«ԵՍ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԻ ՈՐԴԻ ՉԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ երգիչ Սարգիս Ավետիսյանն ամռանն էլ աշխատում է խիստ գրաֆիկով, նա երկրպագուների համար հերթական անակնկալն է պատրաստում` երգի տեսքով: Սարգիսը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է այն խոսակցություններին, թե իբր ինքը մեծահարուստի որդի է, եւ հոր շնորհիվ է առաջ գնում: Նա խոսել է նաեւ աստղային հիվանդությունից` խոստովանելով, որ այն շրջանցելու հարցում մեծ է եղել նաեւ իր ընկերների դերը:

-Սարգի՛ս, Դուք բավական ակտիվ սոցցանցերում տեղեկացնում եք Ձեր գործնական կյանքում սպասվող նորությունների մասին: Կա՞ն ծրագրեր, որոնց վերաբերյալ մանրամասներ դեռ չեք հայտնել:
-Հիմա պատրաստում եմ երկու նոր երգ, աշխատանքներն ընթացքի մեջ են, երեւի արդեն աշնանը կնկարահանեմ տեսահոլովակ: Հիմա գրաֆիկս շատ խիտ է: Ի դեպ, վերջերս Սոչիում կայացած «Հայաստանի երգեր» խորագրով համերգ-փառատոնի շրջանակում «Դու իմն ես»-ն արժանացավ «Տարվա երգ» մրցանակին: Նշեմ նաեւ, որ այժմ արտերկրից ունեմ համերգային հրավերներ:
-2008-ին Ձեր առաջին «Սպասում» երգով մասնակցեցիք «Ոսկե քնար» երաժշտական մրցույթին եւ արժանացաք «Տարվա հայտնություն» մրցանակին: «Հայտնվելուց» հետո դժվար չէ՞ դաշտից չանհետանալը:
-Դա ռադիոմրցանակաբաշխություն էր, ես այդ ժամանակ սկսնակ երգիչ էի, իսկ երգը հասցրել էր սիրվել: Այդ մրցանակն ինձ ստիպեց, որ ես նկարահանեմ տեսահոլովակներ, ոգեւորեց ինձ եւ պարտավորեցրեց: Ինչ վերաբերում է դաշտում «գոյատեւելուն», գուցե անհավատալի թվա, բայց մրցակից հասկացությունն ինձ համար չէ. ամեն մեկն ունի իր լսարանը: Կան կատարողներ, որոնք մեկ երգով մուտք են գործում ասպարեզ, ինչո՞ւ ոչ, թող այդպես լինի, բայց երկրորդ տեսահոլովակից հետո թող չանհետանան…
-Սովորել եք Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայում: Կա՞ մի խորհուրդ, որ տվել է Արթուր Գրիգորյանը, եւ որը մինչ այժմ հիշում եք:
-Նա միշտ ուզում էր, որ արտիստն ինչպիսին կյանքում է, նույնքան անկեղծ լինի նաեւ բեմում, Արթուր Գրիգորիչը թիթիզ բաներ չէր սիրում, այսինքն` երբ արտիստը բեմի վրա ձեւացնում, կեղծում էր իրեն:
-Սարգի՛ս, երիտասարդ երգիչները հաճախ են տառապում աստղային հիվանդությամբ: Ձեզ այդ վտանգը երբեւէ սպառնացե՞լ է:
-Աստղային հիվանդությունն ինձ ընդհանրապես չի այցելել. նախ` ես շատ դժվարությամբ եմ անցել երգարվեստի իմ ուղին, ամեն բան աստիճանաբար է տրվել, եւ հետո՝ ես իմ կողքին ունեցել եմ շատ լավ մարդիկ, ընկերներ, որոնք ամեն կերպ սատարել են ինձ, հույս են տվել, որ ամեն բան կստացվի: Կողքիս մարդիկ էլ թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա, նկատի ունեմ աստղային հիվանդությունը:
-Դուք մեր երիտասարդ ոճային երգիչներից եք: Ինքնատիպ լինելը որքանո՞վ է Ձեզ համար կարեւոր:
-Շատ են ասում` ինքնատիպ ոճ ունես, այն ձեւավորել եմ դեռեւս 2009-ից, այսօր արդեն արտաքին տեսքիս առնչությամբ խորհրդակցում եմ պրոդյուսերիս, ոճաբանների հետ: Կարծում եմ` արտաքին տեսքն արտիստի դեմքն է, այցեքարտը, մի բան, որի շնորհիվ նրան երբեք չեն շփոթի մեկ ուրիշի հետ:
-Շոու-բիզնեսցիները մշտապես հայտնվում են ասեկոսեների կիզակետում, Դուք եւս զերծ չեք դրանից: Ասում են` Դուք մեծահարուստի որդի եք եւ Ձեր հոր շնորհիվ եք առաջ գնում դաշտում…
-Ո՛չ, ես մեծահարուստի որդի չեմ, շատ սովորական, բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքից եմ: Եթե անգամ մեծահարուստի որդի լինեի, ես այնպես չէի անի, որ բոլորը դա նկատեն: Ես, իհարկե, չգիտեմ, թե ինչից են մարդիկ նման բան եզրակացրել, ամեն դեպքում, չեմ դժգոհում իմ բարեկեցությունից:
-Դուք մի շարք աղջիկ երկրպագուներ ունեք, չե՞ք վախենում, որ նրանք կդադարեն ընկալել Ձեզ որպես երգիչ եւ կսիրահարվեն երիտասարդ տղայի Ձեր կերպարին:
-Ես միայն ուրախ եմ նրանց գոյության համար եւ չեմ դադարում իմ լսարանին անակնկալներ մատուցել երգերի տեսքով: Չեմ վախենում, որ ինձ կսիրահարվեն, ոչ էլ ես եմ սիրահարվելուց վախենում, պարզապես դեռեւս նման բան չկա: Իհարկե, աղջիկները երբեմն ինձ հաճելի անակնկալներ են մատուցում: Վերջերս էլ մեկը աշխատանքիս վայր էր ուղարկել մի մեծ փաթեթ, դրա մեջ մի քանի շրջանակներ էին, իսկ վերջինի մեջ դրված էր այն աղջկա նկարը, ով մատուցել էր նվերը: Շատ հաճելի էր այն ստանալը:
-Հարցազրույցներում նշել եք, որ մեծ կարեւորություն եք տալիս աղջկա հումորի զգացումին, է՞լ ինչն է Ձեզ համար էական:
-Իմ կողքի աղջիկը պետք է շատ հումորով եւ նվիրված լինի. մնացածն ընթացքում կլինի: Ինքս էլ հումորով մարդ եմ, իմ ընտանիքի անդամներն էլ շատ կենսուրախ մարդիկ են, ուստի իմ ընտրյալին էլ այդպիսին եմ պատկերացնում:

 

 

 

 
«ՄԻՆՉԵՎ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ ԿԱԶՄԵՆ, ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԿՔԱՆԴՎԵՆ»

Օրերս «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունների, արգելոցների եւ արգելոց թանգարանների 2015թ. վեց ամիսների հաշվետվությունները ներկայացնելիս Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության պետն անդրադարձել է մի խնդրի, որն առկա է գրեթե բոլոր մարզերում. խոսքը պահպանական գոտիների բացակայության մասին է, ինչը հաճախ ոչ միայն իրավախախտումների պատճառ է դառնում, այլեւ խնդիրներ ստեղծում դրանք արձանագրելու եւ շտկելու գործում:

Պատմաբան, հայագետ Արգամ Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նշեց, որ ՀՀ տարածքում կա շուրջ 24 հազար պետականորեն հաշվառված հուշարձան, որոնց միայն 20-25 տոկոսն ունի պահպանական գոտի. «Մինչեւ մյուս` մեծ մասի պահպանական գոտիները կազմեն, հուշարձանները կքանդվեն»,-ասաց նա` հավելելով, որ մարզային հուշարձանների ընդամենը 5-10 տոկոսն ունի պահպանական գոտի:
Ա. Այվազյանի խոսքով` տեղական իշխանությունները հաճախ հուշարձանների տարածքում շինարարական, հողօգտագործման աշխատանքներ են իրականացնում, եւ երբ գործը տեղափոխվում է իրավական դաշտ, պահանջվում է տվյալ հուշարձանի պահպանական գոտու առկայություն. «Մեծ մասի դեպքում այն առկա չէ, հետեւաբար ոչ ոքի հնարավոր չի լինում քրեական պատասխանատվության ենթարկել»,- մեկնաբանեց նա:
Պատմաբանի պնդմամբ` օգտագործվող հուշարձանների, օրինակ` եկեղեցիների դեպքում պետք է կնքվեն պարտավորագրեր, ըստ որոնց՝ կհստակեցվեն օգտագործողի իրավունքները, պարզ կդառնա` վերջինս կարող է այդ տարածքում շինարարություն, ձեւափոխումներ իրականացնել, թե ոչ. «Բայց այսօր այդ պարտավորագրերը չեն կնքվում, ուստի, օրինակ` Հաղարծինի, Սանահինի, Հաղպատի տարածքում ինքնուրույն աշխատանքներ են տարվում` առանց հուշարձանապահպան մարմիններին տեղյակ պահելու»,-նկատեց նա:
Հայագետի խոսքով` նախկինում գոյություն ուներ հատուկ կազմակերպություն, որը զբաղվում էր պահպանական գոտիների կազմման աշխատանքներով. «Շուրջ տասը տարի առաջ այդ կազմակերպությունը լուծարեցին, կցեցին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնին, տրամադրվող գումարներն էլ այնքան քչացան, որ տարեկան սկսեցին կազմվել շատ քիչ քանակությամբ պահպանական գոտիներ, կազմվածներից էլ ոչ բոլորն են տեղական իշխանությունների կողմից հաստատվում»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

«ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ»` ԳԵԴԻԿՅԱՆԻՆ
Ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուր Ռոբեր Գեդիկյանը պարգեւատրվել է «Եղիցի լույս» մրցանակով: Այն հուլիսի 16-ին անվանի ռեժիսորին հանձնել է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում:
«Ցավում եմ, որ հայերեն չեմ խոսում: Ես շատ շոյված եմ եւ երջանիկ այս մրցանակի համար: Հատկապես, որ միայն բառը` լույսը, ուղղակիորեն կապված է կինոյի հետ: Կինոն ինձ համար լույս է մթության մեջ: Այն կարող է օգնել մարդկանց դուրս գալ մթությունից: Ես միշտ համոզված եմ եղել, որ կինոն ուղղակիորեն կապված է կրոնի հետ: Հավատացած եմ, որ այն փառատոնը, որի ժյուրիի նախագահն եմ այսօր, լի է լույսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Ռոբեր Գեդիկյանը` շնորհակալություն հայտնելով մրցանակի համար:

 

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՏՈՂԵՐ` ԱԴԱՆԱՅՈՒՄ
Թուրքիայի Ադանա քաղաքում 120 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հին խճանկար է հայտնաբերվել, որում աստվածաշնչյան տողեր են առկա: Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberturk կայքը, այն հայտնաբերվել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության պատվերով իրականացվող պեղումների ընթացքում: Հունարենով գրված աստվածաշնչյան տեքստից բացի` խճանկարում նաեւ 16 ընտանի եւ վայրի կենդանիներ են պատկերված: Պեղումներն իրականացվում են Ադանա նահանգի 15 տարբեր շրջաններում` նոր կառուցվող թանգարանի համար նմուշներ հայտնաբերելու նպատակով:

 

CHANEL-Ի ՆՈՐ ԴԵՄՔԸ
Հայտնի դերասաններ Ջոնի Դեպի եւ Վանեսա Պարադիի 16-ամյա դուստրը` Լիլի Ռոուզը, դարձել է Chanel-ի նոր դեմքը: Համագործակցության շրջանակներում առաջին գովազդային արշավն էր աշուն-ձմեռ 2015-2016 հավաքածուի ցուցադրությունը: Լիլի Ռոուզին անձամբ լուսանկարել է Կարլ Լագերֆելդը, իսկ այդ ֆոտոշարքի լուսանկարներն առաջին անգամ կհրապարակվեն սեպտեմբերին, ամսագրերի շապիկներին:
Հիշեցնենք, որ Քիրա Նայթլին, Կարա Դելվինն ու Քրիստիեն Ստյուարտն այն անձանց թվում են, որոնք վերջերս գովազդել են այս հայտնի բրենդը:




Լրահոս