Ռոբերտ Քոչարյանի «դիզած» ավարը կբավարարեր մետրոն առնվազն չորս անգամ մեծացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պաշտոնյաների շուրթերից հաճախակի կարելի է լսել՝ «մենք աղքատ երկիր ենք», «մենք ոչինչ չունենք, ո՛չ գազ ունենք, ո՛չ նավթ եւ ո՛չ էլ ծով», «բյուջեի միջոցները շատ սուղ են» եւ նման կարգի այլ նվնվոցներ: Սակայն հենց նույն պաշտոնյաների կողմից բյուջետային միջոցները թալանելու արդյունքում կուտակած հարստությունն ապացուցում է, որ Հայաստանն առավել քան հարուստ է:

Հայաստանի տնտեսության պոտենցիալը հասկանալու համար նախ պետք է հաշվի առնենք այն պարզ փաստը, որ ներկայիս 2 միլիարդ 600 մլն դոլար բյուջեով եւ համընդհանուր կոռուպցիայի պայմաններում պետությունը կարողանում է առաջ գնալ՝ գոնե կանգնել տեղում: Հետեւաբար համընդհանուր կոռուպցիայի բացակայության պայմաններում միայն ներկայիս բյուջետային միջոցներով հնարավոր կլինի այնքան խնդիրներ լուծել, որոնց մասին մենք անգամ պատկերացում չունենք: Տարբեր գնահատականների համաձայն, բացառությամբ որպես աշխատավարձ վճարվող միջոցների, պետբյուջեի մնացած գումարները լավագույն դեպքում 50 տոկոս արդյունավետությամբ են ծախսվում:

Այսինքն՝ պետբյուջեից ծախսված ամեն մի հազար դրամից միայն մոտ 500-ն է իր նպատակին ծառայում, իսկ մյուս կեսը դուրս է գրվում, բայց գնում է տարբեր պաշտոնյաների գրպանները: Այսինքն՝ Հայաստանում ձեւավորված կոռուպցիոն համակարգը քանդելու դեպքում ներկայիս բյուջեի համեստ միջոցների արդյունավետությունը կրկնակի կավելանա: Սա փաստ է, որ Հայաստանում բոլորն էլ գիտեն: Ի վերջո, պաշտոնյաների կողմից բյուջեի միջոցների հաշվին միլիարդներով հարստության կուտակումը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ:

Մյուս կողմից էլ բազմիցս հայտարարվել է, որ պաշտոնական բյուջեից բացի՝ Հայաստանում գոյություն ունի եւս մեկ՝ իշխանությունների ստվերային բյուջե: Ըստ գնահատականների՝ ստվերային բյուջեն, որպես կանոն, պաշտոնականի չափ է լինում: Այլ կերպ ասած՝ գործում է 50/50 տարբերակը: Ի դեպ, ստվերային բյուջեն չպիտի շփոթենք մանր-մունր գործարարների կողմից հարկեր թաքցնելու խնդրի հետ:

Ստվերային բյուջեն օլիգարխներից եւ տարբեր տրամաչափի պաշտոնյաներից ու նրանց ընկերություններից հավաքվող ստվերային գումարներն են, որոնք ծախսվում են համակարգի պահպանմանը, ընտրությունների կազմակերպման վրա: Այսինքն՝ ներկա իշխանությունների փոփոխության արդյունքում Հայաստանի պետական բյուջեն կարող է առնվազն կրկնակի աճել: Բայց դրա արդյունքում Հայաստանում կյանքը ոչ թե կրկնակի անգամ կբարելավվի, այլ քառակի, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, ներկա միջոցների կեսն է միայն իր նպատակին ծառայում:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի անկախանալուց հետո Երեւանի մետրոպոլիտենի շինարարությունն այլեւս չի շարունակվել: Ներկայիս մետրոն ձգվում է 12 կիլոմետր, ունի 10 կայարան: Ըստ պաշտոնական տվյալների՝ Երեւանի մետրոյի կառուցման արժեքը կազմում է մեկուկես միլիարդ դոլար: Հիմա փորձենք հիշել, թե ՀՀ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած չինովնիկներն ինչ ունեցվածք ունեն:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը նրա պաշտոնավարման տարիներին, ըստ տարբեր գնահատականների, հասցրել է կուտակել 6-ից 8 միլիարդ դոլարի կարողություն: Այսինքն՝ միայն մեկ ընտանիքի կողմից Հայաստանում «դիզած» ավարը կբավարարեր Երեւանի մետրոն առնվազն չորս անգամ մեծացնելու համար: Վեց միլիարդով կարելի է կառուցել 20 միլիոն քառակուսի մետր բնակարան, կամ այլ կերպ ասած՝ 250 հազար հատ երեքսենյականոց տուն:

Վերը բերվածին ավելացրեք Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, Երվանդ Զախարյանի, Տարոն Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Դավիթ Հարությունյանի, Կարեն Ճշմարիտյանի եւ այսպես շարունակ, ողջ իշխանական բուրգի կուտակած հարստությունը: Վերջին 14 տարիներին իշխանական բուրգի մեջ տարեկան բաշխվել է առնվազն երկու միլիարդ դոլար: Այսինքն՝ ներկա իշխանությունների պաշտոնավարման արդյունքում Հայաստանը կորցրել շուրջ 30 միլիարդ դոլար: Իսկ թե ինչեր կարելի էր անել այդ գումարով, նույնիսկ անհնար է թվարկել: Վերը բերվածից բացի՝ համընդհանուր կոռուպցիայի բացակայության դեպքում սփյուռքի մեր հայրենակիցները չէին խուսափի Հայաստանում ներդրումներ կատարելուց:

Այսքանից հետո նորի՞ց պիտի ասենք, որ Հայաստանն աղքատ երկիր է: Հայաստանը հարստության խնդիր չունի, Հայաստանի միակ խոչընդոտը բյուջետային միջոցները թալանող եւ վստահությունն իսպառ կորցրած իշխանություններն են, որոնց կյանքի միակ նպատակը հարստություն կուտակելն է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս