Առեքսիմբանկի բաժնի պետը մահվան ելքով վրաերթ կատարելուց հետո ծեծի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված քրեական գործը հարուցվել է սեպտեմբերի 7-ին` ժամը 00:30-ի սահմաններում “Միթսուբիշի Պաջերո” մակնիշի 96 NP 999 համարանիշի վարորդի կողմից Եղվարդի խճուղու թիվ 120 էլեկտրասյան դիմաց Արցախի փողոցի 10 ա շենքի բնակիչ, “Ալբերտ Կարախանյան և որդիներ” ՍՊԸ կռունկավար, 60-ամյա Հովհաննես Փարվանյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու փաստով: 
Գ. Շամշյանը հայտնում է, որ մինչ Ոստկանությունը ձեռնարկում էր օպերատիվ-քննչական և հետախուզական միջոցառումներ, նույն օրը` ժամը 17:30-ի սահմաններում, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանություն հաղորդագրություն է ստացվում, որ “գլխուղեղի ցնցում, ձախ ակնակապիճի սալջարդ կապտուկով” ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության դիմել Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցի բնակիչ, 44-ամյա Սուրեն Երեմյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց մեկնած Ոստիկանության օպերատիվ քննչական խմբին Ս. Երեմյանը հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին` կեսգիշերին, ինքը` վարելով “Միթսուբիշի Պաջերո” մակնիշի 96 NP 999 համարանիշի ավտոմեքենան, Դավիթաշեն թաղամասի Եղվարդի խճուղում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որից հետո փորձել է վրաերթի ենթարկվածին օգնություն ցույց տալ: Սակայն անհայտ անձը սկսել է անհիմն վիճաբանել իր հետ և ծեծի ենթարկել, որից հետո` ինքը ավտոմեքենան և վրաերթի ենթարկվածին թողնելով դեպքի վայրում` հեռացել է: 
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ս. Երեմյանն աշխատում է “Առեքսիմբանկ” փակ բաժնետիրական ընկերությունում` որպես բաժնի պետ: Ս. Երեմյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Նրան ծեծի ենթարկելու փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:




Լրահոս