելու արվածն ու չարվածը: Տոնի առթիվ զրուցեցինք ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ Լեւոն Մութաֆյանի հետ:

-Ինչպե՞ս էր տոնվում Թատրոնի միջազգային օրը ԽՍՀՄ-ում եւ ինչպե՞ս` այսօր:
-Սովետական Միությունում ընդունված էր, որ այդ օրը՝ թատրոնի մարդկանց մասնագիտական տոնի օրը, պետության կողմից լինում էին պարգեւներ, կոչումներ, երկրի ղեկավարները կազմակերպում էին ընդունելություններ: Այս ավանդույթը վերականգնվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, ու ամեն մարտի 27-ին թատրոնականները սպասում էին պետական պարգեւների ու կոչումների: Սերժ Սարգսյանը, սակայն, իր ընտրվելուց հետո որոշեց, որ այդ ամենը մեծ շռայլություն է թատրոնի մարդկանց համար եւ նրանց պարգեւատրումներն էլ պետք է լինեն Առաջին հանրապետության ու Անկախության հռչակման օրերին՝ բոլորի հետ: Այսինքն՝ հսկայական ցուցակներում պիտի ընդգրկվեն ընդամենը մի քանի թատերական գործիչներ: Եվ այն էլ, հիմնականում նրանք, որոնց համար ավելի շատ են բարեխոսողները կամ էլ՝ նրանց թիկունքին կանգնածները…
-Ըստ Ձեզ` նման վերաբերմունքն ինչո՞վ է պայմանավորված:
-Գաղտնիք չէ, որ մեր երկրի նախագահներից ոչ մեկը թատրոն չի սիրում, թատրոն չի հաճախում, թատրոնը չի համարում պետության ռազմավարության կարեւորագույն հանգրվաններից: Բայց պարզվում է, որ թատերական գործիչներին էլ չեն սիրում: Իսկ ամենից շատ՝ հենց Սերժ Սարգսյանն է ի ցույց դրել իր ակնհայտ քամահրանքն ու արհամարհանքը թատրոնի ու նրա գործիչների հանդեպ: Արդյունքում այս տարի էլ չի խախտվի ավանդույթը եւ այս տարի էլ մասնագիտական տոնի օրը նախագահի ու կառավարության կողմից որեւէ պարգեւ ու կոչում չի լինի: Մինչդեռ հանրապետության պետական 16 թատրոններում քիչ չեն նրանք, ովքեր շատ վաղուց սպասում են ամենաչնչին գնահատմանն անգամ:
-Եկեք գնահատականներն ու կոչումները թողնենք թատրոնը չգնահատող ղեկավարների խղճին: Դրանից դուրս` ի՞նչ խնդիրներ ունի թատրոնն ընդհանրապես:
-Իհարկե, միայն պարգեւներն ու կոչումները չեն մտահոգում մեզ: Պետության կողմից շարունակվող անտարբեր վերաբերմունքը, թատրոնի ու պետության կապի բացակայությունը, պետության ռազմավարության մեջ թատրոնի անտեսումը հանգեցնում են այն մտայնությանը, որ շատ վաղուց թատրոնը որեւէ նշանակություն չունի երկրի համար: Մինչդեռ մեր թատրոններն այսօր ապրում են ուրույն կյանքով, շատերը հասել են լուրջ ձեռքբերումների, միջազգային տարբեր փառատոներում մեր ներկայացումներն արժանանում են պարգեւների: Փոքր-ինչ անկախ, փոքր-ինչ ինքնաբավ՝ ահա այսպես են այսօր գործում մեր շատ թատրոններ եւ թատերական գործիչներ՝ վաղուց համակերպված այն մտքին, որ իշխանության համար գոյություն ունեն «թատերարվեստի» այլ ձեւեր ու «այլ գործիչներ»: Ամենուրեք սփռված ռաբիսն ու սիրողականությունը, կերուխումային «արվեստն» են ընդունելի, իսկ բարձր արվեստը, համաշխարհային թատերարվեստին մերձեցող ձեռքբերումներն ու հաստատումները պետք չեն:
Եվ, չնայած այդ ամենին, մենք նշում ենք Թատրոնի միջազգային օրն ու շնորհավորում իրար…

 

 

 

 

 

 

 

 

ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԵՐԸ ՍՊԱՍՎԱԾ ԵՆ

Այս տարվա Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային փառատոնը նվիրված էր անգլիացի դրամատուրգի ծննդյան 450-ամյակին: Փառատոնին մասնակցեցին Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից եւ Դանիայից:

