«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի կորուստը հասնում է 70 հազար դոլարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկություններով՝ անհետացած դիզվառելիքի կորուստը հասնում է շուրջ 70 հազար դոլարի:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին կոմբինատի աշխատակիցներից երկուսը կալանավորվել են այն բանի համար, որ կոմբինատի փաստաթղթեր կեղծելով՝ 3 մլն դրամի դիզվառելիք էին գողացել: Ավելի ուշ կալանավորվել էին կոմբինատի ավտոկայանատեղի պատասխանատու Կարեն Ենդիգարյանը եւ նրա ենթականերից Գոռը: Բայց պարզվում է՝ այս աղմկալի գողությունից մեկ ամիս հետո կոմբինատում հերթական ստուգումներն են իրականացվել, որի արդյունքում հերթական աղմկահարույց բացահայտումն է գրանցվել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ պարզվում է, որ կոմբինատի փաստաթղթերը կեղծելով՝ անհետացել է ոչ թե 3 մլն դրամի դիզվառելիք, այլ կորուստը հասնում է շուրջ 70 հազար դոլարի:

Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ կոմբինատի աշխատակիցներն իրենց ցուցմունքներում տվել են Կապանի նախկին ոստիկանապետ Վարդան Գեւորգյանի անունը: Ինչ առնչություն կարող էր ունենալ Վարդան Գեւորգյանն այս գողության դեպքի հետ, եւ, առհասարակ, ինչպես նա կարող էր առանց կոմբինատի տնօրինության թույլտվության կեղծ փաստաթղթերով դիզվառելիք դուրս գրել:

Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը դիմեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Վազգեն Սաղաթելյանին, որը պատասխանեց. «Ձանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշված գործով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը սահմանված կարգով տրամադրել է վարույթն իրականացնող մարմնին՝ գործի նախաքննության շրջանակներում պարզելու հափշտակված գույքի չափը, արժեքը, հափշտակություն կատարած անձանց եւ վերջիններիս մեղավորությունը:

Նշված գործով ԶՊՄԿ-ն ճանաչվել է տուժող եւ սահմանված կարգով կատարում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իր իրավունքներն ու պարտականությունները: Հարկ ենք գտնում ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ տուժողն իրավունք ունի ծանոթանալ գործի բոլոր նյութերին միմիայն նախաքննության ավարտից հետո: Ուստի քանի դեռ ընթանում է նախաքննությունը, ԶՊՄԿ-ն չի տիրապետում գործի մանրամասներին (այդ թվում գործով հարցաքննվածների ցուցմունքներին)»:

Հավելենք, որ այս գործի շրջանակներում աշխատանքից ազատվել էր Կապանի ոստիկանապետի տեղակալ Հովհաննիսյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջինս դիզվառելիքի գողության դեպքով անցնող վկաների նկատմամբ ճնշում է գործադրել` ստիպելով նրանց, որ այս գործով կոմբինատի ավտոկայանատեղի պատասխանատու Կարեն Ենդիգարյանի անունը չտան, այլ հայտնեն նրա աշխատակիցներից ոմն Գոռի անունը: Սակայն վկաներն առերեսման ժամանակ խոստովանել են իրենց նկատմամբ իրականացված ճնշումների մասին:

Քնար Մանուկյան




Լրահոս