ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին օգոստոսի 4-ին Ագարակ քաղաքում հնչած կրակոցներից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Եվ այսպես՝ մեզ հասած տեղեկություններով՝ կրակոցների հետեւանքով ձերբակալվել են 3 անձ, որոնք Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թիմակիցներն են:

Եվ այսպես՝ հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձինք կրակել էին Ագարակ քաղաքի բնակիչ Ստեփան Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն գործը ավարտին չէին կարողացել հասցնել, քանի որ Հովհաննիսյանը հաջողացրել էր փախչել իրեն ուղղված կրակոցներից:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ստեփան Հովհաննիսյանը հայտարարել էր եւ մինչ օրս շարունակում է պնդել, որ այս կրակոցները կազմակերպված են եղել Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձեռքով: Իսկ, ահա, Հովհաննիսյանի կինր պատմել էր, որ պատճառը 7 տարի առաջ Ագարակ քաղաքում տեղի ունեցած ընտրություններն են: Բանն այն է, որ ըստ կնոջ` իր ամուսինն ընտրություններում չէր պաշտպանել գործող քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, որից հետո նրանց ընտանիքի հետ քաղաքապետի թիմակիցներն անընդմեջ կոնֆլիկտներ էին հրահրել. «Սա մահափորձի առաջին դեպքը չէ: Մի անգամ եւս մահափորձ է եղել, ամուսնուս ավտովթար են կազմակերպել, հարձակումներ են եղել, չի ստացվել: Տեղի իրավապահների ձեռքով այդ բոլոր կոնֆլիկտները ծածկվել են, կորել են»:
Իսկ, ահա, Մխիթար Զաքարյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, թե Հովհաննիսյանների հետ կապված ինքը մեկ խնդիր ունի՝ քաղաքում գտնվող մի հողատարածքի հետ է կապված, որը քաղաքապետարանը պատրաստվում է այգու վերածել, իսկ Հովհաննիսյանները հրաժարվում են տարածքը հանձնել:
Կրակոցների փաստով ՀՀ քննչական կոմիտեն հարուցեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ եւ 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մարդուն դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու փորձ):
Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեում սկսված քննության արդյունքում կարծես թե հիմավորվել է տուժող Հովհաննիսյանի հայտարարությունը, որ իրենց նկատմամբ իրականացված մահափորձը կապված է եղել 7 տարի առաջ Ագարակ քաղաքում անցկացված քաղաքապետի ընտրություններին Մխիթար Զաքարյանի օգտնին չքվեարկելու եւ նրա թիմակիցների հետ չաշխատելու հետ: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին տեղի ունեցած միջադեպից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ օգոստոսի 4-ին Ագարակ քաղաքում Ստյոպա Հովհաննիսյանի եւ երկու երիտասարդներ` Ռուբիկ Աթանեսյանի եւ Բաբկեն Ավետիսյանի միջեւ ճանապարհը չզիջելու շուրջ կոնֆլիկտ է եղել: Տղամարդիկ հայհոյել են միմյանց: Ավելի ուշ Աթանեսյանը մեքենայից հանել է զենքը եւ ցանկացել է կրակել Ստյոպա Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն նրա ընկերը` Բաբկենը, թույլ չի տվել: Տղաներն այդ ժամանակ թողել, գնացել են, իսկ, ահա, երեկայն՝ ուշ ժամին, երբ Ստյոպա Հովհաննիսյանը տուն է վերադարձել, շենքի բակում նկատել է, որ իրեն հետեւում են, իսկ ավելի ուշ հնչել են կրակոցները:
Պարզվում է, որ Բաբկենն ու Ռուբիկը ստեղծված կոնֆլիկտից հետո չեն հանդարտվել, գնացել, մի լավ պատրաստվել են եւ, ըստ էության, որոշել են Ստյոպա Հովհաննիսյանի հարցերը վերջնականապես լուծել: Մեզ հասած տեղեկություններով՝ Ստյոպա Հովհաննիսյանին հետեւած եւ շենքի բակում կրակած տղաները հենց Ռուբենն ու Բաբկենն են եղել, որոնք էլ օգոստոսի 11-ին ներկայացել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչություն, պատմել եղելությունը եւ դեռ ավելին՝ հանձնել զենքը: Ի դեպ, մեզ հաջողվեց պարզել, որ տղաների հետ է եղել նաեւ Ագարակ քաղաքի բնակիչ Հովհաննես Հովհաննիսյանը:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ձերբակալված անձինք Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թիմակիցներն են, ավելին՝ Հովհաննես Հովհաննիսյանը Ագարակի քաղաքապետարանի հաշվապահի որդին է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ագարակի քաղաքապետը՝ Մխիթար Զաքարյանը, անդրադառնալով իր թիմակիցների ձերբակալմանը, ասաց. «Ամբողջ Ագարակն էլ իմ թիմակիցներն են: Այս տղաները որեւէ հարազատական կապ չունեն իր հետ, անգամ մի բաժակ սուրճ խմած չկամ այդ մարդկանց հետ: Միայն ճանաչում եմ, որ ագարակցի երիտասարդներ են, իսկ կոնկրետ Հովհաննիսյանի մայրը մեր աշխատակազմում է աշխատում»:
