ՑՈՒՐՏԸ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԱԿՑԻԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ցուրտ եղանակին՝ մի խումբ մարդիկ երեկ դարձյալ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի առջեւ՝ ներկայացնելու իրենց ավանդական դարձած դժգոհությունները: Սակայն էլի ոչինչ չստացվեց: Գործադիր մարմնի բազմազբաղ անդամները չնկատեցին կամ չնկատելու տվեցին բողոքող մարդկանց:
Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ կառավարության շենքի առջեւ են հավաքվում մի խումբ մարդիկ՝ իրենց տարաբնույթ խնդիրները լսելի դարձնելու համար տարբեր ձեւեր բանեցնելով: Մեկը պաստառ է փակցնում իր վրա, մյուսը՝ պառկում գետնին, երրորդը՝ բղավում ու անպատիվ խոսքեր ասում: Եւ որպեսզի տհաճ անակնկալների չհանդիպեն, ամեն անգամ գործադիր մարմնի անդամները հետնամուտքով են դուրս գալիս կառավարության շենքից, նստում իրենց հարմարավետ մեքենաներն ու սլանում:
Բայց կառավարության շենքի առջեւ հավաքվող «մշտաբնակներն» արդեն նկատել են դա, ու արդեն երկար ժամանակ է, ինչ հետնամուտքի մոտ են սպասում նախարարներին:
Երեկ եւս բացառություն չէր: Մինչ մարդիկ հետնամուտքի մոտ սպասում էին նախարարներին, գլխավոր մուտքից բավական ինքնավստահ դուրս եկավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հավաքված քաղաքացիները, մեկը մյուսին իմաց տալով, շտապեցին՝ «բռնացնելու» քաղաքապետին: Եւ ստացվեց: Մեկը Մարգարյանին պատմում էր իր հոգսերի մասին, մյուսը՝ չստացած փոխհատուցման, երրորդը՝ իրացման գոտում ունեցած անմարդկային ապրելակերպի մասին եւ այսպես շարունակ: Սակայն քաղաքապետ Մարգարյանը, ի տարբերություն երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի, կա՛մ անհաղորդ էր, կա՛մ անտարբեր: Մարդիկ էլ, տեսնելով, որ քաղաքապետն իրենց ականջալուր չէ, դիմեցին նրա հետեւից կառավարության շենքից դուրս եկած ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: «Պարո՛ն Աշոտյան, գոնե Դուք օգնեք»,-մի քանի բնակիչների այս խոսքերին նախարարը պատասխանեց շատ հակիրճ. «Կներեք, շտապում եմ»:
Այսպիսով՝ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչները շտապեցին՝ մեկը «Ֆեյսբուք»-ում ստատուս գրելու, մյուսը՝ ստացված ու չստացված լուսանկարները տեղադրելու համար: Թեեւ Տարոն Մարգարյանը մի կարեւոր գործառույթ էլ ուներ երեկ՝ Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը պետք է վառեր: Այնպես որ, մարդկանց խնդիրները լսելու ժամանակ չկա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս