Կայացավ «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին փուլի բացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի բացման արարողությունը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել շուրջ 65 երիտասարդ աշխարհի 12 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Էստոնիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույն խոսքը փոխանցելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ տարին հոբելյանական է և 7 տարի շարունակ առանց որևէ միջադեպի նախարարությունը և հյուրընկալ ընտանիքներն ընդունում են աշխարհի տարբեր ծագերից Հայրենիք ժամանած պատանիներին ու երիտասարդներին: Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց ՀՀ ղեկավարությանը, որոնց հոգատար վերաբերմունքը միշտ զգացվում է ծրագրի իրականացման ընթացքում:

«Արի տուն»-ը մեր ամենահաջողված ծրագրերից մեկն է և հատուկ շնորհակալություն հյուրընկալ ընտանիքներին, որոնք իրենց հարկի տակ ընդունում և 10 օր շարունակ հարազատ զավակների նման պահում են մեր մասնակիցներին: Շնորհակալ ենք Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, մեր մյուս մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին, որ ջերմությամբ ու հոգատարությամբ տարիներ շարունակ օգնում են ապահովելու «Արի տուն» ծրագրի անխաթար կատարումը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ հյուրընկալողների թիվը գնալով ավելի է մեծանում», – հավելեց Ս.Սրապիոնյանը:

Արիտունցիներին ողջւնեց նաև ՀՀ ՍՆ աշխատակազմ ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը՝ ներկայացնելով Հայրենիքում անցկացվելիք 14 օրերի ժամանակացույցը:
Այնուհետև, ավանդույթի համաձայն, ծրագրի ամենափոքր մասնակից, Հալեպից 13-ամյա Հրակ Մարգարյանին «Արի տուն» ծրագրի տարբերանշանով վերնաշապիկ հագցրեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Մասնակիցներին սրտի խոսք ասաց նաև Լիբանանից Հայաստան եկած և Հայրենիքում հաստատված Գաբրիել Փանոսյանը՝ կոչ անելով, որ երիտասարդները իրենց բնակության երկրներում ավելի շատ պատմեն ու ներկայացնեն Հայաստանում անցկացրած օրերը:

Հանդիսավոր բացման ավարտին ելույթներով հանդես եկան ասմունքող Նարեկ Մարգարյանը և «Բերդ» պարային անսամբլի պարուհի Վարսիկ Շահինյանը:




Լրահոս