ՀԻՄԱ ԷԼ ՀՈՂԵՐՆ ԵՆ ԽՈՇՈՐԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղնախարար Սերգո Կարապետյանն իբրեւ ելք ու փրկություն ներկայացրեց հողերի խոշորացումը եւ խոստացավ առաջիկայում, ենթադրելի է իր նախարարության ընթացքում, իրագործել այն: Որոշ ժամանակ անց էլ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հայտարարեց, թե հողի հարկ չի մուծել հողատերերի ընդամենը 7 տոկոսը: Ու քանի որ գյուղապետերը հողի հարկի հավաքագրումն իրականացնում են հիմնականում 100 տոկոսով, հիմքեր կան կասկածելու, թե միայն «խոշորներն» են խուսափում հարկեր մուծելուց:Համադրելով այս երկու տվյալները, բնական հարց է ծագում. ովքե՞ր են Հայաստանի խոշոր հողատերերը: Եվ` քանի՞ հեկտար հող ունեցողն է մեզանում համարվում խոշոր հողատեր:Քանի որ Տարածքային կառավարման նախարարության գործը «տվյալներ ասելն է, այլ ոչ թե անուններ տալը», «ովքե՞ր» հարցը առժամանակ հետաձգում ենք:Եւ այսպես, քանի հեկտար հող ունեցողն է «խոշոր»: Այս եւ հողերի խոշորացման թեմային վերաբերող այլ հարցերով դիմեցինք «պատկան» նախարարություն: Գյուղնախարարության  Գյուղի սոցիալական աջակցության ծրագրավորման վարչության պետ Հրաչյա Ծփնեցյանը մշակում է «Գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը» եւ կարծում  է, որ դեռ շուտ է այդ մասին խոսել, քանի որ «երկարատեւ պրոցես է»: Պրոցեսն իր մեջ ներառում է «հողերի միավորում, կոոպերացիայի զարգացում, հողի շուկայի ձեւավորում»:Թղթի վրա, գրասենյակում նստած հեշտ է գյուղի մասին իդեալական ծրագիր գրելը:«Թղթի վրա էլ հեշտ չէ, – հակադարձում է վարչության պետը,- պրոցեսն ընթանում է, ներդրումներ են պետք, համատեղ գործունեությունը խթանող ծրագրեր: Ներդրումներ` տեխնիկական եւ դրամաշնորհային, որին մրցութային կարգով կմասնակցեն կոոպերատիվները»:Հայաստանում 100-ից ավելի կայացած կոոպերատիվներ կան, որոնք ունեն 15-40 հեկտար հող: Գյուղացիական կոոպերատիվն ամենեւին չի նշանակում վերադարձ կոլխոզներին: Պարոն Ծփնեցյանն առաջին հայ պաշտոնյան էր, որը տրամաբանորեն բացատրեց, թե ո՞ւմ կարելի է համարել խոշոր հողատեր. «Առանձին հաշվառում չկա, բայց քանի որ գյուղացիական մեկ տնտեսությունը միջինում ունի 1,1 – 1,4 հեկտար հող, 10 հեկտարի տերը` «միջակ», ուրեմն 20 հեկտար ունեցողին կարելի է համարել խոշոր հողատեր: Հայաստանում կան 100 հեկտար ունեցող տնտեսություններ` գործարանատերեր: Արմավիրի մարզում, օրինակ` Էդուարդո Էռնեկյանը եւ այլք: Բայց, այնուամենայնիվ, գյուղացիական արտադրանքի 98 տոկոսը բաժին է ընկնում մանր գյուղացիական տնտեսություններին»:Հետեւություն` խոշոր հողատերերը հող չեն մշակում: Հարց է առաջանում` ի՞նչ են վարում-ցանում, եթե հայտնի է, որ հող մշակելն անեկամտաբեր է: Նրանք էլ հո սովորական գյուղացի չեն, որ «յոլա գնալու» համար կլոր տարին չարչարվեն: ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ




Լրահոս