Փառատոնի շրջանակներում Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում ներկայացվեց «Լիր արքա»-ն: Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, «Լիր արքա»-ն արդեն չորրորդ տարին է բեմադրվում, այն անցյալ տարի ներկայացվել է նաեւ Երեւանում՝ թատրոնի հյուրախաղերի ժամանակ եւ լավ գնահատականների արժանացել։ Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ դեռեւս 1944 թվականին Հայաստանում առաջին անգամ կայացել է շեքսպիրյան ներկայացումների փառատոն, որն առաջինն է եղել ԽՍՀՄ-ում. «Պատմությունը վկայում է, որ այդ փառատոնում բարձր գնահատականի է արժանացել Լենինականի Մռավյանի (այսօր՝ Վարդան Աճեմյանի) անվան թատրոնում Վարդան Աճեմյանի բեմադրած «12-րդ գիշեր»-ը։ Շեքսպիրյան փառատոնը ընդմիջվեց, եթե չեմ սխալվում, մինչեւ 1970-ական թվականները, հետո, կարծես թե, վերածնվեց, բայց կայուն չէր անցկացվում։ Եվ շատ լավ է, որ վերջին 10 տարիների ընթացքում այն երկու տարին մեկ կազմակերպվում է»։
Վ. Շահվերդյանն այս տարվա փառատոնը կարեւորում է նաեւ նրանով, որ եվրոպական 9 երկրների թատրոնների տնօրեններ դիտեցին բոլոր ներկայացումները, այդ թվում նաեւ իրենց ներկայացումը։ Իսկ մեր այն հարցին, թե ինչ գնահատական ստացավ իրենց թատրոնը, պարոն Շահվերդյանը պատասխանեց. «Այս փառատոներն ունեն մի, այսպես ասած, գաղտնի էջ։ Նրանք դիտում են ներկայացումները, սակայն այս անգամվա նպատակը ոչ թե մասնագիտական վերլուծություն կատարելն է, կոնկրետ գնահատական տալը, այլ, ինչպես ես հասկացա, այս կամ այն ներկայացումն այս կամ այն երկիր հրավիրելու հնարավորությունը, ցանկությունը։ Իսկ թե ինչ կլինի, ցույց կտա կյանքը, որովհետեւ ոչ ոք այդ մասին ոչինչ չի ասել»։ Այդուամենայնիվ, անգամ հրավեր ստանալու դեպքում Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնը, ֆինանսական խնդիրների պատճառով, կդժվարանա մեկնել որեւէ երկիր։
Իսկ, ընդհանրապես, Վանաձորի թատրոնի համար «Լիր արքա»-ն շեքսպիրյան վեցերորդ ներկայացումն է։ Այս թատրոնում դեռեւս 1940-50-ականներին՝ առաջին անգամ ԽՍՀՄ-ում, բեմադրվել են «Օթելլո»-ն, «Ձմեռային հեքիաթ»-ը։ Իսկ արդեն 1984-ին ներկայացվել է «Ռիչարդ 2-րդ»-ը, որը միութենական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի։ Հետո բեմադրվել են նաեւ «Մակբեթ»-ը, «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

«ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ»-Ը  ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Մարտի 28-30-ը Դիլիջանում տեղի կունենա «Ինչ, որտեղ, երբ» խաղի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր-2014» միջազգային մրցաշարը: Մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Վրաստանի ուժեղագույն թիմերը: Ինտելեկտուալ խաղի ամենամյա այս մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից:

 

ՄԵԴԻՏԱՑԻՈՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Կոմպոզիտոր Վահան Նահապետյանը ներկայացրել է իր նոր մեդիտացիոն, հանգստացնող երաժշտական շարքը, որի ներքո հնարավոր է անցկացնել ինչպես յոգայի կուրսեր, այնպես էլ երաժշտական թերապիա: Հիշեցնենք, որ մինչ այս Վահանը որպես հեղինակ եւ գործիքավորող ներկայացրել է մի շարք հայտնի երգեր:

 

«ՊՐՈՄԵԹԵՎՍ»-Ի ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԸ

«20th Century Fox» ընկերությունը Մայքլ Գրինին հանձնարարել է վերաշարադրել Ռիդլի Սքոթի «Պրոմեթեւս» ֆանտաստիկ ֆիլմի երկրորդ մասի սցենարը: Սիքվելը դեռեւս պաշտոնական անվանում չունի: Նշենք, որ Գրինը նախկինում մասնակցել է «Սեքսը մեծ քաղաքում», «Հերոսները» եւ այլ սերիալների նկարահանումներին: «Պրոմեթեւս»-ի շարունակության նկարահանումները կարող են սկսվել 2014-ի աշնանը:

 

ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Գվինետ Փելթրոուն ու իր ամուսինը՝ երաժիշտ Քրիս Մարտինը, բաժանվել են: Նրանք հայտնել են, որ որոշել են բաժանվել մեկ տարվա մտորումներից հետո՝ ընդգծելով, որ շարունակում են առաջվա պես միմյանց սիրել ու բաժանվում են տխրությամբ: Դերասանուհին ու Coldplay խմբի մենակատարն ամուսնացել են 2003 թվականի դեկտեմբերին: Զույգն ունի 2 երեխա՝ աղջիկ եւ տղա:




Լրահոս