Ըստ քաղաքապետի` քննություն է գնում, եւ իր խորին համոզմամբ Հովհաննիսյանն այս գործի հետ կապ չունի: Անդրադառնալով տուժող կողմի վստահեցումներին, որ սա իր կազմակերպածն է, քաղաքապետը վստահեցրեց, թե դա հիմարություն է, եւ ինքը հետամուտ է լինելու, որպեսզի իրական մեղավորները պատժվեն. «Ես ոնց կարող եմ իմ ժողովրդի աչքերին նայել, հիմա այլ բան ասել, ու հետո այլ բան պարզվի»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՈՒԳԱՆՔՆ ՈՒ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԱՀԱԶԱՆԳԸ
Արարատի մարզի Այգեստան համայնքում լարված իրավիճակ է: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը հայտնեց, որ մանկապարտեզին անհիմն տուգանքի են ենթարկել, եւ իրենք չեն պատրաստվում վճարել:
Պարզվում է, որ 2011 թվականից Այգեստանի համայնքում մեկ մանկապարտեզ է գործում, որտեղ հաճախում են հարեւան գյուղի 30 երեխա: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղապետը հայտնեց, որ օրեր առաջ ՀՀ ԱՆ առողջապահության պետական տեսչության Արարատի մարզային կենտրոնի պետ Սոնյա Մամիկոնյանը, ինչպես նաեւ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի գխավոր մասնագետ Հակոբ Գրիգորյանը տուգանել են տարածքի միակ մանկապարտեզին:
«Մանկապարտեզը գտնվում է գյուղապետարանի ենթակայության տակ, եւ մեր բյուջեի 50%-ը ծախսվում է հենց մանկապարտեզի վրա, որովհետեւ ունեմ մեկ երազանք` տեսնել ակտիվ, խելացի, կիրթ սերունդ: Բայց արի ու տես, որ որոշ մարդիկ հոգով այնքան են շեղված, որ ձվի մեջ անգամ փորձում են մազ ման գալ: Ուրեմն ՀՀ ԱՆ առողջապահության պետական տեսչության Արարատի մարզային կենտրոնի պետ Սոնյա Մամիկոնյանը գալիս ու մի քանի փոքր թերությունների համար՝ թե՛ ծորակ չկա, թե՛ ջուր չկա մանկապարտեզին, տուգանում է 40 հազար դրամի չափով: Դա մեզ համար մեծ գումար է»:
Սա էլ դեռ քիչ չէ, ըստ Սոկրետ Հովսեփյանի՝ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ, տեսուչ Հակոբ Գրիգորյանն էլ իր հերթին է տուգանքի ենթարկել մանկապարտեզին. «Գրիգորյանն էլ 100 հազար դրամ տուգանել է մանկապարտեզում դեռատիզացիա եւ դեզինֆեկցիա չանելու համար: Խնդրում եմ՝ այցելեք մեր մանկապարտեզ եւ տեսեք, թե ինչ պայմաններ են մեր մանկապարտեզում, մի՞թե սա արդար է: Ինչեւէ, այս ամենից հետո՝ որպես համայնքի ղեկավար, կապ եմ հաստատել Հակոբյանի հետ եւ փորձել եմ հասկանալ, թե ինչու է տուգանել մանկապարտեզին, նա պարզապես պատասխանել է` ես մեղավոր չեմ»:
Ինչեւէ, համայնքի ղեկավար Հովսեփյանը վստահեցրեց, որ չի վճարելու տուգանքները. «Թող ուր ուզում են՝ դիմեն, դատի տան: Ես դատի չեմ տալիս, քանի որ, լինելով նախկին դատախազ, անգամ չեմ կարողանում իմ իրավունքները պաշտպանել»:
Տեսուչների այս պահվածքն առնվազն տարօրինակ է, քանի որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ Կառավարության հուլիսի 23-ի նիստում հայտարարեց, որ պետք է տեսչական ստուգումները հնարավորինս դադարեցնել՝ թողնելով դրանք միայն ծայրահեղ դեպքերում: Հետաքրքիր է՝ այս դեպքում որքանո՞վ էր հրատապ մանկապարտեզին տուգանելը, երբ գյուղապետը շարունակ պնդում է, որ ապօրինի տուգանքներ են գրվել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՀԱՆՎԵԼ Է
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ առաջադրված մեղադրանքների մի մասը հանվել է ենթադրյալ հանցագործությունների վաղեմության ժամկետը լրանալու հիմքով: Այս մասին ասված է Շվեդիայի դատախազության հրապարակած տեղեկատվության մեջ:
«Ցավով հայտնում ենք, որ այդ գործերով հետաքննությունը չի ավարտվի, քանի որ մենք հնարավորություն չենք ունեցել հարցաքննել կասկածյալին»,-հայտարարել է դատախազ Մարիաննա Նյուն:

 

ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՆԵՐԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ
Ընտանիքով Ադրբեջան փախած Գեւորգյանների գործով դատավարությունը երեկ` օգոստոսի 13-ին, մեկնարկել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում: Ըստ մեղադրական եզրակացության՝ Եղիշե Գեւորգյանը 2010թ. հունվարի 10-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, կնոջ` Ռուզաննա Մարդանյանի եւ 3 անչափահաս երեխաների հետ «Երազ» մակնիշի ավտոմեքենայով բարձր արագության տակ մուտք է գործել Երասխավան գյուղի տարածքում գտնվող զորամասի մարտական հենակետի տարածք: Չենթարկվելով սահմանապահ զինվորների կանգ առնելու պահանջին, նրանց կողմից արձակած կրակահերթին՝ Եղիշե Գեւորգյանը շարունակել է բարձր արագությամբ շարժվել եւ հատել է հայ-ադրբեջանական սահմանը: Գեւորգյանին եւ նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԿՏԱՆ
Օգոստոսի 3-ին «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ն դիմել էր ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայություն՝ Իրաքից Հայաստան եկած եզդի փախստականներին կարգավիճակ տրամադրելու հարցով։ Օգոստոսի 12-ին ծառայությունը պատասխանել է կազմակերպության ներկայացրած դիմումին: «Օգոստոսի 13-ին եւ 20-ին նրանց հրավիրել են հարցազրույցի»,- նշել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Համլետ Սմոյանը։ Հայաստան եկած 19 փախստականները (3 ընտանիք) բնակվում են Արմավիրի մարզի Արաքս գյուղում։

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Երեւանում կորած 17-ամյա աղջնակը հայտնաբերվել է: NEWS.am-ի տեղեկացմամբ` Մարիամ Մ.-ն հայտնաբերվել է նախօրեին, նա ողջ-առողջ է: Աղջիկը հարազատներին եւ իրավապահներին հայտնել է, թե գնացել է զբոսնելու, այնուհետեւ գնացել է հորաքրոջ տուն:

 

ԱՐՑԱԽԻ «ԲԱԶԵՆԵՐԸ»
Oգոստոսի 14-20-ին Արցախի Տող գյուղում անցկացվելու է «Համաբուհական բանակում 2015» ուսանողական հավաքը: Այն նպատակ ունի միավորել Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի բուհերի ուսանողներին եւ ստեղծել անմիջական շփման հնարավորություն: Ուսանողական հավաքին մասնակցում են 100-ից ավել ուսանողներ: Մասնակիցներից կազմված թիմերը ներգրավվելու են 5 ջոկատների կազմում, յուրաքանչյուրում՝ 20 ուսանող, որոնք կկրեն Արցախի հինգ մելիքությունների՝ Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի անվանումները:




Լրահոս