«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԹՔԵԼ ԵՐԿՐԻ ՈՒ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՎՐԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը նամակ է ստացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Արման Դավթյանից, որը սպառնում է ինքնասպանություն գործել: Մինչդեռ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործի հարուցումը մերժել է:
Արման Դավթյանի պատմելով՝ Մաշտոցի ՆԳ բաժնի քրեականի պետ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ օպեր Արմանը եւ մի քանի ոստիկաններ իրեն, կնոջը՝ Սոնա Մկրտչյանին, եւ ընկերոջը՝ Արթուր Մանուկյանին, խոշտանգել են, էլեկտրաշոկով այրել մեջքը, օպեր Արմանը պարկետով հարվածել եւ կոտրել է իր ձախ ձեռքի մատները, եւ ստիպում են հանձն առնել իրենց թվարկած գողությունները, որոնք իրենք չեն կատարել: «2011թ. հունիսի 14-ին՝ առավոտյան ժ. 6-ին, խուժանի պես իմ վարձակալած բնակարան ներխուժեցին մի քանի հոգի: Նրանք չեն եղել ոստիկանի համազգեստով, չեն ներկայացրել ոչ մի փաստաթուղթ իրենց անձի վերաբերյալ եւ չեն ասել, թե ինչում են մեզ մեղադրում: Կրկին խուժանի պես քարշ տալով՝ նստեցրին իրենց մեքենաները, ինձ, Սոնային եւ Արթուրին բերման ենթարկեցին Մաշտոցի ՆԳ բաժին»,-գրված է նամակում:
Ավելի ուշ Արմանը համաձայնության է եկել ոստիկանի համազգեստով քրեականի պետ Արթուր Գեւորգյանի հետ, որ կկատարի նրանց ասածները, միայն չխոշտանգեն կնոջն ու ընկերոջը եւ բաց թողնեն նրանց:
«Ինձ մեղադրում են 14 բնակարանից եւ 2 ավտոմեքենայից կատարված գողության մեջ՝ չունենալով ոչ մի իրեղեն ապացույց: Մեկ օր կնոջս եւ ընկերոջս անօրինական ձեւով պահում են ՆԳ բաժնում, հաջորդ օրը բաց թողնում: Ես մեկուսարանում հացադուլ եմ հայտարարում եւ դիմում-բողոք գրում գլխավոր դատախազին՝ ասելով ճշմարտությունը: Մաշտոցի ՆԳ բաժինը կրկին դիմում է ստոր քայլի. հոկտեմբերի 10-ին կնոջս եւ ընկերոջս կրկին բերման են ենթարկում, եւ քրեականի պետ Ա. Գեւորգյանը վախեցնելով ստիպում է հերքել իմ դիմում-բողոքում նշված ապացույցները: Սակայն երբ նրանց բաժնից բաց են թողնում, իմ ընկեր Արթուրը դիմում-բողոք է գրում գլխավոր դատախազին՝ ասելով ողջ ճշմարտությունը, բայց մինչ օրս չի ստացվել ոչ մի պատասխան: Ուզում եմ թքել այս երկրի ու պաշտոնյաների վրա եւ հրաժարվել իմ կյանքից: Եթե իմ խնդրանքին դուք էլ անտարբեր մնաք, ես ինքնասպան կլինեմ»,-ընդգծել է նա:
«Ժողովուրդ»-ը ՀՔԾ լրատվության բաժնից տեղեկացավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը 2012թ. մարտի 2-ի որոշմամբ մերժվել է՝ նույն անձանց նկատմամբ նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին քննիչի չվերացված որոշման առկայության հիմքով. «Որոշման պատճենն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է Արման Դավթյանին, Սոնա Մկրտչյանին եւ փաստաբան Ռուբեն Ռեւազյանին, եւ վերջինիս կողմից որոշումը բողոքարկվել է նախ առաջին ատյանի, այնուհետեւ նաեւ վերաքննիչ դատարան, սակայն դրանք մերժվել են, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտը դեռեւս չի ստացվել»։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս