ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ներառական կրթություն իրականացնող քանի՞ դպրոց կա Հայաստանում: Ո՞ր հիվանդություններով երեխաներն են ներառվում այդ շրջանակում, սայլակով տեղաշարժվող երեխաների համար կա՞ հնարավորություն սովորելու հանրակրթական դպրոցում:

Վռամ Պողոսյան (54 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամաններով (սկսած 2005 թվականից) ՀՀ 98 հանրակրթական դպրոցներ իրականացնում են ներառական կրթություն, որտեղ սովորում է շուրջ 2390 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա: Համաձայն ՀՀ օրենքի` «Հատուկ կրթական հաստատություններում եւ ներառական կրթություն իրականացնող կրթական հաստատություններում պետական աջակցությունից օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հետեւյալ երեխաները.
ա) խոսքի ծանր խանգարումներ, հնչյունահնչույթային եւ խոսքի ընդհանուր թերզարգացում ունեցող երեխաները,
բ) լսողության խանգարում՝ չլսող (խուլ), թույլ լսող եւ լսողության կորուստ ունեցող երեխաները,
գ) տեսողության խանգարում՝ կույր, թույլ տեսնող, ուշ կուրացած, շլություն ունեցող երեխաները,
դ) մտավոր հետամնացություն ունեցող երեխաները,
ե) հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաները,
զ) հոգեբանական զարգացման խնդիրներ՝ ուսումնական ունակությունների զարգացման յուրահատուկ խանգարումներ ունեցող երեխաները,
է) վարքային ու հուզակամային ոլորտի խանգարումներ ունեցող երեխաները»:
Սայլակով տեղաշարժվող երեխաները կարող են սովորել ցանկացած հանրակրթական դպրոցում, որտեղ ստեղծվում են հատուկ պայմաններ այդ երեխաների համար:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար
Արմեն Աշոտյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անգամ այն 98 դպրոցներում, որտեղ իրականացվում է ներառական կրթություն, դժվար է պատկերացնել, որ բոլոր պայմանները լիարժեք ստեղծված են: Այս խնդրում առաջին հերթին հոգեբանական կողմն ենք ուզում կարեւորել. մենք հերթական անգամ չե՞նք խաբում մեզ` հանուն «պտիչկայի» արդյունքներ հրապարակելով:




Լրահոս